10 shares

Մատիտները, գրիչները, գրենական մանր պիտույքները միշտ պետք է ձեռքի տակ լինեն՝ գրասեղանի վրա: Իսկ ինչ անել, որ դրանք լինեն կոկիկ դասավորված ու նաև տրամադրություն բարձրացնեն: Ուրախ ու զվարճալի մինիոնները պատրաստ են նաև այս հարցում օգտակար լինել:

Առաջարկում ենք այսպիսի հմայիչ գրչամաններ պատրաստել՝ ամենասովորական իրերի օգնությամբ, որը հնարավոր է գտնել բոլորիս տանը:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ

  • Սոսինձ
  • Ապակյա տարա
  • Դեղին, կապույտ, սպիտակ, մոխրագույն և սև թուղթ
  • Մկրատ
  • Մարկեր

Եթե թղթերը լինեն փափուկ ու էլաստիկ, ապա ավելի հաճելի մակերևույթով գրչաման կստացվի: Սակայն եթե ձեռքի տակ սովորական գունավոր թղթեր են, կարող եք օգտագործել նաև դրանք:

Եվ այսպես, սկսենք:

ՔԱՅԼ 1

Համոզվեք, որ դեղին թղթի բարձրությունը համապատասխանում է ձեր ապակյա տարային: Փաթաթեք դեղին թուղթը տարայի շուրջը և ծայրերը սոսնձեք իրար:

ՔԱՅԼ 2

Վերցրեք կապույտ թուղթը և տարայի բարձրության 1/2-ի չափով մի երիզ կտրեք: Մեջտեղի հատվածում երկու կողմերից շեղաձև կտրեք թուղթը: Սա կլինի մեր մինիոն-գրչամանի տաբատը: Կապույտ թղթի ավելացած կտորից մի կիսաշրջան կտրեք. դա էլ կլինի տաբատի գրպանը:

Տաբատի համար նախատեսված թուղթը փաթաթեք տարայի շուրջը և սոսնձեք, իսկ մեջտեղում ամրացրեք նաև գրպանը:

ՔԱՅԼ 3

Մոխրագույն թղթից մի օղակ կտրեք: Որպեսզի այն ավելի ամուր ու ընդգծված լինի, երկշերտ արեք, ներքևի շերտը թող լինի դեղին թղթից: Սոսնձեք օղակներն իրար: Ապա նույն չափով մի շրջան կտրեք սպիտակ թղթից և սոսնձեք օղակի ներքևում: Ինչպես հասկացաք, սա մեր մինիոնի միակ աչքն է:

Մինչև այն տարայի վրա փակցնելը սև թղթից մի բարակ երիզ կտրեք ու նախ այդ սև երիզը սոսնձեք տարային՝ դրա շուրջը փաթաթելով: Իսկ հետո կենտրոնում սոսնձեք աչքը:

ՔԱՅԼ 4

Հիմա մանրուքների մասին հոգ տանելու ժամանակն է: Սև մարկերով նկարում ենք մինիոնի աչքը, իսկ տաբատի վրա փոքրիկ գծեր անելով՝ նկարում ենք կարերն ու կոճակները:

Իհարկե, եթե ուզում եք, որ ձեր մինիոնը երկու աչք ունենա, կարող եք կտրատել երկու շրջանակ մոխրագույն ու սպիտակ թղթերից:

Դե ինչ, մինիոն-գրչամանը պատրաստ է: Մնում է նրա համար հարմար մի անկյուն գտնել սեղանի վրա ու մեջը տեղավորել մատիտներն ու գրիչները:

 


Like it? Share with your friends!

10 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։