ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 6-ՐԴ


1 share
Մհերը և Ահրիմանի դարպասները

Գլուխ 6-րդ

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ ԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ

Մհերն ու Հայկը չհասցրեցին հասկանալ, թե ինչ կատարվեց: Նրանց թվաց, թե իրենք հողմապտույտի մեջ ընկան, բայց դա մի քանի վայրկյան տևեց: Երբ ուշքի եկան, արդեն կանգնած էին ամբողջովին սպիտակ դահլիճի կենտրոնում: Դահլիճը շրջապատված էր բարձր քանդակազարդ սյուներով և նրանց վրայով վեր էին բարձրանում լիաններ հիշեցնող, մանր տերևներով բույսեր: Սյուները բարձրանալով մխրճվում էին ամպերի մեջ: Դահլիճը շատ գեղեցիկ էր, բայց առաջինը, ինչ նկատեցին տղաները, հենց իրենց դիմաց գտնվող սպիտակ գահն էր: Մհերն ուզում էր ավելի մոտիկից տեսնել այն և շարժվեց դեպի գահը, նույն պահին սպիտակ դահլիճը, ասես, կորցրեց հավասարակշռությունն ու սկսեց անկանոն օրորվել:

-Մի՛ շարժվիր,-ասաց Անահիտը,- սա վեհագույն խորհրդի դահլիճն է և այն անշարժ է լինում միայն այն ժամանակ, երբ բոլոր աստվածները ներկա են լինում: Նրանք շուտով կգան, Արամազդը գիտի, որ մենք արդեն այստեղ ենք:

Անահիտը հանեց իր թիկնոցը և այն նրա ձեռքերում ասես փոքրիկ սև ամպի կտոր  դարձավ ու անհետացավ:

-Դեռ չեմ հարմարվում այս հրաշքներին, հավատս չի գալիս,- Մհերի ականջին շշնջաց Հայկը:

Մհերը չհասցրեց որևէ պատասխան տալ ընկերոջը: Բարձր դղրդյուն,  իսկ հետո ոտնաձայներ լսվեցին: Շուտով մեծ գահի դիմաց երևաց սպիտակ, ոսկեզօծ ծայրերով թիկնոցով, սպիտակ հագուստով, սպիտակ մազերով ու մորուսով մի մարդ: Նրա ձեռքին երկար գավազան էր՝ ծայրին ոսկեգույն գունդ, որի մեջ թվում էր կայծակներ են փայլփլում: Մարդը շատ բարձրահասակ թվաց տղաներին, Անահիտը մոտեցավ նրան և ասաց.

-Ես բերեցի նրանց, Արամազդ, Մհերը պատրաստ է կատարել իր առաքելությունը:

Շուտով դահլիճի տարբեր կողմերից ներս մտան գրեթե միատեսակ հագուստով չորս կին և չորս տղամարդ, նրանք կանգնեցին սյուների մոտ և նրանց բոլորի կողքին ամպից բազկաթոռներ հայտնվեցին:

-Նստե՛ք բոլորդ իմ դուստրեր և որդիներ,- թավ ձայնով ասաց Արամազդը և բոլորը նստեցին: Արամազդը անթարթ նայում էր Մհերին: Մհերը դրանից իրեն այնքան էլ լավ չէր զգում, նրան թվում էր, թե ինչ-որ մեկը ներխուժել է իր գլխի մեջ:

Մի քանի վայրկյան լռություն տիրեց: Արամազդը հայացքը հառեց դեպի Հայկը, այնուհետև սկսեց խոսել:

-Մհե՛ր, քո մեջ շատ քաջություն եմ տեսնում, թեև ինքդ էլ չգիտես, թե ինչ է սպասվում քեզ: Հա՛յկ, քո այստեղ լինելը պատահականության արդյունք է, չես հավատում աչքիդ տեսածին: Ձեզ երկար ու դժվար ճանապարհ է սպասվում, որպեսզի ուղղեք այն, ինչ արել եք: Հա՛յկ, դու քաջ տղա ես, եթե որոշել ես ընկերոջդ կողքին լինել, բայց եթե ցանկություն հայտնես, ես կանեմ այնպես, որ դու հենց հիմա ետ գնաս և մոռանաս կատարվածի մասին:

Մհերը փորձեց զսպել անհանգստությունը: Եթե Հայկը որոշեր հեռանալ, ինքը մենակ կմնար և դժվար թե քաջությունը բավարարեր միայնակ անցնելու ողջ ճանապարհը: Բայց Հայկը երկար սպասեցնել չտվեց և առանց մտածելու ասաց.

