ՉԱՐ ՏՆԱԿԻ ՀԵՔԻԱԹԸ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ


45 shares

Լինում է չի լինում մի տնակ։ Փոքրիկ ու սիրուն։ Նա ապրում էր բլուրի գագաթին ու մենակ էր։ Ու երբ շատ էր տխրում ու ձանձրանում, սկսում էր գոռոզանալ, հպարտ էր զգում իրեն, որ վերեւից է նայում չորսկողմը տարածվող անտառներին, բացատներին, գետակներին, լճակներին։ Բայց շատ հաճախ ձանձրանում էր նաեւ գոռոզանալուց։

Մի օր Տնակը նկատեց, որ Կուղբը, Նապաստակը, Արագիլն ու Կրիան ուրախ խաղում են հարեւան բացատում։ Տնակը հրապուրվեց նրանց խաղով եւ այնքան հավանեց, որ ինքն էլ ցանկացավ խաղի մասնակից լինել։ Բայց նա, ցավոք, չէր կարող իջնել բացատ․ չէ՞ որ տնակ է եւ որոշեց խաղացող ընկերներին նշան տալ, որ նրանք գան իր մոտ։ Բացեց-փակեց, բացեց-փակեց պատուհանները, մեկ էլ հոպ՝ ապակու մեջ արտացոլված արեւն ընկավ Նապաստակի աչքերին։

– Էս ո՞վ է մեզ ջղայնացնում, եկեք նայենք ով է,- առաջարկեց Նապաստակը աչքերը կկոցելով։

Առաջինը Արագիլն ու Նապաստակը հասան Տնակին՝ թռչելով ու վազելով։ Հետո հասավ Կուղբը, իսկ վերջում կրիան։

– Դու ո՞վ ես,- հարցրեց Նապաստակը։
– Ես Տնակն եմ,- պատասխանեց Տնակը։
– Իսկ քեզ ո՞վ է այստեղ կառուցել,- հարցրեց Արագիլը։
– Չգիտեմ,- ասաց տնակը։
– Իսկ դու ինչի՞ց ես կառուցված,- հարցրեց Կուղբը։
– Երազանքից,- պատասխանեց տնակը։
Կուղբը, որ շինարարության վարպետ է, զարմացավ։ Մոտեցավ տնակին, հոտոտեց ու ասաց․
– Լավ հոտ է գալիս, փայտե երազանք է։
– Իսկ դու ինչու՞ էիր արեւն իմ աչքերին գցում,- հարցրեց Նապաստակը։
– Որովհետեւ ուզում եմ ձեզ հետ խաղալ։
– Դու ո՞վ ես,- հարցրեց Կրիան, որը միայն այդ ժամանակ տեղ հասավ։

Նապաստակը նրան ամեն ինչ արագ բացատրեց եւ առաջարկեց․

– Դե եկեք բռնոցի խաղանք։ Ես բռնողն եմ։

Բոլորը համաձայնեցին ու արագավազ Նապաստակը նախ բռնեց Տնակին, հետո Կրիային, հետո Կուղբին։ Իսկ այդ ընթացքում Արագիլը թեւածում էր նրանց գլխավերեւում։ Ինչքան արագավազ ու ցատկոտ լիներ Նապաստակը, նա չէր կարող հասնել թեւածող Արագիլին։ Ի վերջո չկարողանալով բռնել նրան, Նապաստակը սկսեց բարձր լացել։ Արագիլը, որ լավ ընկեր էր, արագ դադարեց թռիչքը եւ եկավ Նապաստակի մոտ․

– Ի՞նչ է եղել Նապ,- մոտիկ գալով հարցրեց նա։
– Ես քեզ չեմ կարող բռնել, ու խաղը կպառավի,- լացակումած ասաց Նապաստանը։
– Եկել եմ, բռնիր,- ուրախ ասաց Արագիլը։
Նապաստակը ուրախացավ ու բռնեց Արագիլին։
– Հիմա Տնակն է բռնում,- ասաց նա, ու բոլորը վազեցին տարբեր ուղղություններով։

Բայց քիչ հետո Տնակը սկսեց լաց լինել․
– Բայց ինչպե՞ս կարող եմ ձեզ բռնել, չէ՞ որ ես ոչ ոտքեր ունեմ, ոչ ձեռքեր։

Նապաստակը, Կրիան, Կուղբն ու Արագիլը մտահոգվեցին։ Մտածեցին, մտածեցին տնակին առաջարկեցին բացել դռնակը, եւ իրենք բոլորը ներս կմտնեն, որպեսզի Տնակը իրեն պարտված չզգա։ Տնակը շատ ուրախացավ, այդպես էլ արեցին։ Ու երբ բոլորը տնակի ներսում էին, թռվռում էին ու ուրախանում։ Տնակին այնքան անու՜շ թվաց իր նոր ընկերների ուրախությունը, որ նա չդիմացավ, ու մի փոքրիկ պատառ կուլ տվեց այդ ուրախությունից։ Ահավոր համով էր, Տնակը կյանքում ավելի համով ոչինչ չէր կերել։

