1. Հերթով բացվող ամեն էջում
Շատ գիտելիք դու կգտնես,
Ամեն անցնող տարվա վերջում
Գրադարան այն կհանձնես:
2. Կտոր, թելեր, թուղթ թե տեսնի,
Կկտրատի, կմասնատի:
3. Խորամանկ է հեքիաթներում,
Ում հանդիպում, անվերջ խաբում:
4. Ծնվում է ցամաքում,
Ապրում է օդում,
Ձայն է հանում ու թռչում,
Ոչ կենդանի է, ոչ թռչուն:
5. Ով է տեսել այսպես թռչուն,
Թևեր ունի, բայց չի թռչում:
6. Պարանի պես երկար է,
Ձկների բնակավայր է,
Գնում է առանց դադարի,
Գարունն եկավ, կվարարի:
7. Աքլորի գործն ինքն է անում,
Առավոտյան վաղ արթնացնում:
8. Ծաղիկների թագուհին է,
Եվ շատ սիրուն, և փշոտ է:
9. Տանը դրված այդ արկղիկում
Լիքը մարդ է տեղավորվում,
Մեկը երգում, մեկը պարում,
Մյուսը թարմ լուրեր է կարդում:
10. Օդում կախված հսկա բամբակ,
Փափուկ, սիրուն ու սպիտակ:
Ընկերներով թե հավաքվեն,
Վարար անձրև մեզ կբերեն:
11. Երկնքում անթիվ, անհամար են,
Փայլուն, բարձր ու անմար են:
12. Այդքան երկիր մի թղթում
Տեսնես ոնց է տեղավորվում:
13. Իրար կպած երկու պատուհան
Իրերն ավելի պարզ ցույց կտան:
14. Տիկ-տակ, տիկ-տակ, չեն հոգնում,
Գնում-գնում, կանգ չեն առնում:
15. Ողջ երկնքում նա միակն է,
Դեղին, կլոր, սկավառակ է:
ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ: դասագիրք, մկրատ, աղվես, ինքնաթիռ, ջայլամ, գետ, զարթուցիչ, վարդ, հեռուստացույց, ամպ, աստղեր, քարտեզ, ակնոց, ժամացույցի սլաքներ, արեգակ:
Էջը վարում է Մարիաննա Ասրյանը