Ես իրոք հույս ունեի, որ այս խաղալիքը մեր հարևան Ռուբիկ ձյաձյան էր պատրաստել, ու տանջվում էի, շուռումուռ տալիս … Հետո մի քիչ էլ մեծացա ու իմացա, որ Ռուբիկը կարող է ոչ միայն անուն լինել, այլև ազգանուն, այն էլ հունգարացու ազգանուն….
Էռնո Ռուբիկը Բուդապեշտ քաղաքի Կիրառական արվեստների ակադեմիայի դասախոս էր և իր ուսանողներին մի օր հերթական առաջադրանքը տվեց՝ ահա այսպիսի գլուխկոտրուկի տեսքով:
Ռուբիկի կուբիկն անմիջապես բոլորին դուր եկավ: Խաղալիքը սկսեցին արտադրել և փոքր ծավալով այն վաճառքի հանվեց: Եվ շատ շուտով այս խաղալիքը հայտնվեց բոլորի՝ դպրոցականների, տնային տնտեսուհիների, թոշակառուների ու պրոֆեսորների ձեռքին, ամբողջ աշխարհում յուրաքանչյուր 8-րդ մարդ փորձում էր լուծել այս գլուխկոտրուկը: Այն սկսեց համարվել Նոր տարվա և ծննդյան տոների ամենալավ նվերը: Ռուբիկ-կուբիկով նաև կաշառք էին տալիս բարձրաստիճան պաշտոնյաներին, իհարկե, միայն լիցենզավորված կուբիկներով 🙂 Իսկ որոշ երկրների ռեստորաններում էլ մենյուի հետ նաև Ռուբիկ-կուբիկ էին բերում 🙂
Բոլորն էին փորձում գտնել խաղալիքի գաղտնիքը, իհարկե դա ոչ բոլորին էր հաջողվում, սկզբում տխրում էին, հետո հուսահատվում, իսկ երբեմն էլ այնպես էին բարկանում, որ ուզում էին փշուր-փշուր անել խաղալիքը: Հենց նրանց համար էլ սկսեցին վաճառվել փոքրիկ պլաստմասսե սղոցիկներ, որոնցով կարելի էր պատժել և մասնատել այդ «անհասկանալի» խաղալիքն ու դրանցից մեկ այլ բան պատրաստել:
Ռուբիկ-կուբիկը հավաքելու փորձ արեցին նաև շիմպանզե կապիկները, բայց այդպես էլ չկարողացան, նրանցից մեկը հուսահատված նույնիսկ փորձեց ուտել այն, երկրորդը կոտրեց, իսկ մյուսն էլ վանդակից դուրս նետեց այն: Ի դեպ ինքը՝ Էռնո Ռուբիկն էլ, երբ ստեղծում էր գլուխկոտրուկը, դեռ չգիտեր, թե ինչպես է այն հավաքելու, և միայն մեկ ամիս հետո կարողացավ գտնել գաղտնիքը:
Բայց շատ ու շատ մարդիկ ոչ միայն հեշտությամբ կարողանում են լուծել այս գլուխկոտրուկը, այլև Ռուբիկ-կուբիկի արագ հավաքման մրցույթներ են կազմակերպում: Գլուխկոտրուկն ամենից արագ կարողացել են լուծել բոլորովին վերջերս, ընդամենը 7 վայրկյանում: Անցկացվում են նաև Ռուբիկ-կուբիկը մեկ ձեռքով, ոտքերով և անգամ փակ աչքերով հավաքելու մրցույթներ:
Իսկ ինչ վերաբերում է հունգարացի Ռուբիկ ձյաձյային, ապա նա շատ հանգիստ ապրում է իր ընտանիքի հետ Բուդապեշտի մերձակայքում, հիմնադրել է Ռուբիկ-կուբիկի անվան ֆոնդ, որի նպատակն է աջակցել երիտասարդ գիտնականներին ու նորարարներին, չէ՞ որ 40 տարի առաջ այս խորանարդիկն իրեն օգնեց դառնալ Արևելյան Եվրոպայի ամենաառաջին միլիոնատերը…
Անահիտ Ալեքսանյան