ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 2-ՐԴ


2 shares
Մհերը և Ահրիմանի դարպասները

Մհերը և Ահրիմանի դարպասները - Մաս 2-րդ
 Գլուխ 2-րդ

ՀԱՅՐԻԿԻ ՍԵՆԱԿԸ

Տղաները մտան Մհերի հայրիկի սենյակ, որը  լուսավորվում էր նույնպիսի պատուհանով, ինչպիսին Մհերի սենյակում էր: Անկյունում գրասեղանն էր՝ բազմաթիվ թղթերով ծածկված: Գրասեղանի վրա Մհերը տեսավ իր լուսաննկարը. այդ նկարում նա երեք տարեկան էր: Սենյակը շատ փոքրիկ էր, այնտեղ հազիվ տեղավորվել էին գրասեղանն ու փոքրիկ պահարանը՝ գրքերով ու թղթերով լցված: Պատերին փակցված էին բազմաթիվ քարտեզներ: Դրանց մեջ կային այն քարտեզները, որոնք իրենք տեսել էին աշխարհագրության դասաժամին: Բայց Մհերը նաև տեսավ երկու քարտեզ՝ իրար կողքի փակցրած. դրանք նման էին հին ծովահենական քարտեզների: Դրանց վրա նշված տեղանուններն անծանոթ էին Մհերին՝  տարօրինակ անվանումներ: Այդ ընթացքում Հայկը ուսումնասիրում էր գրասեղանի վրայի թղթերը:

Մհերը նայում էր պահարանի վրայի գրքերը, երբ լսեց Հայկի ձայնը.

-Գտա…Գտա…

-Ի՞նչ գտար,- հարցրեց Մհերը

-Տե՛ս, ես թղթերն էի նայում, սա էլ մի քանի թղթի տակ էր, տե՛ս, ի՞նչ է գրված:

Մհերը վերցրեց թուղթը, որի վրա գրված էր`«Հետևիր քարտեզին և կգտնես…» գրվածի տակ մի քանի գիծ էր սկզբնակետում դուռ էր նկարած, իսկ վերջում արկղ հիշեցնող ինչ-որ բան:

-Սպասի՛ր, եթե մտածենք, որ սա հենց այս սենյակի դուռն է, ապա կարելի է ենթադրել, որ սենյակում կա արկղ, որը մենք կարող ենք գտնել … Մենք պետք է հետևենք քարտեզին… Քեզ հետաքրքիր չէ՞, թե ինչ արկղ է սա…

-Ես համոզված եմ, որ ոչ մի արկղ էլ չկա,- անտարբեր ասաց Մհերը:

Բայց Հայկն արդեն չէր լսում ընկերոջը, նա կանգնեց դռան մոտ և սկսեց հետևել քարտեզին, սկզբում նա անցավ պահարանի մոտով, հետո երեք քայլ գնաց դեպի պատուհանը, հետո թեքվեց դեպի գրասեղանը և հինգ քայլ արեց դեպի պահարանի մյուս կողմը, հինգերորդ քայլի ժամանակ մի ոտնատեղի չափով բացվեց հատակը և Հայկը քիչ էր մնում ընկնի…

Մհերը զարմացած բարձրացրեց հատակից առանձնացած հատվածը և ներքևում տեսավ փայտե, գեղեցիկ փորագրություններով երկար արկղ:

-Դե բացի՛ր,- անհաբերությամբ ասաց Հայկը:

Վերջապես նա փորձեց բացել արկղը, բայց տեսավ, որ այն ոչ մի կողմից բացվելու տեղ չունի, անգամ կողպեք չկա  վրան:

-Այ քեզ առեղծված,- ասաց Հայկը:

-Երևի արկղը դատարկ է, և սա հերթական խաղն է …

-Մհե՛ր, ինձ արդեն թվում է, որ դու չես ուզում իմանալ, թե ինչ գաղտնիք է ունեցել հայրդ,- բարկացած ասաց Հայկը:

-Ի՞նչ ես առաջարկում,- Հայկից ավելի բարկացած ասաց Մհերը` հասկանալով, որ Հայկը ճիշտ է:

– Առաջարկում եմ գոնե փորձել այն բացել:

  -Ինչպե՞ս բացեմ, Հա՛յկ, միգուցե ձեռքս սահեցնեմ առեղծվածային արկղի նախշերի վրայով և այն ինքնիրեն կբացվի,- ծաղրանքով ասաց Մհերն ու ցուցամատերը սահեցրեց արկղի երկու ծայրերի ալիքաձև նախշերի վրայով:

