«ԴԴՄԻ ՕՐ» ՄՐՑՈՒՅԹ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ


Ddmi orՆոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ Երեւանի կենդանաբանական այգում կանցկացվի մրցույթ «Դդմի օր» խորագրով: Միջոցառմանն աջակցում է հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Աշնանային տոն-մրցույթին թիմերով կարող են մասնակցել 5-15 տարեկան երեխաները: Պատանի խոհարարներին հնարավորություն կտրվի դդմի, այլ մրգերի ու բանջարեղենի ստեղծարար համադրությամբ պատրաստել ախորժաբեր ուտեստներ, հյուրասիրել իրենց սիրելի կենդանիներին և համալրել նրանց սննդակարգի և կենսակերպի վերաբերյալ իրենց գիտելիքները:

Սահմանվել է մրցութային երեք անվանակարգ. «Ամենանորարար ձևավորում», «Lավագույն գաղափար» և «Ամենահամեղ ուտեստ»: Մրցույթին մասնակցությունը ենթադրում է մի քանի պարտադիր կանոնների պահպանում: Այսպես՝ կենդանիների անվտանգությունը երաշխավորելու համար, փաթեթավորված սնունդ բերելը, ինչպես նաև ատամնաչոփերի, այլ սուր և ծակող պարագաների, թղթի, պլաստիկ նյութերի օգտագործումն արգելվում է:

Թեև մրցույթին կարող են մասնակցել միայն նախապես հայտ ներկայացրած խմբերը` կենդանաբանական այգու մուտքն անվճար կլինի մինչև 16 տարեկան երեխաների և 70-ն անց թոշակառուների համար: Երեխաները կարող են շփվել կենդանիների հետ, մասնակցել խաղերի, հեծանիվի խաղարկության և պարզապես վայելել ջերմ ու հաճելի մթնոլորտը:

«Դդմի օր» մրցույթը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի բնապահպանական կրթության նախագծի մի մասն է, որի նպատակը կենդանիների ու շրջակա միջավայրի հանդեպ  երեխաների շրջանում պատասխանատու վերաբերմունք ձևավորելն է:

Մասնակցության հայտը կարող եք գտնել այստեղ: Այն հարկավոր է լրացնել և ուղարկել [email protected] հասցեով մինչև նոյեմբերի 14-ը:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։