ԻՆՉՊԵ՞Ս ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՍՏԱՆԱԼ


4 shares
Ինչպես բարձր գնահատական ստանալ

Բոլորս էլ սիրում ենք բարձր գնահատականներ ստանալ, և երբ դեռ արձակուրդ է, խոստանում ենք մայրիկին դասերը սկսվելուն պես բարձր գնահատականներով տուն վերադառնալ: Սակայն միշտ չէ, որ ամեն ինչ մեր ուզածով է լինում, և երբեմն չի ստացվում կատարել խոստումները: Բայց պետք չէ տխրել, ես քեզ մի քանի խորհուրդ կտամ, որոնց հետևելով ամեն ինչ քո ցանկությամբ կլինի, դե իհարկե նաև մայրիկի:

Առաջին խորհուրդը, որ ուզում եմ տալ՝ կենտրոնանալն է դասի վրա: Հաճախ մենք այնքան ենք տարվում խաղերով, որ նույնիսկ դասի ժամանակ ենք մտովի խաղում: Այդպես ճիշտ չէ, դասի ժամանակ պետք է կենտրոնանալ հենց դասի վրա, չէ՞ որ այդ դեպքում միայն կկարողանաս շատ արագ ավարտել այն և վազել խաղալու:

Պարտաճանաչորեն կատարիր բոլոր տնային հանձնարարությունները, երբեք «գլուխ մի պահիր»՝ մտածելով «Դե լավ, նախորդ դասին պատասխանել եմ, այսօր ինձ չեն հարցնի»: Իսկ եթե հանկարծ ուսուցիչը նկատի՞: Այ դա հաստատ վատ կանդրադառնա քո գնահատականների վրա: Համոզված եմ գիտես, որ աշխատասիրությունը գեղեցկացնում է մարդուն: Այնպես որ, աշխատասեր եղիր:

Ուղեղի մարզանքը շատ կարևոր է, իսկ դա անելու ամենապարզ միջոցը ընթերցանությամբ զբաղվելն է: Ծրագրային գրքերից բացի կարդա նաև այլ հետաքրքիր գրքեր, պատմվածքներ, հեքիաթներ… Որքան վարժ կարդաս, այնքան ավելի հեշտ կլինի հասկանալ ու սովորել դասը, այնպես որ որքան հնարավոր է շատ ժամանակ հատկացրու ընթերցանությանը:

Փորձիր ամեն ինչ անել ինքնուրույն, նախքան մայրիկին դիմելը: Եթե, օրինակ, օտար լեզվից որևէ բառ քեզ անծանոթ է, մի շտապիր մայրիկին հարցնել, փորձիր պարզել դա ինքդ: Վերցրու բառարանը, փնտրիր քեզ հետաքրքրող բառն այնտեղ և կարդա բացատրությունը. այդպես այն ավելի լավ կտպավորվի քո մեջ ու հաջորդ անգամ էլ չես մոռանա:

Եվ վերջին ու ամենակարևոր խորհուրդը՝ ուշադիր լսիր ուսուցչին, հատկապես երբ նա նոր թեման է բացատրում: Ակտիվ եղիր դասի ժամանակ, ցույց տուր քո գիտելիքները: Եթե նույնիսկ որևէ բան քեզ անհասկանալի է մնացել դասից, անպայման հարցրու ուսուցչուհուդ և նա նորից կբացատրի ամեն ինչ:

Հուսով եմ խորհուրներս քեզ կօգնեն և այսուհետ միշտ բարձր գնահատական կստանաս և կուրախացնես մայրիկին:

Տիգրանուհի Թասլակյան


Like it? Share with your friends!

4 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։