ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԻՐ ԹՈՌՆԻԿԻՆ

1 min


Եթե ես խորհուրդ տալու լինեի իմ թոռնիկին, ում անունը ևս Արմեն է, ես կասեի՝ սիրելի՛ Արմեն, ես չեմ պատրաստվում քեզ խորհուրդ տալ դառնալ բժիշկ, իրավաբան կամ ֆերմեր։ Ես նախ և առաջ խորհուրդ կտամ նայել քո ներսը, հասկանալ, թե ով ես դու, քանի որ ցանկացած երեխա ի ծնե ունի տաղանդ։ Մեկը տաղանդավոր է մաթեմատիկայի, մյուսը` երաժշտության, արհեստի, պատմելու, քաղաքականության, մեկն էլ` ուրիշներին լսելու, գուցե նրանց խորհուրդներ տալու գործում։

Խնդիրը ոչ թե այն է, թե ինչ դառնալ, այլ` հասկանալ, թե ով ես դու։

Երկրորդը, որը խորհուրդ կտամ Արմենին, հետևյալն է՝ գտի՛ր քո կյանքի առաքելությունը։ Եթե դու տաղանդավոր ես երաժշտության մեջ, դու պետք է ունենաս առաքելություն՝ դառնալու, օրինակ, լավագույն ջութակահարը։ Գտի՛ր քո կյանքի առաքելությունը, այլ ոչ թե աշխատանքը։ Այն առաքելությունը, որը քո կյանքի տարերքն է։ Դա քո մի մասն է, և այդ երկուսը պետք է ներդաշնակության մեջ լինեն մեկը մյուսի հետ։

Երրորդը՝ մտածի՛ր քո կյանքի մասին 21-րդ դարում, մտածի՛ր քո կյանքի մասին՝ որպես ստարտափի։ Դու պետք է ստեղծես քո սեփական ստարտափը, որը կոչվում է «Ստարտափ Արմեն»։ Կերտի՛ր ինքդ քեզ՝ որպես պրոֆեսիոնալ, մեկը, ով ունի ստեղծելու կարողություն։ Իհարկե, մի՛ մոռացիր, որ դա դժվարին աշխատանք է. պետք է ջանասիրաբար գործես: Մի՛ մոռացիր, որ կան պատմական արժեքներ՝ քո ժողովրդի ու ընտանիքի արժեքները: Մի՛ մոռացիր, որ որևէ բանի հասնելու համար պետք է ողջ կյանքում երիտասարդ մնաս։

Հիշի՛ր, որ երիտասարդ լինելը կապված չէ այս մոլորակում անցկացրած տարիների հետ. այն հոգու երիտասարդության հետ է կապված։ Եթե ամեն օր որևէ նոր բան սովորես, ինչպես մանուկները, ապա դու կլինես երիտասարդ։

Իհարկե, քո կյանքում ունենալու ես դժվարություններ, սակայն պետք է լինես խիզախ։ Քո հաջողությանը հաջորդող ամեն եկող օրվա հետ դու պետք է ապացուցես, որ արժանի ես նրան, ինչին հասել ես։ Ամեն նոր օր ձախողումից, հիասթափությունից հետո դեպրեսիայի առիթ չպետք է լինի։ Պարզապես կանգնի՛ր ու կրկին քայլի՛ր։

Դու քո առջև ունես հրաշալի մի կյանք և այս նոր աշխարհը, որը քվանտային է։ Մի՛ անհանգստացիր, մի՛ վախեցիր, ինչպես չվախեցան գիտնականները հարյուր տարի առաջ։

Նայի՛ր քո կյանքին, 21-րդ դարին, ինդուստրիային, բիզնեսին ու քաղաքականությանը նորարարի տեսանկյունից:


Մոծակ