ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ


60 shares

ՀԱՅԱՍՏԱՆ

Իմ քաղցրանո՜ւն,
Իմ բարձրանո՜ւն,
Իմ տառապա’ծ,
Իմ փառապա’նծ:
Հների մեջ` դու ալեհեր,
Նորերի մեջ` նոր ու ջահել.

Դու` խաղողի խչմարված վազ,
Վշտերդ` ջուր, ինքդ ավազ.
Դու` բարդենի սաղարթաշատ,
Առուն ի վար փռված փշատ.
Դու` կիսավեր ամրոց ու բերդ,
Մագաղաթյա մատյանի թերթ.
Դու` Զվարթնոց-ավեր տաճար,
Կոմիտասյան ծիրանի ծառ.
Դու` ջրաղաց խորունկ ձորում,

Դու` հորովել անուշ ծորուն,
Փայլ գութանի արծաթ խոփի.
Դու` նե’տ, նիզա’կ, մկո’ւնդ կոպիտ,
Դու` հայրենի ծխանի ծուխ,
Դու` անգի’ր վեպ, դու Սասնա ծո՜ւռ…

Իմ փառապա’նծ,
Իմ տառապա’ծ,
Իմ բարձրանո՜ւն,
Իմ քաղցրանո՜ւն:

Դու մրգերի շտեմարան,
Ոսկեվազյան գինու մառան.
Դու` թավշե դեղձ, դու` փրփուր հաց,
Արտաշատյան խաղող սևաչ.

Դու Սևանի վառվող կոհակ.
Երևանի սյուն ու խոյակ.
Դու` հանգրվան, կանչող փարոս,
Դու հայկական գերբ ու դրոշ.
Խոսուն վկա կոտորածի
Ու վճիտ աչք ցամքած լացի.
Արդարության ահեղ ատյան,
Սրի պատյան,
Սիրո մատյան –
Միշտ հի՛ն ու նո՛ր իմ Հայաստան:

 Պարույր Սևակ

 

ԻՄ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՆԻՔ

Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։
Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացիր, հայրենի՛ք իմ մեծ,
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։
Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,
Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։

 Հովհաննես Շիրազ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՐՈՒՆԸ

Ամեն գարուն՝ ինչքան ծանո՛թ,
Այնքան նո՛ր է ու ցանկալի՜.
Ամեն գարուն մի նո՛ր ձայնով
Ու նոր սիրո պե՛ս է գալիս.

– Տե՛ս, հավքերը հազարերանգ
Հին բնե՛րն են վերադառնում.
Ամե՛ն տեղ են դառնում նրանք՝
Բայց ուրի՜շ է Հայաստանում. –
Հայաստանում նրանց նման
Պանդուխտ հայե՛րն են ետ դառնում,
Ու բույն շինում, որ միշտ մնան
Հայության բո՜ւյն Հայաստանում…

– Տե՛ս, իր փեշերը հավաքած,
Ձմեռը սա՜րն է բարձրանում,
Ամե՛ն տեղ է սա անկասկած՝
Բայց ուրի՜շ է Հայաստանում, –
Ձյունից ծնված ամեն առվակ,
Մի գետի չափ գո՜րծ է անում,
Որ քա՜րն անգամ ծաղիկ դառնա
Մեր քարաշա՛տ Հայաստանում…

– Տե՛ս, բուրո՜ւմ են ծաղիկ ու սեզ,
Եվ հին սերերը՝ նորանո՛ւմ.
Ամե՛ն տեղ է գարունն այսպես՝
Բայց ուրի՜շ է Հայաստանում.
Դարավոր սի՜րտն է հայկական.
Իմ աչքերի դեմ մանկանում…
Չէ՛, գարնանն այս աշուն չկա՛ –
Հավե՜րժ է նա Հայաստանում…

 Գևորգ Էմին 

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես:

Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես:

Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այդպես:

Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է.
Կլինե՛մ, կմնա՛մ այսպես:

  Համո Սահյան

 ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բո՛ւյրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում:
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում:
Ո՛ւր էլ լինեմ – չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր –
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան-յա՛րն եմ սիրում:
Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա.
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա.
Աշխա՛րհ անցի՛ր՝ Արարատի նման ճերմակ գագաթ չկա.
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում:

Եղիշե Չարենց

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ – ՄԱՍ 2-ՐԴ


Like it? Share with your friends!

60 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։