ՀԵՔԻԱԹ «ՄԻՋԱՏՆԵՐԻ ՏՈՆԸ»


63 shares

Վաղո՜ւց, շա՜տ վաղուց այգում բնակվող բոլոր միջատներն ունեին նույն գույնը. բոլորը գորշագույն էին ու միանման: Նրանց միմյանցից տարբերելը շատ դժվար էր: Միջատներն իրենք էլ դժգոհ էին իրենց կյանքից, քանի որ այդ գորշ գույնից ու միանմանությունից հոգնել էին, ձանձրացել, կորցրել հետաքրքրությունը միմյանց նկատմամբ: Ու մի օր որոշեցին փոխվել:

Յուրաքանչյուր միջատ ինքը պետք է ստեղծեր իր հագուստի ձևն ու գույնը և դրանով ներկայանար: Եվ որպեսզի անկարգ ու անկանոն չլիներ այդ ամենը՝ պայմանավորվեցին, որ լինի ներկայացման մեկ միասնական օր և այդ օրվա անունը դրեցին Տոնօր: Տոնօրը պետք է լիներ ուղիղ մեկ շաբաթ հետո և մրցանակ պետք է տրվեր ամենագեղեցիկ հագուստ ունեցող միջատին: Բոլոր միջատներն սկսեցին պատրաստվել Տոնօրվա հանդեսին: Թրթուները իրենց մարմինը պատեցին տարբեր գույների ծաղիկների ծաղկափոշով:

Երկարավուն բզեզները բարձրացան ծառերի վրա և խնդրեցին, որ ծառերի տերևները իրենց մեջքի վրա գեղեցիկ զոլեր նկարեն, իսկ կլորավուն բզեզները գնացին ալ կարմիր կակաչների մոտ, նրանց թերթիկներից թիկնոցներ կարեցին, դրանք զարդարեցին փոքրիկ սև պուտիկներով ու հագան: Տեսնելով, որ թիկնոցները շատ գեղեցիկ են ստացվել և այդ թիկնոցներով իրենք ամենահետաքրքիր բզեզներն են լինելու՝ ուրախությունից բացականչեցին.

-Մենք բոլորից կզանազանվենք, ոչ ոք մեզ նման չի լինի: Մենք զատիկներ ենք:

Այդ ընթացքում թիթեռնիկները թռան գնացին երկու բլուրների միջև բնակվող ծիածանի մոտ և խնդրեցին, որ ծիածանը իր գույնզգույն մետաքսե ժապավեններից թևիկներ պատրաստի ու հագցնի իրենց: Եվ քանի որ ծիածանը շատ բարի էր՝ կատարեց թիթեռնիկների ցանկությունը: Նա բոլորի համար պատրաստեց բազմագույն թևիկներ, դրանց վրա նկարեց անկրկնելի նախշեր ու ճանապարհեց դեպի այգի:

Սակայն ալարկոտ սարդերը և տզզան ճանճերը ոչինչ չարեցին ու մնացին գորշ ու տգեղ:

Երբ Տոնօրվա հանդեսը սկսվեց՝ զարմանքից ու հիացմունքից ծափահարեցին այգու ծառերի ու թփերի տերևները, այգու բոլոր ծաղիկներն ու խոտաբույսերը: Գեղեցիկ էին փափկամարմին բազմագույն թրթուռները, գեղեցիկ էին սև պուտավոր ալ կարմիր թիկնոցներով զատիկները, բայց ամենից հմայիչն ու գեղեցիկը թիթեռնիկներն էին: Օ՜, նրանց զարդանախշերով շղարշե թևիկները հիացրեցին բոլորին: Հենց թիթեռնիկներն էլ արժանացան մրցանակի: Ալարկոտ սարդերն ու տզզան ճանճերը նախանձելուց տանջվում էին:

Այդ օրվանից անցել են շատ ու շատ տարիներ: Սակայն փափկամազ գույնզգույն թրթուռները, զոլավոր ու պուտավոր բզեզները, գեղեցկության մրցույթի հաղթողներ թիթեռները մինչև օրս շարունակում են կրել Տոնօրվա հանդեսի հագուստները և ամեն տարի նշում են հանդեսի օրը որպես միջատների գեղեցկության տոնական օր:

Հեքիաթ կրտսեր տարիքի երեխաների համար

Զեմֆիրա Սարգսյան


Like it? Share with your friends!

63 shares

Մեկնաբանել

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։