Երբ ինչ-որ մեկը ձեռքը երկարացնում է դեպի քեզ, դու՞ էլ ես սկսում նյարդային շարժումներ անել և ժպտալ: Եթե այո, ապա դիագնոզը մեկն է. «խուտուտ»: Բայց ախր ի՞նչ է այդ խուտուտը, որ այդպես լարված վիճակում է պահում մեզ և անկախ տրամադրությունից ստիպում ծիծաղել: Հենց հիմա կիմանանք ամեն ինչ խուտուտի մասին:
Որպես կանոն ընդունված է այսպես ասել. խուտուտը մարմնում գրգռվածության արտահայտման ձև է, որն առաջանում է մաշկին դիպչելիս կամ մատներով նրա հետ խաղալիս: Սակայն տարբեր տեսակետներ կան: Այսպես, մի ժամանակ կարծիք է հնչել, որ խուտուտը մեր նախնիների հակազդեցական ռեակցիան է եղել միջատների դեմ: Կա մի տեսակետ ևս, ըստ որի այն լավ տրամադրության հարուցիչն է: Բայց ամենահետաքրքիրը հետևյալն է. ասում են, որ խուտուտը շփման մի ձև է` եկած կապիկներից, որոնք այդպիսով արտահայտում են համակրանք միմյանց նկատմամբ:
Խուտուտի հետ կապված մի հետաքրքիր դեպք կա: Փաստորեն, այն նաև մարդկային կյանք է փրկում: Բենի անունով մի փոքրիկ տառապում է «քնի ապնոէ» հիվանդությամբ: Եվ նա քնի ժամանակ մի քանի անգամ դադարում է շնչել: Նրա միակ բուժումը խուտուտն է: Պետք է խուտուտ տալ, որ հանկարծ չդադարի շնչել: Բայց երբ նա մի քիչ մեծանա, հիվանդությունը կանցնի:
Իսկ ինչու՞ չենք ծիծաղում, երբ փորձում ենք ինքներս մեզ խուտուտ տալ: Դեռևս Արիստոտելն է նկատել սա: Պատճառը սա է. խուտուտ պետք է տալ անսպասելի, անակնկալ կերպով, այլապես այն չի ազդի: Իսկ երբ ինքներս մեզ ենք խուտուտ տալիս, լարվում ենք, աշխատացնում ենք մեր մատները և ի վերջո տեղյակ ենք, թե ինչ է մեզ սպասվում: Ահա թե ինչու է «ուրիշի խուտուտ»-ը միշտ ծիծաղելի:
Պարզվում է անգամ գոյություն ունի խուտուտի միջազգային օր` հունվարի 14-ը: Այդ օրը սկսել են նշել 1978 թվականից: Բայց դե մենք հո չե՞նք սպասի այդ օրվան…
Անի Ավագյան