ՄՈՒԼՏՖԻԼՄ ՝ ՄԵՐ ԻՍԿ ՁԵՌՔԵՐՈՎ


1 share
մուլտֆիլմ

Մուլտֆիլմ դիտել բոլորս էլ սիրում ենք և, հետաքրքիր է, տեսնես պատրաստել էլ կսիրե՞նք: Իսկական մուլտֆիլմ պատրաստելը, սակայն, շատ դժվար է… Պատկերացնու՞մ ես՝ հերոսի հասարակ մի շարժման համար մուլտիպլիկատորին անհրաժեշտ է մոտ հարյուր նկար: Իսկ տասը րոպեանոց հոլովակի համար անհրաժեշտ է դասավորել մոտ տասնհինգ հազար կադր: Իրոք որ, շա՜տ դժվար է… Բայց հուսահատվել պետք չէ, որովհետև մենք կարող ենք մուլտֆիլմ պատրաստել նաև սեփական տանը սեփական ձեռքերով: Ինչի համար  մեզ անհրաժեշտ կլինի ընդամենը տետր և մատիտներ:

մուլտֆիլմ

1.Առաջին հերթին պետք է պատկերացնենք մեր հերոսին կամ հերոսներին և նրանց այս կամ այն գործողությունը: Օրինակ՝ մեր նկարում կապիկն է հերոսը, որը գլուխկոնծի է տալիս: Սակայն դու կարող ես ընտրել նաև ցանկացած այլ հերոս և այլ գործողություն: Եթե կողմնորոշվեցիր, անցնենք առաջ:

2. Տետրի առաջին էջում նկարում ենք մեր հերոսի նախնական դիրքը: Օրինակ՝ մեր կապիկը  կքանստած է՝ աջ ձեռքը մի փոքր առաջ, իսկ ձախը՝ հետ: Երկրորդ էջում նկարում ենք նրա գործողության շարունակությունը: Այստեղ կապիկի մի ոտքն արդեն բարձրացել է և գլուխն էլ ավելի ներքևում է: Հենց նույն կերպ երրորդ էջն ենք նկարում, չորրորդն ու այսպես շարունակ: Նկարները պետք է ներկայացնեն հերոսի հաջորդական գործողությունները: Միայն թե աշխատիր շատ մանրակրկիտ, որ արդյունքը լավ լինի:

3.Մատիտով աշխատելուց հետո մեզ մնում է գունավորել նկարները, որպեսզի ավելի արտահայտիչ լինեն հերոսի գործողությունները:

4.Իսկ հիմա մուլտֆիլմը դիտելու սկզբունքի մասին խոսենք: Այն ամենը, ինչ դու հիմա արեցիր, կոչվում է սահատետր: Ինչո՞ւ: Որովհետև տետրը սահում է քո ձեռքում և հենց այդպես էլ ստացվում է մուլտֆիլմը: Այսպիսով, վերցրու քո աշխատանքը, և թերթիր էջերը, միայն թե շատ արագ: Հենց այդ արագության շնորհիվ նկարներդ կհաջորդեն իրար, իսկ հերոսը կշարժվի:

5. Այս ամենից հետո դու կարող ես շարժել երևակայությունդ և մշակելով սյուժե՝ շարունակել նկարել,  իմաստ հաղորդել քո մուլտֆիլմին: Չմոռանաս նաև նրան անվանում տալ:

Կարծես թե խորհուրդներն այսքանն էին: Բայց եթե մեր մեջ կգտնվի շատ ծույլ մեկը, ասեմ, որ իր համար ևս տարբերակ կա: Դու կարող ես նկարը բեռնել, տպել, կտրատել և պատրաստել սահատետր: Քեզ մուլտֆիլմային շա՜տ բարձր տրամադրություն…

Ստորև կարող ես դիտել նաև սահատետրի վիդեոտարբերակը, ինչը կօգնի քեզ և ավելի մատչելի կդարձնի քիչ առաջ կարդացածդ:


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։