-Կատարվածում իմ մեղավորությունն էլ կա, և ես Մհերին մենակ չեմ թողնի:

-Հրաշալի է,- ասաց Արամազդը,- հիմա ժամանակն է ներկայացնել ձեզ իմ զավակներին: Անահիտին դուք արդեն գիտեք, Միհրը բարության և արդարամտության հովանավորն է:

Մհերը և Ահրիմանի դարպասները

Արամազդի խոսքերի հետ Միհրը կանգնեց և խոնարհվեց աստվածային խորհրդի հյուրերին:

-Տիրը գիտության հովանավորն է,- նույն կերպ խոնարհվեց նաև Տիրը:

-Աստղիկը Սիրո և գեղեցկության Աստվածուհին է, Վահագնը՝ ամպրոպի և կայծակի տիրակալն է, Վանատուրը՝ հյուրընկալության հովանավորն է, Նանեն՝ իմ փոքր դուստրը հովանավորում է ողջախոհությունը… Ծովինարը օվկիանոսների տիրուհին է և անձրևաբեր Աստվածուհին, հիմա դուք ճանաչում եք բոլորիս…

Արամազդը դեռ չէր վերջացրել իր միտքը, երբ դահլիճ մտավ, ավելի ճիշտ՝ շնչակտուր ներս ընկավ կարճահասակ, գանգուր մազերով ու կլորիկ դեմքով մեկը: Ներս վազեց և հազիվ շնչառությունը հավաքելով ասաց.

-Ես եկա…եկա , արդեն եկա Մեծն Արամազդ, ես ուշացա… Բայց արդեն այստեղ եմ…

Այսքանը նա ասաց շատ արագ և գրավեց բոլորի ուշադրությունը: Բոլորի դեմքին մեղմ ժպիտ էր հայտնվել, իսկ Արամազդը նայում էր նորեկին խստությամբ:

-Դու ընդհատեցիր ինձ, Առոն,- ասաց Արամազդն ու հայացքով ցույց տվեց տղաների կողմը: Առոնը նայեց նրանց և ավելի շփոթվեց:

-Ներեցեք, ներեցեք… Ես ուշացա, ես չէի ուզում խանգարել, բայց ես դեռ թռչել չգիտեմ, իսկ հրաշքներ գործել ինձ թույլ չեն տալիս, այդ պատճառով , ես…

-Առոն, թույլ տուր նախ ներկայացնել քեզ Մհերին և Հայկին:

Մհերը և Հայկը այս ողջ ընթացքում մի բառ անգամ չէին արտաբերել, կատարվածը այնքան անհասկանալի և անհավանական էր, որ Մհերին թվում էր՝ շուտով կարթնանա և կտեսնի, որ այս ամենը երազ էր, բայց այդ երազը, չգիտես ինչու, շատ երկար էր տևում:

-Առոնը իմ հավատարիմ բանբերն է, այսուհետ նա կլինի քո պահապանը, Մհեր, բոլոր դժվար իրավիճակներում, ամեն անգամ, երբ դու օգնության կարիք զգաս, նա կլինի քո կողքին:

-Ինձ համար անսպասելի էր, ես դա մեծ պատիվ եմ համարում, Մեծն Արամազդ,- շփոթմունքից շիկնած ասաց Առոնը և խոնարհվեց նախ Արամազդին, հետո՝ Մհերին:

Արամազդը շարունակեց խոսել.

-Մհե՛ր, դու արդեն գիտես, որ պետք է մարտի բռնվես Ահրիմանի ուժն իրենց մեջ կրող հինգ գազանների հետ: Դու պետք է հաղթես նրանց բոլորին հերթով: Նրանցից ամենքի մեջ պահված է հաջորդի ուժը, սպանելով մեկին՝ դու կթուլացնես մյուսներին, իսկ վերջում Ահրիմանը կդառնա այնքան խոցելի, որ դու կկարողանաս նաև նրան հաղթել:

-Մի՞թե անհարժեշտ է այս երեխաներին ուղարկել կռվելու այդ գազանների դեմ,- վրդովված ասաց Վահագնը,- ես ինքս կարող եմ գնալ և մեկընդմիշտ լուծել այս հարցը:

