Լսու՞մ ես՝ ինչպե՜ս է աղմկում փորիկդ, հը՜մ, հաստատ քաղցած է: Ուրեմն քեզ նորից օգնության կգան ձեռքերդ ու դուք միասին կպատրաստեք ահա այսպիսի համո՜վ ճուտիկ:
Անհրաժեշտ են՝
Հացի մեկ շերտ
Աղի ձողիկներ
Գազար
Ձու
Ինչպե՞ս պատրաստել՝
-Ձուն խաշել, առանձնացնել դեղնուցն ու մի լավ ճզմել:
-Հացի շերտից պետք է կտրել ճուտիկի գլխիկը, մարմինն ու թևիկները:
-Դնել դրանք մատուցվող ափսեի մեջ՝ հերթականությամբ. վերևում՝ գլխիկը, ապա՝ մարմինը, իսկ մարմնի երկու կողմերում՝ թևիկները:
-Այս գեղեցիկ հացերի վրա զգուշությամբ պետք է լցնել ձուն:
-Աղի ձողիկները մանրացնել ու դնել ճուտիկի մարմնի անմիջապես ներքևում՝ իբրև բույն:
-Ձվի սպիտակուցից պատրաստել ճուտիկի աչուկները:
-Իսկ կտուցն ու տոտիկները կարող ես հեշտությամբ պատրաստել գազարից:
Դե ինչ, շտապի՛ր հանգստացնել փորիկիդ…
Անի Ավագյան