Տարիքը – 5-10 տարեկան
Ուղղվածություն – բացասական զգացմունքներ /խանդ, վիրավորանք/ կապված փոքրիկ եղբոր կամ քրոջ հետ: Ապրումներ՝ կապված «մեծի» դերն ընդունելու հետ
Մի անտառում ապրում էր սկյուռիկների ընտանիքը՝ մայրիկը, հայրիկը և երկու երեխաները: Մեծ եղբոր անունը Տիպ էր, իսկ փոքր եղբոր անունը՝ Տոպ: Սկյուռների ընտանիքը շատ համերաշխ էր: Ծնողներն ամեն առավոտ գնում էին աշխատանքի՝ ուտելիք փնտրելու, իսկ երեխաները տանն էին մնում: Գնալուց առաջ մայրիկը միշտ ասում էր Տիպին.
– Կհետևես Տոպին: Նա դեռ շատ փոքր է, ամեն ինչ չի կարողանում անել, նրան հեշտ է նեղացնել:
«Նորից բոլորը խոսում են միայն Տիպի մասին,- մտածում էր Տիպը: Մայրիկը միայն եղբորս է սիրում: Ես էլ եմ ուզում, որ իմ մասին հոգ տանեն, սիրեն ինձ ու խաղան ինձ հետ: Իսկ մայրիկը ժամանակի մեծ մասն անցկացնում է Տոպի հետ: Ես ուզում եմ խաղալ ընկերներիս հետ, բայց պետք է անընդհատ հետևեմ փոքր եղբորս: Եթե Տոպը չլիներ, մայրիկը կզբոսներ, կխաղար միայն ինձ հետ, ինձ կբերեր համեղ ընկույզներ և քնելուց առաջ միայն ինձ համար հեքիաթ կպատմեր»:
Հերթական մի օր աշխատանքի գնալուց առաջ մայրիկն էլի ասաց Տիպին:
– Խելոք կլինես, կհետևես եղբորդ, չէ՞ որ նա դեռ շատ փոքրիկ է:
«Բավական է,- մտածեց Տիպը, չէ՞ որ ես մեղավոր չեմ, որ մեծ եմ»: Եվ Տիպը որոշեց ազատվել իր փոքրիկ եղբորից: Նա առաջարկեց Տոպին միասին գնալ զբոսնելու: Նրանք երկար քայլում էին՝ քայլ առ քայլ խորանալով անտառի մեջ:
«Ես այստեղից կգտնեմ տան ճանապարհը, – մտածում էր մեծ եղբայրը, – իսկ Տոպը չի գտնի: Դա նշանակում է, որ մենք նորից երջանիկ կապրենք՝ մայրիկը, հայրիկը ու ես»: Տիպը տարավ փոքր եղբորը անտառի ամենախորքը, ուր նույնիսկ ինքը սկսեց վախենալ, և այն ժամանակ, երբ եղբայրը ուշադրությունը շեղվեց, Տիպը արագ վազեց տուն: Հանկարծ նա իր գլխավերևում ծվծվոց լսեց, որը նրան ծանոթ թվաց: Տիպը բարձրացրեց գլուխը և տեսավ բարձր երկնքում սարսափելի թռչունի ճանկերում հայտնված իր եղբորը՝ Տոպին: Թռչունը նրան ավելի ու ավելի հեռու էր տանում հարազատ տնից, իսկ Տոպն այնքան փոքրիկ էր ու անօգնական:
Եվ այդ ժամանակ Տիպը հանկարծ հասկացավ ամեն ինչ: Նա հասկացավ, որ մայրիկն իրավացի էր: Տոպն այնքան փոքր է, որ չի կարող ինքն իրեն պաշտպանել և բացի իրենից ոչ ոք չի կարող օգնել Տոպին: Եվ Տիպն արագ վազեց թռչունի հետևից: Նրա համար անտառն այլևս սարսափելի չէր: Ճյուղերը հարվածում էին նրան, բայց նա չէր էլ նկատում դա և միայն այն էր մտածում, որ պետք է փրկի փոքրիկ եղբորը: Հանկարծ Տիպը նորից լսեց նույն ծվվոցը և տեսավ թռչունին, որի ճանկերում Տոպն էր: Թռչունը նստել էր հանգստանալու: Տիպը համարձակ մարտի նետվեց, փրկեց եղբորը սարսափելի թռչունի ճանկերից և նրանք միասին վազեցին տուն:
Երբ Տիպն ու Տոպը տուն հասան, Տիպը կերակրեց եղբորը և սկսեց խաղալ նրա հետ: Երբ մայրիկն ու հայրիկը տուն վերադարձան, մայրիկն ասաց.
– Շնորհակալություն տղաս, ես շատ երախտապարտ եմ քեզ, որ հոգ ես տարել եղբորդ մասին:
Այդ ժամանակ Տիպը չդիմացավ ու ամեն ինչ պատմեց մայրիկին:
– Ես ուրախ եմ, որ դու հուսախաբ չես արել ինձ: Իզուր չէ, որ ես հույսս քեզ վրա եմ դնում,- ասաց մայրիկը: – Կարծում եմ, դու հասկանում ես, որ ես ձեզ միանման եմ սիրում, բայց պետք է ավելի շատ հոգ տանեմ Տոպի մասին, որովհետև նա դեռ փոքր է: Նույն կերպ ես հոգ էի տանում քո մասին, երբ դու նրա տարիքին էիր: Բայց այժմ դու բոլորովին մեծ ես և ինքդ կարող ես պաշտպանել քեզ ու եղբորդ: Ես հպարտանում եմ քեզնով: Իսկ հիմա արի ուրախ տոն կազմակերպենք: Կհրավիրենք մեր բոլոր ընկերներին, սեղանը կծածկենք քո սիրած սփռոցով ու բոլորին համեղ ընթրիքով կհյուրասիրենք: Իսկ ընթրիքից հետո էլ կխաղանք ուրախ խաղեր ու կպարենք:
Տիպը ամբողջ երեկո երջանիկ էր զգում: Հավաքվել էին նրա բոլոր ընկերները. նրանք շատ ուրախ էին, խաղում էին, կատակում, երգում ու պարում: Տիպը դեռ երկար ժամանակ հիշում էր այդ օրը և իրեն զգում աշխարհի ամենաերջանիկ սկյուռիկը: