ԼԵԳԵՆԴԱՐ ՄԱՐԻՈ ԵՎ ԼՈՒԻՋԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ


1 share
Մարիո և լուիջի

Բոլոր երեխաներն էլ մի օր մեծանում են, բայց այն խաղերը, որոնք սիրում էին, երբ փոքրիկ էին, երբեք չեն մոռանում: Կարող ես վստահ լինել, հիմա աշխարհում հազարավոր մեծահասակներ նստած են համակարգչի առջև ու խաղում են իտալացի սանտեխնիկի՝ Մարիոյի խաղը, ամենահանրահայտ խաղերից մեկը: Մարիոն այսօր էլ պահպանում է իր դիրքերը որպես ողջ աշխարհի ամենաճանաչված համակարգչային հերոս:

1990թվականին Մարիոն ճանաչվել է ամենահայտնի կերպարը՝ առաջ անցնելով անգամ Միկի Մաուսից: Եվ թեկուզ ժամանակակից գերհզոր համակարգչային հերոսները ամեն կերպ փորձում են փոքրիկ սանտեխնիկին «թոշակի» ուղարկել, Մարիոն դեռ չի պատրաստվում հանձնվել:

Այսօր նա արդեն 30 տարեկան է, համակարգիչների էկրաններին նա առաջին անգամ հայտնվեց  1981թ.-ին, Donkey Kong խաղում: Մարիոն «Նինթենդո» ընկերության դիզայներ Շիգերու Միյամոտոյի երևակայության արդյունքն էր: Այդպես հերոսին անվանակոչեցին ի պատիվ Մարիո Սեգալի, այն մարդու, ում տարածքը վարձակալում էր «Նինթենդոն», և ով պարբերաբար բարձրացնում էր վարձակալման գինը: Մարիոն սկզբում դեռ սանտեխնիկ չէր, այլ մի ցմփորիկ հյուսն: Բայց նույնպիսի գլխարկ էր կրում:

Պատճառն այն էր, որ այդ տարիներին համակարգիչները դեռ մազեր չէին կարողանում ճիշտ պատկերել: Տեխնիկական դժվարությունների պատճառով չպատկերվեց նաև Մարիոյի բերանը, և փոխարենը հայտնվեցին երկար բեղերը: Եվ հենց կարմիր կոմբինեզոնն ու սպիտակ ձեռնոցները կարող էին լավ երևալ էկրանից ու ընդգծել Մարիոյի շարժումները: Ահա թե ինչպես Մարիոն գտավ իր կերպարը:

Mario Luigi

Donkey Kong խաղում նա երկրորդական դերում էր հանդես գալիս, բայց շատ շուտով «Նինթենդո» ընկերության աշխատակիցները առանձին խաղ ստեղծեցին Մարիոյի մասնակցությամբ: Շատ շուտով Մարիոն այդ ընկերության խորհրդանիշը դարձավ, և թողարկվեց ավելի քան 200 խաղ, անգամ հատուկ մուլտշոու նրա մասին: Մարիոյի խաղերը շատ տարբեր են՝ գլուխկոտրուկներից ու սպորտային խաղերից մինչև խաղարկային և մարտական խաղեր:

Մարիոն երբեմն նաև խոսում է, ու նրան հնչյունավորում է Շարլ Մարիտինեն: Նրա հիմնական մասնագիտությունը սանտեխնիկն է, բայց Մարիոն իր կյանքի ընթացքում հասցրել է հադես գալ նաև որպես բժիշկ (Dr. Mario), շինարար (Wrecking Crew), մատուցող (Yoshi), նկարիչ (Mario Paint) և, իհարկե, որպես սպորտսմեն:

Մարիոն ապրում է Սնկերի թագավորությունում և միշտ փրկում է արքայադուստր Դեղձին, որին փորձում է փախցնել Բոուզեր արքան: Մարիոյի բնավորությունն այնքան էլ վառ չի դրսևորված: Պատճառն այն է, որ խաղի ստեղծողները հնարավորություն են տալիս խաղացողին հենց իրեն պատկերացնել Մարիոյի դերում: Բայց պարզ է, որ նա քաջ է ու ընկերասեր: Նաև սիրում է համեղ ուտել, նրա արտահայտություններից են. «Ի՞նչ: Ընդամենը մեկ պի՞ցցա» («What? Only one pizza?»), «Փրկել սպագետտին» («Save the spaghetti!»): Ինչպես նաև խաղերից մեկում նա գնում է արքայադուստր Դեղձին այցելության միայն նրա պատրաստած տորթը համտեսելու համար:

Այն խաղերում, երբ Մարիոն դեռ երեխա է, նույնպիսի բնավորություն ունի, քաջ է ու ընկերասեր, չնայած երբեմն տզտզում է: Իսկ նրա կրտսեր եղբայրը՝ Լուիջին, իսկական լացկան է: Լուիջիին ստեղծեցին որպես օգնական Մարիոյին, և վերջինից սկզբում նա արտաքնապես տարբերվում էր միայն կանաչ կոմբինեզոնով: Հետո որոշ խաղերում նա սկսեց հանդես գալ որպես գլխավոր հերոս (Mario Is Missing!, Luigi’s Mansion). Լուիջին ավելի վախկոտ է, քան Մարիոն, բայց երբեմն հաղթահարում է իր վախերն ու քաջություն դրսևորում: Նա նաև շատ ուրախ ու ընկերասեր է:

Երկու եղբայրները լրացնում են միմյանց և նրանց մասնակցությամբ ոչ միայն համակարգչային խաղեր, այլև գեղարվեստական ֆիլմեր են ստեղծվում («Մարիո սուպերեղբայրները»-1993):

Նրանք գրանցվել են նաև Գինեսի ռեկորդների գրքում, որովհետև նրանց մասնակցությամբ խաղերը դարձել են ամենավաճառվողներն ամբողջ աշխարհում:

Անահիտ Ալեքսանյան

 


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։