Հետո՝ ընկերները զրուցում էին, ու տարբեր հուշեր պատմում իրենց համատեղ խաղերի, ընտանիքների մասին։ Տնակին այս հուշերը նույնպես անուշ թվացին։ Նա մի փոքր պատառ էլ իր նոր ընկերների հուշերից համտես արեց։ Հուշերն ավելի համով էին, որովհետեւ պատրաստված էին սիրուց եւ հիշողությունից։

Տնակը վախով էր նայում իր նոր ընկերներին, մտածելով, թե նրանք կջղայնանան իր վրա, բայց ոչ ոք ոչինչ չէր նկատել։ Ինքն էլ ոչինչ չասաց։

Քիչ անց Կուղբը հիշեց, որ իր գնալու ժամանակն է․
– Ես պետք է փայտ բերեմ ձմեռելու համար,- ասաց նա ու բոլորին հրաժեշտ տալով հեռացավ,- գարնանը կտեսնվենք,- ասաց նա։
– Ես էլ պետք է չվեմ տաք երկրներ,- ասաց Արագիլը եւ ընկերներին հրաժեշտ տվեց՝ մինչեւ գարուն։

Նապաստակն ու Կրիան գործեր չունեին եւ մնացին։ Նրանք ուրախ զրուցում էին, Տնակն անընդհատ բորբոքում էր զրույցը, որովհետեւ Նապաստակի եւ Կրիայի ուրախությունը, հիշողությունն ու սերը չափազանց համեղ էին ու նա չէր հագենում։ Ուզում էր էլի ու էլի վայելել այդ աննման ուտեստները։

Շատ շուտով Նապաստակն ու Կրիան մոռացան, որ իրենք պետք է գնան, որովհետեւ նրանց հիշողությունը պակասել էր։ Հետո ընդհանրապես մոռացան, թե ովքեր են իրենք, որովհետեւ Տնակը դարձել էր անհագուրդ, եւ հիշողության, սիրո եւ ուրախության ամեն նորահայտ պատառ կուլ էր տալիս անմիջապես։

Շուտով անցավ ձմեռը եւ գարուն եկավ։ Արագիլը վերադառնում էր տաք երկրներից եւ տնակի տեղում մի հսկայական դղյակ տեսավ։ Դղյակը շատ գեղեցիկ էր ու նրա բակում նստած էին Նապաստակն ու Կրիան։ Մի քիչ զարմացած, բայց ավելի շատ ուրախ նա շտապեց հին ընկերներին տեսության։

– Ա՜ Արագիլ, բարով ես եկել, ներս արի, ներս արի,- շտապեց Արագիլին ողջունել Տնակը։
– Բարեւ Տնակ, այս ինչքա՜ն ես մեծացել,- ասաց Արագիլը, զարմանալով, որ Նապաստակն ու Կրիան չեն նկատում իր գալը, չեն ուրախանում իր վերադառնալուց։
– Հա, մեծացել եմ մի քիչ։ Ներս եկ, ներս եկ,- Արագիլին հրավիրում էր Տնակը։

Բայց Արագլիը չէր շտապում ներս գնալ, որովհետեւ պիտի նախ խոսեր իր հին ընկերների հետ։
– Բարեւ Նապ, բարեւ Կրիա,- նրանց մոտենալով ասաց Արագիլը։

Նապաստակն ու Կրիան լուռ էին։
– Ձեզ ի՞նչ է պատահել,- Նապաստակին ու Կրիային թափ տալով հարցրեց Արագիլը։
– Ներս արի, Արագիլ, ներս արի,- փորձում էր համոզել Տնակը։
Իսկ Նապաստակը նայելով Արագլին, հարցրեց․
– Դու ո՞վ ես։
– Ինչպես թե ով եմ․ Արագիլն եմ, քո ընկերը, Կրիա, դու է՞լ ինձ չես հիշում։
– Իսկ ես Աթոռն եմ, Դղյակի աթոռը,- պատասխանեց Նապաստակը։
– Ես էլ Սեղանն եմ,- ասաց Կրիան,- Դղյակի սեղանը։
– Դղյա՞կն ով է,- հարցրեց Արագիլը։
– Մեր տերն է,- ասացին Կրիան ու Նապաստակը Տնակին ցույց տալով, որ արդեն Դղյակ էր դարձել։

