Շախմատի վանդակավոր հանրապետությունը բաղկացած էր Սև ու Սպիտակ թագավորություններից: Յուրաքանչյուր թագավորություն ուներ իր Թագավորը, Թագուհին, պալատակեններն ու զորքը: Արդեն երկար տարիներ նրանք ապրում էին նույն հանրապետությունում, բայց դարեր շարունակ կռվում էին միմյանց դեմ, և ոչինչ չէր կարող նրանց հաշտեցնել: Լինում էին մարտեր, երբ հաղթում էր Սև թագավորությունը, լինում էր նաև հակառակը` հաղթում էր Սպիտակ թագավորությունը: Եվ այդպես շարունակ…: Հա… քիչ մնաց մոռանայի: Պետք է ասեմ, որ Սպիտակ թագավորության Թագավորն ու Թագուհին ունեին դուստր, իսկ Սև թագավորության Թագուհին ու Թագավորն ունեին որդի: Բայց Շախմատի հանրապետության օրենքի համաձայն, նրանք երբեք դուրս չէին գալիս կռվի դաշտ: Շախմատի հանրապետության ողջ պատմության ընթացքում, միայն մեկ անգամ է եղել, երբ Արքայազնն ու Արքայադուստրը հայտնվել են այնտեղ:
Ահա թե ինչպես է դա պատահել.
Մի գեղեցիկ օր Սպիտակ թագավորության Արքայադուստրը դուրս եկավ թագավորական պալատի հրաշալի պուրակ` զբոսնելու: Ինչ սքանչելի էր այդ պուրակը. այնտեղ աճում էին աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկները: Այդ ծաղիկները շատ նման էին Արքայադստերը, որովհետև նույնքան գեղեցիկ էին: Նայելով ծաղիկներին ու խոսելով գունավոր թիթեռնիկների հետ, Արքայադուստրը նստեց փոքրիկ գետակի ափին ու սկսեց ասեղնագործել: Նույն ժամանակ Սև թագավորության Արքայազնը` երկու զինվորներով` նավակով զբոսնում էր գետակի վրա: Հանկարծ նա նկատեց Սպիտակ թագավորության Արքայադստերը: Նման գեղեցիկ էակի նա երբեք չէր հանդիպել իր կյանքում: Նա հրամայեց զինվորներին թիավարել նավակը դեպի աջ ափ: Զինվորներն ասացին, որ այդ ափն իրենց թագավորության թշնամիների ափն է, որ այնտեղ չի կարելի գնալ: Բայց Արքայազնը պնդեց, որ հրամանն ի կատար ածվի: Երբ նավակը մոտեցավ ափին, Արքայադուստրը ձեռքից գցեց ասեղնագործած թաշկինակն ու ուզում էր փախչել, բայց Արքայազնն ասաց, որ պետք չէ վախենալ, որ ինքը ոչ մի վնաս չի պատճառի, պարզապես կհիանա Արքայաստեր գեղեցկությամբ ու կհեռանա: Արքայադուստրը հասկացավ, որ իրեն վնաս չի սպառնում: Նրանք ծանոթացան ու շատ տխրեցին, որ իրենց չի թույլատրվում նույնիսկ բարևել միմյանց, չէ±որ իրենք պատականում են միմյանց հետ պատերազմող թագավորություններին: Բայց երբ Արքայազնն ու Արքայադուստրը ծանոթացան ու զրուցեցին միմյանց հետ, հասկացան, որ այլևս չեն կարող ապրել առանց իրար:
Այդպես երկար ժամանակ նրանք ամեն օր հանդիպում էին գետակի ափին: Արքայազնը գալիս էր այնտեղ նավակով. նրանք զրուցում ու զբոսնում էին միասին, հետո Արքայազնը հեռանում էր, խոստանալով գալ մյուս օրը նույն ժամին:
