ԱՅՍՕՐ ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ Է ԵԿԵԼ ԳՆԴԻԿԱՎՈՐ ԳՐԻՉԸ


Գնդիկավոր գրիչ

1938 թվականին այս օրը Լասլո Բիրո անունով մի լրագրող գրանցեց իր հայտնագործությունը՝ գնդիկավոր գրիչը: Մինչև այդ մարդիկ ստիպված էին գրել փետուրով և թանաքով: Թանաքը արագ վերջանում էր և կեղտոտում էր գրողի ձեռքերն ու հագուստը: Գնդիկավոր գրիչների հայտնագործումից հետո գրելը դարձավ շատ ավելի հեշտ ու հարմար, իսկ այս գրիչի գաղափարը տարածվեց ողջ աշխարհում գլխապտույտ արագությամբ:

Ամենից առաջ գնդիկավոր գրիչները պատրաստվեցին օդաչուների համար, չէ՞ որ օդում թանաքով և փետուրով գրելը շատ անհարմար էր: Սակայն գնդիկավոր գրիչն այնքան էլ թանկ չէր, և բոլորն այն ուրախությամբ ընդունեցին այն: Գրիչների համար խանութներում այնպիսի հերթեր էին գոյանում, որ ստիպված միջամտում էին ոստիկանները:  Դպրոցականները հեշտությամբ տեղավորում էին գրիչները իրենց պայուսակներում՝ առանց վախենալու, որ թանաքը կթափվի տետրերի ու գրքերի վրա:

Այսօր գրիչ գործածում է ողջ աշխարհի բնակչության 92%-ը: Իսկ յուրաքանչյուր վայրկյան երկրագնդի վրա վաճառվում է 125 գրիչ: Ի դեպ, ասում են՝ երբ մարդկանց նոր գրիչ են առաջարկում, գրիչը փորձարկելու համար նրանց 97%-ը թղթի վրա գրում է իր անունը: Ամեն մարդ «վերջացնում» է 3-4 գրիչ յուրաքանչյուր տարի: Իսկ յուրաքանչյուր գրիչ իր «կյանքի ընթացքում» կարող է գրել մինչև 50 հազար բառ:

Գնդիկավոր գրիչն էլ փորձում է քայլել ժամանակի հետ համընթաց: ԱՄՆ-ում այսօր չափազանց մեծ տարածում է գտել գրիչ-համակարգիչը: Այն ստեղծվել է դպրոցականներին օգնելու համար: Երբ գրում ես թղթի վրա, այն ինքնուրույն ուղղում է ուղղագրական սխալները: Գրիչը դեռ ևս հասկանում է միայն անգլերեն և իսպաներեն լեզուները, կարողանում է թարգմանություններ կատարել և արտասանել բառերը: Այս ամենը, սակայն, նա դեռ կարողանում է անել միայն հատուկ թղթի վրա, որը վաճառվում է գրիչի հետ միասին:

Իսկ մինչև այս կախարդական գրիչը կսովորի հայերեն, վերցրու քո սովորական, բայց հավատարիմ գրիչն ու ինքնուրույն փորձիր գրել գրագետ, գեղեցիկ և հայատառ…


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։