ՅԱՆՈՒՇ ԿՈՐՉԱԿԻ 10 ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ


127 shares

Յանուշ Կորչակը հայտնի լեհ մանկավարժ է, բժիշկ, գրող և հասարակական գործիչ: Նա երեք անգամ գիտակցաբար հրաժարվել է փրկել իր կյանքը: Առաջին անգամ դա տեղի ունեցավ, երբ Յանուշը որոշեց չարտագաղթել Պաղեստին՝ Լեհաստանի օկուպացիայից անմիջապես առաջ: Նա այդպես արեց, որովհետև չէր ուզում իր «Որբերի տունը» թողնել բախտի քմահաճույքին:

Երկրորդ անգամ նա հրաժարվեց կյանքի ուղեգրից, երբ չուզեցավ փախչել վարշավյան Գետտոյից: Երրորդ անգամը արդեն Երկրորդ աշխարհամարտի վերջում էր, երբ նացիստները որոշեցին սպանել «Որբերի տան» բոլոր բնակիչներին: Երբ որբերին ու որբանոցի անձնակազմին գնացք էին նստացնում, որը պետք է տեղափոխեր նրանց մահվան ճամբար, Յանուշին մոտեցավ մի սպա, ով ճանաչել էր մեծ մանկավարժին ու ասաց.

– Այդ դո՞ւք եք գրել «Մատիուշ արքան»: Ես կարդացել եմ ձեր գիրքը երեխա ժամանակ, և այն իմ դուրը շատ էր եկել: Դուք ազատ եք:

– Իսկ երեխանե՞րը:

– Երեխաները կշարունակեն ճանապարհը, բայց դուք կարող եք լքել վագոնը:

– Սխալվում եք, չեմ կարող, ոչ բոլոր մարդիկ են սրիկա:

Յանուշ Կորչակը զոհվեց Տրեբլինկայի գազային խցիկներում 200 երեխայի հետ ու իր կենդանի հիշատակով ապացուցեց, որ մանկավարժը մասնագիտություն չէ, այլ կյանքի իմաստ ու կոչում է:

Սրանք Յանուշ Կորչակի մանկավարժական 10 «պատվիրաններն» են, որոնք հիանալի օգնություն են երեխաների դաստիարակության հարցում մանկավարժների և ծնողների համար:

  1. Մի՛ ակնկալիր, որ երեխադ կլինի այնպիսին, ինչպիսին դու ես կամ ինչպիսին դու ուզում ես: Օգնի՛ր նրան դառնալ ոչ թե քեզ նման, այլ՝ իր:
  2. Մի՛ պահանջիր երեխայից վարձահատույց լինել ամեն ինչի համար, ինչ դու տվել ես նրան: Դու կյանք ես տվել նրան, ինչպե՞ս կարող է նա վարձատրել քեզ: Նա կյանք կտա մեկ ուրիշի, այս ուրիշը՝ երրորդին. սա երախտագիտության անշրջելի օրենքն է:
  3. Մի՛ թափիր քո վիրավորանքները երեխայի վրա, որպեսզի ծեր տարիքում գլխիդ չտաս, քանի որ՝ ինչ ցանես, այն կհնձես:
  4. Մի՛ նայիր նրա խնդիրներին վերևից: Կյանքը յուրաքանչյուրին տրվում է իր ուժերի չափով, վստահ եղիր, որ նրա համար էլ պակաս դժվար չէ, գուցե՝ ավելի ծանր է, քանի որ նա փորձ չունի:
  5. Մի՛ նվաստացրու:
  6. Մի՛ մոռացիր, որ մարդու ամենակարևոր հանդիպումները հանդիպումներն են երեխաների հետ: Ավելի ուշադիր եղիր նրանց նկատմամբ, մենք երբեք չենք կարող իմանալ՝ ում ենք հանդիպում երեխայի մեջ:
  7. Մի՛ տանջիր ինքդ քեզ, եթե ինչ-որ բան չես կարող անել երեխայիդ համար: Տանջվիր, եթե կարող ես, բայց չես անում: Հիշիր, որ երեխայի համար բավարար արված չէ, քանի դեռ ամեն ինչ արված չէ:
  8. Երեխան բռնակալ չէ, որը տիրում է քո ողջ կյանքը, նա միայն մարմնի և արյան պտուղ չէ: Նա այն թանկ սափորն է, որ Կյանքը տվել է քեզ, նրա մեջ պահպանի՛ ր և զարգացրո՛ ւ ստեղծագործական կրակը: Այն մոր ու հոր ազատագրված սերն է. պետք է աճեցնել ոչ թե սեփական երեխան, այլ՝ պահ տրված հոգին:
  9. Կարողացի՛ր սիրել ուրիշի երեխային: Երբեք ուրիշին մի՛ արա այն, ինչը չես ուզենա, որ անեն քո երեխային:
  10. Սիրի՛ր քո երեխային ինչպիսին որ կա` անտաղանդ, ձախորդ, հասուն: Ուրախացիր, երբ շփվում ես նրա հետ, քանի որ երեխան տոն է, քանի դեռ քեզ հետ է:

Like it? Share with your friends!

127 shares

Մեկնաբանել

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։