Մի քանի վայրկյան անց արկղի կափարիչը սահեց առաջ, և այն կիսով չափ բացվեց: Այս ամենն այնքան արագ տեղի ունեցավ, որ տղաներից ոչ մեկը չհասցրեց նկատել մյուսի զարմանքից սառած հայացքը: Մհերը ձեռքով ետ տարավ սպիտակ կտորը, որով ծածկված էր այն ամենը, ինչ կար արկղի ներսում. դրանք էին գրեթե շոկոլադի գույն ունեցող և հաստատ շատ հին մի քարտեզ, սև կաշվե կազմով նոթատետր, որ միայն վերջին երեք էջերն էին ազատ: Կար նաև ապակե փոքրիկ սրվակով վարդագույն ինչ-որ հեղուկ, սրվակի բերանը շատ ամուր փակած էր, իսկ հեղուկի մեջ ասես սպիտակ ճառագայթներ էին հայտնվում և անհետանում:

Այս ամենը շատ տարօրինակ էր, բայց ամենազարմանալին դեռ առջևում էր. այս բոլոր իրերի տակ` արկղի ներքևում, Մհերը տեսավ իր տեսած բոլոր թրերից ամենագեղեցիկը. այն ուներ աննկարագրելի գեղեցիկ պատյան, որը զարդարված էր կարմիր և կապույտ քարերով: Տղաները այսքան ժամանակ ոչ մի ձայն չէին հանել: Նրանք այնքան զարմացած էին այն ամենով, ինչ տեսան, որ կորցրել էին խոսելու ունակությունը: Մհերը վերցրեց թուրը և հանեց այն պատյանից: Զարմանքից աչքերն ավելի լայն բացեց. թուրն այնպես էր շողարձակում, որ թվում էր, թե արևը մտել է այդ փոքրիկ սենյակի մեջ: Պատյանից հանելուց հետո թուրն ավելի երկար թվաց: Վերջապես Հայկը ապշանքից սկսեց գոռալ.

-Տեսա՞ր…Դու տեսա՞ր…Մհեր… Դու տեսա՞ր թուրը…

-Իսկական հրաշք,- ասաց Մհերն ու պատյանով թուրը մեկնեց Հայկին:

-Նայի՛ր, ի՜նչ սիրուն է… Տեսնես՝ ու՞մն է…

-Ո՞նց թե ումն է… Իհարկե քոնը… Այսինքն քո հայրիկինն է, դու էլ նրա ժառանգն ես …

Մհերը չէր հագենում թրի հրաշալի պատյանին նայելուց: Նա չէր կարողանում հավատալ, որ իր ձեռքերում նման բան կա` թուր, որի պատյանը աշխարհի ամենագեղեցիկն էր հաստատ , իսկ հենց թուրը շողարձակում է այնպես, ասես հազարավոր արևներ հավաքվել են մի տեղում:

-Հա՛յկ, սա նորից պետք է իր տեղում դնել,- ասաց Մհերն ու բոլոր իրերը հերթով սկսեց տեղավորել արկղի մեջ…

-Հա, բայց արկղը կտանես քո սենյակ…

Մհերը հասկանում էր, որ դա այնքան էլ ազնիվ քայլ չէ, բայց շատ էր ուզում տեսնել, թե ինչ է գրված այն սև կազմով նոթատետրի մեջ և շատ էր ուզում ուսումնասիրել հին քարտեզը: Նա ամեն ինչ խնամքով դասավորեց, վրայից էլ քաշեց սպիտակ կտորը, ծածկեց արկղն ու տարավ այն իր սենյակ:

Տղաները դեռ երկար պետք է հիշեին կատարվածն ու քննարկեին այն, բայց արդեն ուշ էր, և Հայկը պետք է տուն գնար: Նրանք բաժանվեցին` պայմանով, որ վաղը դպրոցում Մհերն ամեն ինչ կպատմի Հայկին: Առաջիկա գիշերն անքուն էր երկուսի համար էլ: Հայկը դեռ երբեք այսպիսի անհամբերությամբ չէր սպասել, թե երբ է գնալու դպրոց, նա ողջ գիշեր պատկերացնում էր, թե ընկերն ինչ հետաքրքիր նորություններ է պատմելու իրեն, իսկ Մհերը ողջ գիշեր ուսումնասիրում էր հոր նոթատետրը, որ առաջին էջում կրկին քարտեզ էր, իսկ դրան հաջորդող երկու էջերում տարօրինակ ու հաճախ անհասկանալի գրառումներ:

Շարունակելի…

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 1-ԻՆ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 3-ՐԴ

Անի Մաղաքյան


Like it? Share with your friends!

2 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։