ՀԵՔԻԱԹ 4. «ԹԵ ԻՆՉՊԵՍ ՈՒԹՈՏՆՈՒԿԸ ՀԵՐՈՍ ԴԱՐՁԱՎ»


ութոտնուկԿար-չկար մի Ութոտնուկ կար: Նա ապրում էր օվկիանոսի եզերքում` փրփուրներից ու մամուռից կառուցված գեղեցիկ տնակի մեջ: Ապրում էր Ութնոտնուկ մայրիկի և Ութոտնուկ հայրիկի հետ: Փոքրիկ Ութոտնուկը երազում էր հերոս դառնալ և իր կյանքում գոնե մեկ անգամ հերոսական արարք գործել: Պետք է ասեմ նաև, որ Ութոտնուկը շատ չարաճճի էր: Նրանից բոլոր հարևանները գանգատվում էին: Մի օր իրենց տուն եկավ տիկին Կրիան և ասաց, որ Ութոտնուկը շատ անդաստիարակ տղա է:

-Բայց ինչու՞,- հարցրեց Ութնոտնուկ մայրիկը:

-Որովհտև ձեր տղան անընդհատ աղմկում է իմ պատուահանների տակ: Քանի անգամ խնդրեցի նրան չաղմկել, բայց նա անամոթաբար շարունակում էր աղմկել: Նա ինձ պարզապես ծաղրում է…,- հուզվելով ասաց տիկին Կրիան ու վիրավորված հեռացավ:

Ութոտնուկ մայրիկը չհասցրեց փակել դուռը, երբ ներս մտավ մյուս հարևանը` պարոն Ծովաձին ու խիստ պահանջեց Ութոտնուկի հայրիկին: Մայրիկը կանչեց ամուսնուն և կանգնեց դռան ետևում, որպեսզի լսի, թե այդ ի±նչ է ասելու իր ամուսնուն պարոն Ծովաձին: (Ութնոտնուկ մայրիկը շատ հետաքրքրասեր էր): Պարոն Ծովաձին բարևեց Ութոտնուկ հայրիկին ու ասաց.

-Ներեցեք, հարգելի հարևան, որ անհանգստացնում եմ Ձեզ, բայց այլևս ճար չունեմ: Ձեր տղան շարունակ նեղացնում է իմ փոքրիկին:

-Ի՞նչ եք ասում, հարգելիս,- մտախոհ պատասխանեց Ութոտնուկ հայրիկը,- իսկ կարելի՞ է իմանալ, թե ինչ է արել:

-Իհարկե կարելի է: Նա… նա… այնքան եմ հուզվում, որ նույնիսկ դժվարանում եմ խոսել,- ասաց պարոն Ծովաձին ու ուղղեց ակնոցը: Վերջապես հավաքեց իրեն ու ասաց.

-Ձեր տղան իմ որդուն «հիմար ձիուկ է» անվանում: Նա մոռանում է, որ մենք ծովաձիերի ազնվական տոհմից ենք, իսկ նա համեմատում է իմ հրեշտակին ցամաքում ապրող այդ գարշելի կենդանու հետ: Դա շատ վիրավորական է….

-Լավ, լավ, մի հուզվեք, հարևանս,- ասաց Ութոտնուկ հայրիկը,- ես անպայման կխոսեմ նրա հետ: Խոստանում եմ, նման բան այլևս չի կրկնվի:

Հայրիկը փակեց դուռն ու մտախոհ քայլեց դեպի ճաշասենյակ: Մայրիկը հետևեց նրան:

-Լավ, բա ի՞նչ անենք, ինչպե՞ս վարվենք,- սկսեց Ութոտնուկ մայրիկը,- Չէ±որ մենք գիտենք, որ մեր փոքրիկն այդքան վատը չէ, որքան ներկայացնում են նրան մեր հարևանները: Ես գիտեմ, իմ Ութոտնուկը բարի ու շատ նրբանկատ տղա է:

-Ըհը, ըհը,- համաձայնում էր Ութնոտնուկ հայրիկը:

– Նա նաև շատ հետաքրքրասեր ու ընթերցասեր բալիկ է,- շարունակում էր Ութոտնուկ մայրիկը,- Արի հենց հիմա գնանք նրա սենյակ, ու կտեսնես, թե ինչ գրքեր է կարդում մեր որդին:

Նրանք գնացին Ութնոտնուկի սենյակ ու ի՞նչ տեսնեն. Ութոտնուկը վերցրել էր «Երեք հրացանակիրներ» գիրքն ու իրեն պատկերացրել հայտնի դը Արտանյանի կերպարում: Ողջունում էր բոլորին, հանելով լայնեզր գլխարկը, հետո` հանում էր սուրն ու մենամարտում: Այնքան էր տարվել իր երևակայությամբ, որ նույնսիկ չէր էլ նկատել, որ ծնողները զարմացած հետևում են իրեն: Հանկարծ Ութոտնուկ հայրիկը չդիմացավ ու փռշտաց: Փոքրիկ Ութոտնուկն այնպես վախեցավ, որ ձեռքից վայր գցեց գիրքն ու ետ-ետ գնալով` ընկավ բազկաթոռի մեջ: Տեսնելով ծնողների զարմացած հայացքը, Ութոտնուկն ասաց.

-Ի՞նչ կա, որ… ինձ հրացանակիր էի պատկերացնում:

Հայրիկն ու մայրիկը երկար զրուցեցին նրա հետ, պատմելով հարևանների գանգատները: Ութոտնուկը լուռ լսեց ծնողներին ու խոստացավ այլևս ոչ ոքու անհանգստություն չպատճառել:

Հաջորդ օրը Ութոտնուկը զանգահարեց իր մտերիմ ընկերոջը` Խեցգետնիկին, ու նրանք պայմանավորվեցին հանդիպել Օվկիանոսի Կենտրոնական Պուրակի դարպասների մոտ: Որոշել էին մի լավ զբոսնել ու կառուսելներ նստել: Ութոտնուկն արդեն մոտենում էր պուրակին, երբ տարօրինակ աղմուկ լսեց: Շրջվեց ու ի±նչ տեսնի. չար Շնաձուկը բռնել էր փոքրիկ Խեցգետնիկին և ուզում էր ուտել նրան: Նրանց շուրջ բազմություն էր հավաքվել, բայց ոչ ոք չէր էլ փորձում օգնել փոքրիկին. բոլորը վախենում էին: Ութոտնուկն առանց երկար-բարակ մտածելու մոտեցավ Շնաձկանն ու աչքերի մեջ նետեց թաթիկներում պարունակող թանաքը: Շնաձուկը տեղնուտեղը մնաց ու բաց թողեց Խեցգետնիկին: Բոլորը զարմացած էին մնացել: Խեցգետնիկն, ազատվելով արդեն կուրացած Շնաձկան ճանկերից, վազեց ընկերոջ մոտ ու գրկխառնվեց նրան:

-Այ քեզ հերոս,- լսվում էր այս ու այն կողմերից:

Լուրը Օվկիանոսով մեկ տարածվեց: Օվկիանոսի բնակիչները մեծարում էին փոքրիկ Ութոտնուկին ու վեր թռցնում, ինչպես իսկական հերոսի: Դեպքի վայր եկան նաև Ութոտնուկ մայրիկն ու Ութոտնուկ հայրիկը: Նրանք հպարտանում էին իրենց փոքրիկով: Հանկարծ նրանց մոտեցան տիկին Կրիան և պարոն Ծովաձին.

-Մենք հպարտանում ենք Ձեր տղայով,- ասացին նրանք:

Հետաքրքիր է, բայց Ութոտնուկի մտքով անգամ չէր անցնում, որ հերոս դառնալու համար պետք է ընդամենը պաշտպանել մտերիմ ընկերոջը:

 Մանե Առաքելյան, 

10 տարեկան

Թիվ 130 դպրոց


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։