ՀԵՔԻԱԹ. ԵՐԿՈՒ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏ

1 min


Մի բարի և հարուստ մարդ կար: Նա բերքառատ և հուռթի այգի ուներ: Իսկ նրա այգեպանը էլ ավելի բարեխիղճ էր: Նա ընչաքաղց չէր և արդար ու ազնիվ ծառայում էր այգետիրոջը: Այգետերն էլ իր հերթին շատ էր սիրում այգեպանին և, քանի որ ընտանիք չուներ, նրան իր որդու պես էր վերաբերվում: Նա թուլատրում էր այգեպանին օգտվել այգուց, ըմբոշխնել այգու բարիքները: Սակայն դրանք այնքան շատ էին, որ այգետերը վաճառում էր ավելացած պտուղները, իսկ աղքատներին ուղղակի նվիրում էր:

Հարուստ բարեգործի մասին հարգանքով էին խոսում բոլոր նրանք, ովքեր օգտվում էին այգու բարիքներից և նույնիսկ նրանք, ում պետք չեր այդ օգնությունը: Դա դուր չէր գալիս քաղաքի մյուս մեծահարուստներին, որովհետև նրանք էլ էին ուզում հարգված լինել, բայց ագահ էին և ոչ ոքի չէին օգնում: Նրանք մտածեցին և որոշեցին փորձության ենթարկել այգետիրոջը:

Մի անգամ այգեպանը սովորականի պես օգնում էր տիրոջը վաճառքի և նվիրատվության գործում: Աղքատները ձրի միրգ էին ստանում և գոհ հեռանում` չմոռանալով Աստծուց երկար կյանք խնդրել այգետիրոջ համար: Մյուսները չնչին գումար էին վճարում այգետիրոջը և նույնպես գոհ հեռանում:

Հերթական այցելուն աղքատ ու հիվանդ տեսք ուներ:

-Ա՜խ, պարոն, ողջ կյանքս սոված ու անտուն թափառեցի, բայց ոչ մեկից օգնություն չստացա: Հիմա էլ հիվանդ եմ ու լքված: Ինձ մի չնչին ապրուստի միջոց չէի՞ր տա:

Այգեպանը լուռ մոտեցավ խաղողի որթատունկերին, որպեսզի խաղող տա աղքատին:

-Սպասի՛ր,- հանկարծ լսվեց տիրոջ խիստ ու հրամայական ձայնը:

Այգեպանը անակնկալի եկած նայեց այգետիրոջը: Այգետերը ուշադիր զննում էր հաճախորդներին: Նրանց մեջ էլի աղքատներ կային: Նա նայեց նրանց հագուստին, հողաթափերին և նրանց մեջ արտաքին շատ չնչին  տարբերություն տեսավ միայն: Բայց երբ նա նայեց նրանց աչքերի մեջ, երբ փորձեց թափանցել նրանց հոգու խորքը, ամեն ինչ հասկացավ և տեսավ ճշմարտությունը. դիմողը մեծահարուստ էր: Մինչ աղքատը սրդողած նայում էր հողատիրոջը, հողատերը հանդարտված և արդեն մեղմ ձայնով դիմեց այգեպանին.

-Տղաս,-ասաց նա,- այս մարդուն այգու ամենալավ բարիքներից տուր և ամենաթանկ գնով:

Այգեպանը կատարեց պատվերը: Շփոթված մեծահարուստը, ըստ սովորության ձեռքը տարավ գրպանը, սակայն ցնցոտիների մեջ ոչ մի դրամ չկար:

-Ոչինչ հարկավոր չէ,- ասաց հողատերը,- դու արդեն վճարեցիր ամենաթանկ գինը` քո պատիվը: Իսկ ես, կարծում եմ, քեզ արդար ապրուստի ամենալավ միջոցը սովորեցրի` ազնվությունը, որը միշտ պետք է ուղեկցի մարդուն:

 Սոնա Բեզիրգանյան

 10 տարեկան


Մոծակ