ԻՆՉՈՒ՞ Է ԳԻՐՔ ԿԱՐԴԱԼՆ ՕԳՏԱԿԱՐ


Սովորաբար «Գիրք կարդալ սիրու՞մ ես» հարցին` դպրոցականները պատասխանում են ոչ` պատճառաբանելով, որ  դա ուղղակի պարտականություն է, այն էլ՝ շատ ձանձրալի: Բայց հիմա մենք միասին կփորձենք հասկանալ` ինչու՞ են ուսուցիչները ստիպում կարդալ, և ինչու՞ է գիրք կարդալն օգտակար:

Զարգացնում է մտածողությունը: Գիրք կարդալու շատ կարևոր առանձնահատկություններից մեկը հենց սա է: Կարդալիս մենք շատ ենք մտածում` փորձելով հասկանալ այս կամ այն իրավիճակը, հերոսի հոգեվիճակը:

Անհետացնում է լարվածությունը: Օրվա մեջ լարվելու շատ առիթներ ենք ունենում, և այդ լարվածությունից ազատվելու շատ լավ տարբերակ է կարդալը` հատկապես բարձրաձայն:

Ինքնավստահություն է հաղորդում: Շատ է պատահում, երբ ընկերներդ քննարկում են որևէ գիրք կամ հերոսի, և դու լուռ ես, որովհետև բացարձակ տեղեկություն չունես տվյալ ստեղծագործությունից: Իսկ երբ կարդաս, դու էլ կընկղմվես խոսակցության մեջ և ինքնավստահություն կզգաս:

Մարզում է ուղեղը: Կարդալու ընթացքում մենք միշտ պատկերացնում ենք մի շարք մանրամասներ` հերոսներին, նրանց հագուստները, նրանց շրջապատող յուրաքանչյուր իր: Այս ամենը ամրապնդում է նաև հիշողությունը:

Սովորեցնում է կենտրանանալ: Կարդալիս մենք կենտրոնանում ենք գործողությունների վրա: Իսկ կենտրոնացումը անհրաժեշտ է նաև այլ իրավիճակներում:

Զարգացնում է բառապաշարը: Գրքում առկա են մի շարք ծանոթ ու անծանոթ բառեր, որոնք ուզած-չուզած ընդգրկվում են մեր բառապաշարի մեջ: Եվ առօրյա խոսքում անգամ մենք օգտագործում ենք դրանք:

Ծառայում է իբրև քնաբեր: Եթե սովորություն դարձնենք ամեն գիշեր կարդալը, ապա կձևավորվի ռեֆլեքս: Ու մի քանի էջ կարդալուց հետո, մեր աչքերն ինքըստինքյան կփակվեն:

Զարգացնում է երևակայությունը: Իզուր չէ, որ գերազանցիկ աշակերտները, ովքեր շատ գրքեր են կարդում, նաև լավ շարադրություններ են գրում: Որքան շատ բան գրքերի շնորհիվ տեղավորվի քո գլխում, այնքան հեռու կթռչի քո երևակայությունը:

Պարզվում է` գրքի օգտին կարող ենք անվերջ խոսել, բայց երևի արդեն կանգ առնենք, որովհետև, միևնույն է, այն հաղթում է մեզ: Այսուհետ ուսուցչուհու մոտ տրտնջալուց առաջ փորձենք հիշել այս կետերը:

Անի Ավագյան

Մեկնաբանություններ

ԻՆՉՈՒ՞ Է ԳԻՐՔ ԿԱՐԴԱԼՆ ՕԳՏԱԿԱՐ

log in

reset password

Back to
log in