ԱՇՈՒՆ
Հ. Հայրապետյան
Դաշտ ու այգի դեղին հագան,
Ծառ ու ծաղիկ մերկացան,
Թռչունները երամ-երամ
Մեր աշխարհից հեռացան:
Օրը մռայլ, ցուրտ ու տխուր,
Բարակ անձրև է մաղում
Մեգն է պատել դաշտ ու բոլոր,
էլ մարդ չկա դաշտերում:
Չար ագռավը ծառի վրից
Ձմռան երգն է կռկռում,
Մարդ, անասուն տուն ու բնից
Ծերուկ հյուրին են սպասում:
ԱՇՆԱՆ ՆԿԱՐ
Ն. Միքայելյան
Դեղին մատիտ առա,
Նկարեցի աշուն՝
Տերևներով առատ,
Տերևներով նախշուն:
Կարմիր մատիտ առա,
Նկարեցի աշուն՝
Խնձորներով առատ,
Ու դեղձերով նախշուն:
Կանաչ մատիտ առա,
Նկարեցի ծիլեր՝
Ու ծիլերի վրա
Ամպի ճերմակ թելեր:
Առա կապույտ մատիտ
Եվ իմ աշնան վրա
Նկարեցի չվող
Կռունկների երամ:
Ու սև գույներով հետո
Նկարեցի երկիր,
Ափսոս, որ չունեի
Ուրիշ տեսակ ներկեր:
Հազար գույնի մատիտ
Ինչպե՞ս ես ճարեի,
Որ պատկերը աշնան
Լրիվ նկարեի:
ԱՇՆԱՆ ԵՐԳԸ
Հ. Հայրապետյան
Տերևները քամու հետ
Պար են բռնել առաջ-հետ,
Խշխշում են ու երգում
Նոր զարդարված պուրակում:
-Գալդ բարի, ա՜յ աշուն:
Ի՜նչ սիրուն ես, ի՜նչ նախշուն:
Գետակը գիժ ու պղտոր
Շտապում է դեպի ձոր,
Քչքչալով ձորակում
Փրփրում է ու երգում:
-Գալդ բարի, ջա՜ն աշուն,
Ինչ սիրուն ես, ի՜նչ նախշուն:
Կռունկները կռկռան
Թևին տվին վեր թռան,
Դեպի հարավ ձգվեցին,
Կռկռացին, երգեցին: