ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓՈՔՐԻԿ ԶԻՆՎՈՐԻ ՄԱՍԻՆ


7 shares
Բանաստեղծություններ զինվորի մասին

ԼՍԻՐ ԶԻՆՎՈՐԻՆ

Քայլում են նորից
Վեհ դրոշի տակ
Մեր զինվորների
Շարքերը շիտակ:

Շողում է սուրը
Զինվորի ձեռքին,
Զենքը լռում է,
Զինվորն է երգում:

Լսիր զինվորին,
Իմ փոքրիկ տղա,
Խաղաղ աշխարհում
Դու զվարթ խաղա:

Այս ուրախ օրը
Զենքով է եկել,
Քաջ զինվորների
Երգով է եկել:

Երբ ծիծաղում ես,
Դու մանուկ իմ ժիր,
Ծիծաղը փրկող
Զինորին հիշիր:

Նանսեն Միքայելյան

ՆԿԱՐԸ

Նկարեցի մի մեծ արև,
Կապույտ երկինք,
Կանաչ տերև,
Մի աղավնի
Ճերմա՜կ-ճերմակ,
Մի քարե տուն,
Մի կանաչ բակ,
Հետո` քույրիկ,
Մի լավ մայրիկ,
Մի լավ հայրիկ,
Իսկ վերջում էլ`
Մի քաջ զինվոր,
Որ պահպանի
Այդ բոլորը
Գիշեր ու զօր:

ԵՍ ՀԱՅ ԵՄ

Նախնիքս՝ փառապանծ, քաջազուն,
Անցել եմ երկար ճանապարհ,
Հին են իմ երգերը, իմ լեզուն,
Եղել եմ վարպետ շինարար:

Երգս՝ դարավոր,
Միտքս՝ թևավոր,
Ես հայ եմ,
Մենք հայ ենք
Զորավոր:

Սաղավարտն եմ կրում Վարդանի,
Քաջ Դավթի սուրն է իմ ձեռքին,
Անդրանիկն ու Բաղրամյանն են կոփել
Իմ կամքը, անկոտրում ոգին:

Իմ տունը հավերժ է, միշտ կանգուն,
Ուզում եմ ապրել ես խաղաղ,
Ապրիր դու, Հայաստան իմ ծաղկուն,
Հայրենի իմ տուն, իմ օջախ:

Երգս՝ դարավոր,
Միտքս՝ թևավոր,
Ես հայ եմ,
Մենք հայ ենք
Զորավոր:

Սուրեն Մուրադյան

ԴԱՎԹԻ ՔԱՋ ԹՈՌՆ ԵՄ ԵՍ

Այսօր նորից ձի եմ հեծել՝
Դավթի քաջ թոռն եմ ես,
Ձայնս սար ու ձոր եմ գցել՝
Մելիք, փնտրում եմ քեզ:

Բայց… հիշեցի.
Դու որտեղի՞ց,
Դու որտեղի՞ց լինես,
Երբ դեռ դարե՜ր, դարեր առաջ
Եղար ճիշտ երկու կես:

Պատրաստ մնամ.
Մեկ էլ տեսար՝
Մի նոր Մելիք բուսնեց,
Ելավ կրկին, վրա հասավ
Եվ մեզ տիրել ուզեց…

Պատրաստ մնամ, որ նրա դեմ
Ելնեմ իմ պապի պես,
Ինքս էլ, ինքս էլ մեր թշնամուն
Անեմ ճիշտ երկու կես:

Երվանդ Պետրոսյան


Like it? Share with your friends!

7 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։