Բայց ահա մի օր Արքայադստեր պալատից մի զինվոր տեսավ նրան Սև թագավորության Արքայազնի հետ և ամեն ինչ պատմեց Թագավորին: Որքան բարկացավ Թագավորը, երբ իմացավ այդ մասին: Նա հրամայեց փակել դստերը բարձր աշտարակում, որպեսզի նա չկարողանա հանդիպել Սև թագավորության Արքայազնի հետ:
Արդեն քանի օր է Արքայազնը գալիս էր գետափ ու չէր տեսնում իր սիրելի Արքայադստերը: Նա չգիտեր, ինչ անել:
Մի օր էլ Արքայադստերը եկան տեսակցության պուրակի թիթեռնիկները, որոնց հետ նա հաճախ զրուցում ու խաղում էր: Արքայադուստրը խնդրեց թիթեռնիկներին փոխանցել Արքայազնին, որ ինքը չի մոռացել նրան, որ բարձր աշտարակում է և ոչ մի կերպ չի կարող այնտեղից դուրս գալ: Թիթեռնիկները խոստացան, որ ամեն ինչ կանեն իրենց սիրելի Արքայադստեր համար: Եվ իսկպես` նրանք իսկույն թռան Սև թագավորություն և ամեն ինչ պատմեցին Արքայազնին: Արքայազնը սկսեց մտածել, թե ի՞նչ կարող է անել Արքայադստերն ազատելու համար:
Նույն ժամանակահատվածում երկու թագավորությունները պատրաստվում էին ահեղ մարտի: Դաշտ էին դուրս եկել փղերն ու ձիերը, ամբողջ հեծելազորը: Երկու թագավորության համար, կարծես, վերջին ու վճռաբեկ կռիվն էր լինելու:
Արքայազնը, օգտվելով այդ ամենից, իր երկու զինվոր-ընկերներով նստեց նավակ և ուղևուրվեց թշնամի թագավորություն: Գետակի ափին նրան էին սպասում թիթեռնիկները, որոնք էլ թաքուն ուղեկցեցին Արքայազնին դեպի բարձր աշտարակ:
Արքայազնին պարանների օգնությամբ հաջողվեց բարձրանալ Արքայադստեր մոտ ու ազատել նրան: Երբ նրանք դուրս եկան աշտարակից, մարտն արդեն սկսվել էր: Նրանք հասկացան, որ եկել է պահը հայտնվել կռվի դաշտում ու ասել բոլորին, որ ոչ մի թշնամանք չի խանագարի իրենց լինել միասին: Կռվի ամենաահեղ պահին նրանք եկան կռվի դաշտ: Բոլորն ապշեցին, երբ տեսան նրանց: Ողջ պատմության մեջ նման դեպք երբևէ չէր պատահել:
– Լսեք ինձ,- ասաց Արքայազնը,- մենք Արքայադստեր հետ սիրում ենք միմյանց և եկել ենք այստեղ բոլորին ասելու այդ մասին: Խնդրում եմ Ձեզ, պայծառափայլ Թագովորներ ու Թագուհիներ, թող Ձեր երեխաների սերը հաշտության պայմանագիր դառնա մեր թագավորությունների համար:
Արքայազնն այնքան հուզիչ խոսեց, որ Ձիերը ետ քաշվեցին, զինվորները վայր դրեցին իրենց զենքը, իսկ Թագուհիները նույնիսկ արտասվեցին հուզմունքից: Այդ ժամանակ Սպիտակ թագավորության Թագավորն առաջինը քայլ արեց դեպի Սև թագավորության Թագավորն ու մեկնեց նրան իր ձեռքը: Բոլորը սպասումով նայում էին, թե կմեկնի± արդյոք իր ձեռքը Սև թագավորության Թագավորը: Բայց նա առանց կարկամելու մեկնեց թշնամուն իր ձեռքն, ու կռվի դաշտը լցվեց ցնծությամբ և ուրախությամբ:
Ահա, թե ինչպես Արքայազնն ու Արքայադուստրը հայտնվեցին կռվի դաշտում: Ահա, թե ինչպես հաշտվեցին Սև ու Սպիտակ թագավորությունները: Ահա, թե ինչու են նրանք կռվում միմիայն խաղի ժամանակ: Եվ ահա, թե ինչու Շախմատում խաղը միշտ սկսում է Սպիտակ թագավորությունը:
Մանե Առաքելյան
10 տարեկան
ք. Երևան
թիվ 130 դպրոց