-Ոչ, Վահա՛գն, սա Մհերի մարտն է, այս մարտը կարող է հաղթել միայն նա, ով բացել է դարպասները, և դա Մհերն է,- ասաց Արամազդը:

-Եկե՛ք ողջամիտ լինենք,- միջամտեց Նանեն,- նրանք երեխաներ են, որոնք չգիտեն անգամ ինչ է սպասվում իրենց, արդյո՞ք խելամիտ է նրանց հանձնարարել այս պատասխանատու գործը:

-Նանե՛, դստրիկս, ես անսահման  քաջություն եմ տեսնում Մհերի մեջ, և հավատում եմ, որ նա կկարողանա հաղթահարել բոլոր խոչընդոտները և մենք միշտ նրա կողքին կլինենք, մենք դատարկաձեռն չենք ուղարկում նրան Ահրիմանի դեմ մենամարտելու: Մհե՛ր, դու վերցրե՞լ ես քեզ հետ հայրիկիդ իրերը:

Մհերը արագ բացեց իր դպրոցական պայուսակը, որի մեջ էր դրել հոր սենյակում գտած արկղը, հանեց այն և մեկնեց Արամազդին:

-Բացի՛ր արկղը,-ասաց Անահիտը:

Մհերը սահեցրեց մատները արկղի նախշաքանդակների վրայով և բացեց այն:

Առաջինը երևաց թուրը:

-Սա ես եմ հայրիկիդ նվիրել,-ասաց Վահագնը՝ վերցնելով թուրը,- այն քեզ կօգնի հաղթել ամենաահարկու հրեշներին միայն մեկ հարվածով: Նրա մեջ է ամփոփված ամպրոպի ուժն ու կայծակի արագությունը: Օգտագործի՛ր այն միայն չարի դեմ, որովհետև եթե սուրը թաթախվի անմեղ արյամբ, այն իր ողջ ուժը կշրջի դեպի իր տերը:

-Ես այս սուրը կհանեմ իր պատյանից միայն չարիքի դեմ,- ասաց Մհերը

-Երբ մենք հանդիպեցինք քո հայրիկի հետ,- Մհերին մոտենալով ասաց Նանե աստվածուհին,- ես նրան նվիրեցի այս թուրմը, որը նրան կօգներ վերադառնալ իր աշխարհ: Սա ողջամտության թուրմ է: Երբ բարկությունը, հուսահատությունն ու անորոշությունը պատեն քո միտքն ու սիրտը, բավական է մի փոքր կում անել այս թուրմից և դու նորից կլցվես վճռականությամբ և ցանկացած իրավիճակից ճիշտ ելք կգտնես, բայց դու չպետք է չարաշահես այն, որովհետև ողջամտության թուրմը կարող է խելագարության հասցնել, եթե դու այն ամեն առիթով օգտագործես:

-Ես կդիմանամ ամեն փորձության և միայն ամենադժվար պահին կդիմեմ թուրմի օգնությանը,- ասաց Մհերը, Նանեն ձեռքը սահեցրեց Մհերի գլխով և ժպտաց նրան: Այդ ժպիտը Մհերի մեջ մեծ վճռականություն ու քաջություն արթնացրեց, նրան մի պահ թվաց, թե իրեն Մարին է ժպտում, այնքան հաճելի ու մեղմ: Միայն Մարիի ժպիտը կարող էր նրան այդքան քաջություն տալ:

Մհերը պայուսակից հանեց վերջին իրը՝ խնամքով ծալված հին քարտեզը:

-Սրա մասին քեզ կպատմի Վանատուրը,- ասաց Նանեն:

Վանատուրը բարձրահասակ, շիկահեր երիտասարդ էր: Նա վերցրեց քարտեզն ու ասաց.

-Այս քարտեզը, Մհեր, քեզ ցանկացած վայրից կբերի այնտեղ, որտեղ ուզես, բայց ամենակարևորն այն է, որ քարտեզը քեզ միշտ ցույց կտա դեպի տուն տանող բոլոր ուղիները, երբ դու մոլորվես: Պարզապես պետք է ձեռքդ դնես քարտեզի վրա և ասես այն վայրի անունը, ուր ցանկանում ես գնալ և քարտեզի վրա կնշմարվի ամենակարճ ճանապարհը:

-Ես հուսով եմ, որ չեմ մոլորվի և քարտեզը կօգտագործեմ միայն ետ դառնալու համար,- ասաց Մհերը:

Արամազդը մոտեցավ Մհերին և ասաց.

