ՍԱՀՔՈՎ ՄԱՐՇ… ՍԱՀԱԴԱՇՏ


Առաջին անգամ մարդիկ սառույցի վրա սահել են՝ երևի տեսնելով հենց առաջին սառույցը: Իսկ չմուշկը հայտնաբերել են միայն 500 տարի առաջ:  Այսօր աշխարհում լավ սահադաշտեր շատ կան: Նրանցից յուրաքանչյուրը իր այցելուների համար ձգտում է լինել ավելի հագեցած ու հետաքրքիր:

Մեծ Բրիտանիայի Սոմերսեթ հաուզ սահադաշտն, օրինակ, անվճար ըմպելիքներ է տրամադրում սահողներին ու նաև շատ միջոցառումներ ու համերգներ կազմակերպում: Մոսկվայի Կարմիր հրապարակի սահադաշտն էլ ետ չի մնում միջոցառումների հարստությամբ:

first_ice_skating

Իսկ կարող եք պատկերացնել, թե որտեղ է գտնվում Փարիզի ամենահայտնի սահադաշտը. ոչ ավել ոչ պակաս Էյֆելյան աշտարակի երկրորդ հարկում, գետնից 57 մետր բարձրության վրա: Եվ հատուկ սահադաշտի մուտքի համար վճարելու հարկ էլ չկա:  Բայց Աշխարհի ամենահայտնի սահադաշտն, իհարկե, Նյու Յորքի կենտրոնական այգու սահադաշտն է: Բավական է միայն հիշել, թե որքան Հոլիվուդյան ֆիլմերում են հերոսները հանդիպում հենց այս սահադաշտում:

Այս սահադաշտերն անկասկած պետք է այցելել, եթե հայտնվենք Մոսկվայում, Փարիզում կամ Նյու Յորքում, բայց մինչ այդ վերադառնանք մեր հայրենական արտադրանքին: Երևան քաղաքում այսօր երկու սահադաշտ է գործում: Կա սահադաշտ, կա հրաշալի սառույց, տարածություն, լավ  երաժշտություն, այսինքն`ամեն հնարավորություն: Մնում է, իհարկե, ավելացնել ցանկություն և մի փոքր էլ ազատ ժամանակ: Եվ բոլորովին կապ չունի տարիքը: Սահադաշտի այցելուները և երեխաներն են, և մեծահասակները: Եթե դու մինչեւ այժմ չես միացել նրանց, հիշիր, երբեք էլ ուշ չէ: Սահել, ինչպես և պարել կարելի է սովորել ցանկացած տարիքում:

ԻՆՉՊԵՍ Է ՀԱՐԿԱՎՈՐ ՍԱՀԵԼ

Առհասարակ, սահադաշտը ոչ միայն ժամանցի համար է հրաշալի վայր, այլև շատ օգտակար է առողջության համար: Դու ավելի շատ ես շարժվում, մաքուր օդում ես լինում, սա նպաստում է նաեւ գեղեցիկ կազմվածքի պահպանմանը, զարգացնում է կողմնորոշվելու ունակությունն ու ավելի արտահայտիչ է դարձնում քո շարժումները:

Եթե առաջին անգամ ես սահադաշտում ու վախենում ես, որ կընկնես և բոլորը կծիծաղեն քեզ վրա, կարող ես չանհանգստանալ: Սահադաշտում քեզ պես նորեկները շատ են: Բավական է ընդամենը մի քանի ժամ անցկացնել սահադաշտում, և դու արդեն կկարողանաս հեշտությամբ սահել:

Նախևառաջ քեզ հարկավոր են չմուշկներ: Եթե ունես քո անձնական չմուշկները, շատ լավ է, իսկ եթե ոչ, ուրեմն գնացինք չմուշկներ վերցնելու վարձույթից: Վերցրու հենց քո համարը, ոչ մեծ, ոչ էլ փոքր, և ամուր կապիր չմուշկների քուղերը:  Իսկ եթե որոշես հետագայում գեղասահքով զբաղվել, անպայման գնիր անձնական չմուշկներ:

Սահելու համար հագուստ ընտրելիս, վերցրու կիպ գրկող տաբատ ու վերնաշապիկ, բայց այնքան կիպ չէ, որ սահմանփակեն քո շարժումները: Քեզ հետ վերցրու նաև ձեռնոցներ. ընկնելիս դրանք կպաշտպանեն քեզ թե վնասվելուց, թե սառը սառույցից:

ice-skating

Իսկ հիմա գնացինք սահադաշտ: Եթե շատ ես վախենում, քեզ հետ վերցրու փորձառու ընկերներիցդ մեկին կամ էլ դիմիր սահադաշտի մարզիչներին. նրանք մեծ սիրով կօգնեն քեզ: Դու նաև հեշտությամբ կարող ես մոտենալ լավ սահողներից մեկին և խնդրել, որ քեզ օգնեն: Բայց դա էլ պարտադիր չէ, եթե վստահ ես քո ուժերին և լավ մարզավիճակում ես, շատ արագ ամեն ինչ կսովորես ինքնուրույն:

Ճիշտ պահիր մարմնիդ ծանրությունը, ետ մի թեքվիր ու սահիր ժամացույցի սլաքին հակառակ ուղղությամբ, որովհետև բոլորն այդպես են սահում: Հակառակ դեպքում… պատկերացրու ինքդ… Կարող ես օգտվել նաև սահադաշտի բռնակներից: Հետո, միևնույն է, դու ինքնըստինքյան բաց կթողնես դրանք: Եվ հիշիր, սահադաշտում պետք է ոչ թե քայլել սառույցի վրա, այլ սահել: Իսկ եթե ընկնես, հոգ չէ. չէ՞ որ միշտ էլ կարելի է ոտքի կանգնել և ասել ինքդ քեզ. «Կրկին փորձիր»…

Անահիտ Ալեքսանյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։