Գիտեմ, որ շատ-շա՜տ երկար ես սպասել նոր մանկական ֆիլմերի: Ես էլ քեզ պես անչափ շատ եմ սիրում ֆիլմեր դիտել, միայն թե որևէ ֆիլմ քեզ ներկայացնելուց առաջ շա՜տ երկար ու կարևոր ընտրություն եմ անում: Ես ուզում եմ, որ այն ֆիլմը, որը կդիտես, լինի անչափ հետաքրքիր, բարի և քեզ շատ ու շատ կարևոր բաներ սովորեցնի:
Եվ ահա, քեզ հուսախաբ չեմ անելու: Հրաշալի ու շա՜տ հուզիչ մի ֆիլմ եմ քեզ ներկայացնում: Այն կոչվում է «Փոքրիկ արքայադուստրը»: Փոքրիկ Սառան անսահման վառ երևակայություն ունի: Սիրելի հայրիկի հետ նա ապրում է հիասքանչ Հնդկաստանում ու վայելում իր անհոգ մանկությունը: Այստեղ նա իրեն իսկական արքայադուստր է զգում և անչափ տխրում է՝ իմանալով, որ իր զինվորական հայրիկը ստիպված է պատերազմ մեկնել: Իսկ ահա Սառային ուղարկում են խիստ ու մռայլ գիշերօթիկ դպրոց, որի տնօրենը Սառայի հարուստ երևակայությունը համարում է անիմաստ դատարկաբանություն և ստիպում է ենթարկվել գիշերօթիկ դպրոցի խիստ կանոններին:
Բայց Սառան երբեք չէր հուսահատվում, որովհետև գիտեր՝ իր հայրիկի համանր ինքը միշտ էլ իսկական արքայադուստր է մնալու: Համարձակությունը, բարությունն ու մեծ երևակայությունը օգնում են Սառային հաղթահարել բոլոր դժվարույթունները և օգնել այն մարդկանց, ովքեր իր կողքին են, չէ՞ որ նա իսկական արքայադուստր էր:
Դե իսկ հիմա ժամանակ մի կորցրու և սկսիր դիտել ֆիլմը: Եվ չմոռանաս կիսվել քո տպավորություններով: Անհամբեր սպասում եմ: