# 55 ՀԵՔԻԱԹ. «ԿԱՆԱՉ ԵՂԵՎՆԻՆ»


Հեքիաթ կանաչ եղևնին

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում:

Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց՝  հազիվ  մեկ և: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արեվի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն  ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց  բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

 -Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղեվնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

 Արիաննա Ադամյան

11 տարեկան

Լոռու մարզ, ք. Վանաձոր, # 1 դպրոց

Մեկնաբանել


Like it? Share with your friends!