-Հիմա դու արդեն գիտես, թե ինչպես օգտագործել այն ամենը, ինչը աստվածները նվիրել են հայրիկիդ: Ես նույնպես ուզում եմ քեզ մի նվեր անել,- Արամազդը բացեց ձեռքը և նրա ափի մեջ ամպի փոքրիկ կտոր հայտնվեց, մի քանի վայրկյան անց ամպը ցրվեց և Արամազդի ձեռքում մետաղե լայն թևնոց երևաց:

-Սա ի՞նչ է,- հարցրեց Մհերը՝ հայացքը թևնոցից չկտրելով:

-Դու սա կկրես քո թևին, Մհե՛ր, և այն պահին, երբ դու պաշտպանության կարիք կզգաս, այս մետաղե թևնոցը կդառնա վահան, որը կպաշտպանի քեզ թշնամու հարվածից:

Մհերը կրեց թևնոցն ու շնորհակալություն հայնեց Արամազդին նվերի համար:

-Ես կանեմ այն ամենը, ինչ կախված կլինի ինձանից, բայց ես չգիտեմ՝ ինչից սկսել,-ասաց Մհերը

-Դուք պետք է գնաք այն նույն տեղը, որտեղից բացեցիք Ահրիմանի դարպասները և ներս մտնեք: Հետո կհանդիպեք առաջին գազանին՝ հսկայական օձին,- ասաց Անահիտը:

-Բայց մինչ մենք կանցնենք այդ միջանցքով, մինչ կպայքարենք այդ Ահրումարի դեմ, շատ ժամանակ կանցնի և մեր հարազատները կնկատեն մեր բացակայությունը,- ասաց Հայկը:

-Առո՛ն, այստեղ կանչիր Արեգին,-ասաց Արամազդը՝ իր գահին տեղավորվելով:

Մի քանի րոպե անց Առոնի հետ ներս մտավ հրակարմիր, գանգուր, եկար մազերով մի պատանի, նրանից ջերմություն էր գալիս և սյուներին փաթաթված բույսերի տերևները ձգվեցին դեպի նա:

-Ողջո՜ւյն Մեծն Արամազդ,- ասաց պատանին խոնարհվելով:

-Ողջո՛ւյն Արեգ, ծանոթացի՛ր Մհերի և Հայկի հետ, նա է բացել Ահրիմանի դարպասները:

Արեգը նայեց տղաներին և նախատելով ասաց.

-Չի կարելի այդքան անխոհեմ գտնվել, տղանե՛ր:

-Սպասի՛ր Արեգ, մի՛ շտապիր նախատել նրանց, տղաները պետք է գնան Ահրիմանի դեմ մենամարտի և անհրաժեշտ է, որ ժամանակը մեր օգտին աշխատի, դու Արևի տիրակալն ես, լույս օրվա պահապանը, կարո՞ղ ես օգնել մեզ,- ասաց Անահիտը:

-Ես կարող եմ վեց ժամով երկարեցնել լույս օրը, և դա անել այնպես, որպեսզի մահկանացուները չզգան, բայց դա շատ վտանգավոր է, եթե տղաները սահմանված ժամանակին չվերադառնան, նրանք ստիպված կլինեն մեկ հավերժություն թափառել անորոշ ժամանակների մեջ:

-Մենք ուրիշ ելք չունենք, ստիպված ենք ընդունել այդ պայմանը,- ասաց Մհերը:

-Դուք կունենաք մեկ ամբողջ լույս օր, այսինքն 12 երկրային ժամ, ձեր առաքելությունը կատարելու համար, և երբ վերադառնաք անցած կլինի միայն վեց երկրային ժամը,- ասաց Արեգը,- ժամանակի հաշվարկը կսկսվի այն նույն պահից, երբ դուք կմտնեք Ահրիմանի միջանցք:

-Կարծում եմ պետք չէ ժամանակ կորցնել,- ասաց Արամազդը,- ժամանակն է, որ դուք ճանապարհ ընկնեք, Անահիտը կուղեկցի ձեզ:

Մհերը, Հայկը և Առոնը կանգնեցին Անահիտի թիկնոցի տակ և մի քանի վայրկյան անց նրանք արդեն Երևանի մարդաշատ փողոցներից մեկում էին:

Շարունակելի…

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 1-ԻՆ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 2-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 3-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 4-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 5-ՐԴ

Անի Մաղաքյան


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։