Դղյակը ջղայնացած բացում փակում էր պատուհանները, եւ Արագիլին համոզում ներս անցնել։ Արագիլը վախեցավ ու թռավ հեռու։ Ապա շտապեց իր մյուս ընկերոջ, Կուղբի մոտ, ով նոր էր դուրս եկել ձմեռանոցից եւ գարնան առաջին տաքերն էր վայելում։

Արագիլն ամեն ինչ պատմեց Կուղբին, եւ նրանք երկար քննարկում էին, թե ինչ կարող էր տեղի ունենալ։ Ի վերջո, որոշեցին գնալ Բուի մոտ եւ ամեն ինչ պատմել նրան։ Բուն ուշադիր լսեց, մի քիչ մտածեց ու ասաց․

– Կարծում եմ Տնակը կերել է Նապաստակի ու Կրիայի հիշողությունը, ուրախությունն ու սերը եւ այդպես զխտկվել, փքվել դղյակ է դարձել։

– Բա ի՞նչ անենք, բա ի՞նչ անենք,- շփոթված հարցրեց Արագիլը։
– Չգիտեմ,- տխուր պատասխանեց Բուն։
– Ես գիտեմ,- հանկարծ ասաց Կուղբը եւ շարունակեց,- ատամներս ձմեռվա ընթացում լավ էլ աճել են․ես կկրծեմ Դղյակի սյուները, եւ Նապաստակի ու Կրիայի հիշողությունը, սերն ու ուրախությունը կվերադառնան։
– Լավ մտածեցիր,- ասաց Բուն,- դա հաստատ կօգնի։

Երեքով շտապեցին դեպի Տնակ-Դղյակը։ Եւ Կուղբը նրան տեսնելով հասկացավ, որ մենակ գլուխ չի հանի։
– Արագիլ, թռիր եւ մերոնց բոլորին կանչիր,- ասաց Կուղբը։

Տնակ-Դղյակն արդեն հասկացել էր, թե ինչ է կատարվում։ Նա շրխկացնում էր իր դռներն ու պատուհանները, իսկ Նապաստակն ու Կրիան ոչինչ չէին հասկանում։ Ի վերջո հեռվում երեւաց Կուղբի ազգականների հոծ բանակը։ Երբ նրանք տեղ հասան, Կուղբը նրանց բացատրեց ամեն ինչ եւ սկսեցին կրծել Դղյակի սյուները եւ դա անում էին դրսից, որովհետեւ հասկացել էին, որ դղյակը իրենց հիշողությունը, սերն ու ուրախությունն էլ կուտի, եթե ներս մտնեն։

Ի վերջո, սյուները չդիմացան կուղբերի ատամների տակ եւ Դղյակի աշտարակները տապալվեցին հերթով։ Սկզբից տապալվեց այն աշտարակը, որ կառուցվել էր Նապաստակի եւ Կրիայի ուրախության շաղախից․ շատ գեղեցիկ աշտարակ էր։ Հետո տապալվեց Նապաստակի ու Կրիայի սիրո շաղախից կառուցված հոյակերտ աշտարակը։ Վերջում արդեն հիշողության շաղախից կառուցված աշտարակը փլուզվեց։ Մի մեծ փոշու ամպ բարձրացավ, եւ Արագլիլը սկզբից շատ ափսոսաց, որ նման գեղեցիկ աշտարակների փլուզման պատճառ դարձավ։ Մեկ էլ փոշու միջից լսվեց Նապաստակի եւ Կրիայի փռշտոցների ձայնը։ Էնքան հաճախ եւ էնքան ծիծաղելի էին փռշտում, որ Կուղբերն ու Արագլիլը սկսեցին անզուսպ քրքջալ։ Ու երբ փոշին անցավ, Նապաստակը նայեց Արագլիլին ու հարցրեց․
– Ես էի՞ բռնում, թե՞ դու։

Նապաստակն ու Կրիան այսպիսով ետ ստացան իրենց հիշողությունը, սերն ու ուրախությունը։ Արագլին ու Կուղբը նրանց պատմեցին ողջ ճշմարտությունը իրենց հետ տեղի ունեցածի մասին։

Իսկ Տնակը սկսեց աղիողորմ լաց լինել եւ ներում հայցել։ Նապաստակը, Կուղբը, Կրիան ու Արագիլը ներեցին նրան, բայց այլեւս չէին ուզում ընկերություն անել։

Իսկ Տնակը մինչեւ հիմա լացում է, ամոթից ու մեղքի զգացումից։ Եւ բլուրի գագաթից երկու աղի գետակ է հոսում դեպի բացատներ։

Նիկոլ Փաշինյան


Like it? Share with your friends!

45 shares

Մեկնաբանել

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։