ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ


1 share

Մեր սիրելի մայրաքաղաքը՝ Երևանը, այս տարի դառնում է 2795 տարեկան: Հիմա բոլորս ենք պատրաստվում այս մեծ տոնին: Իսկ պատրաստվելու լավագույն միջոցը տեղեկացված լինելն է: Ժամանակն է ծանոթանալու մեր քաղաքի պատմությանը: Եվ ուրեմն, ինչպես սկսվեց ամեն ինչ…

Մ.թ.ա 9-րդ դարում Հայկական լեռնաշխարհում, Վանա լճի ափին առաջացավ Վանի հայկական թագավորությունը, որին նաև անվանում են Ուրարտու, Բիայնիլի կամ պարզապես Արարատյան թագավորություն: Թագավորության հիմնադիրը Արամե թագավորն էր: Վանի թագավորությունը ժամանակի ամենազարգացած տերություններից էր:

Argishti 1 Արգիշտի Ա արքան, ով 5-րդ թագավորն էր Վանում,  իր տիրակալության 5-րդ տարում` մ.թ.ա. 782թ., հիմնադրեց Էրեբունի ամրոց-քաղաքը` մեր օրերի Երևանը, որը դարձավ երկրի կարևորագույն քաղաքներից մեկը: Էրեբունու հիմնադրման տարեթիվը ստույգ հայտնի է Արգիշտի արքայի թողած սեպագիր արձանագրությունից.

«Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ  թշնամիների: Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի: Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի»:

Մեր մայրաքաղաքի անունը Էրեբունի բառի փոփոխված տարբերակն է: Ուրարտերեն «բ» հնչյունը հայերենում հնչում է իբրև «վ»: Էրեբունի անունը ձևափոխվել է և դարձել է ԵՐԵՎԱՆ:

Այդ պահպանված պատմական արձանագրության շնորհիվ գիտնականները որոշել են Երևանի ծննդյան տարեթիվը` մ. թ. ա. 782թ.: Էրեբունի-Երևանը հիմնադրվել է Հռոմից 29 տարի առաջ, Բաբելոնի, Նինվեի ու Պերսեպոլիսի հասակակիցն է, բայց, ի տարբերություն վերջիններիս, դարձել է 21-րդ դարի ծաղկուն քաղաքներից մեկը:

Դարերի ընթացքում քաղաքը մնացել է կանգուն` անցնելով բազում արհավիրքների ու փորձությունների միջով: Անթիվ են եղել ասորիների, հռոմեացիների, բյուզանդացիների, պարսիկների, արաբների, սելջուկների, մոնղոլների ու թուրքերի հարձակումները քաղաքի վրա, բայց Երևանը քաջաբար դիմադրել է բոլոր փորձություններին: Իսկ 1918թ. մայիսի 28-ին, երբ հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը, Երևանը դարձավ մայրաքաղաք:

Yerevan

1920թ. նոյեմբերի 29-ին` Երևանը դարձավ արդեն Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքը: 1924 թվականին մեծ ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը կազմեց Երևանի հատակագիծը: Երևանը սկսեց գեղեցկանալ օր օրի: Երևանյան շենքերը կառուցվում էր բազալտով, գրանիտով, մարմարով և շատ այլ քարերով: Բայց ամենատարածված շինանյութը վարդագույն տուֆն էր: Եվ քանի որ այդ շինանյութը յուրահատուկ երանգ էր տալիս քաղաքին, Երևանը սկսեցին անվանել Վարդագույն քաղաք: 1991թ. սեպտեմբերի 21-ին Երևանը դարձավ ոչ միայն անկախ Հայաստանի Հանրապետության, այլև ողջ հայության մայրաքաղաքը:

Yerevan 1

Երևանը շարունակում է մեծանալ ու գեղեցկանալ օր օրի, իսկ նրա այսօրվա պատմությունը կերտում ենք մենք՝ քեզ հետ միասին: Անենք այնպես, որ տարիներ ու դարեր հետո քեզ պես փոքրիկներ հպարտանան 21-րդ դարի Երևանի պատմությամբ…


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։