Գիրքը, սովորաբար, չի հաջողվում միանգամից ընթերցել ու մի կողմ դնել: Մենք անընդհատ կանգ ենք առնում ինչ-որ հետաքրքիր մի հատվածի վրա և զբաղվում ուրիշ գործերով: Իսկ այդ ժամանակ մեզ օգնության է շտապում էջանիշը:
Նա գալիս է, մտնում գրքի մեջ, ծածկվում նրա թերթերով ու խորը քուն մտնում այնքան ժամանակ, մինչև մենք կարթնացնենք նրան ու կշարունակենք ընթերցել: Եվ այսպես, այսօր առաջարկում եմ մեր շնորհաշատ ձեռքերով պատրաստել յուրօրինակ էջանիշ: Սկսեցի՜նք…
Անհրաժեշտ են՝
-Սպիտակ և գունավոր թղթեր
-Մատիտ
-Մկրատ
-Սոսինձ
-Քանոն
Պատրաստում ենք այսպես՝
-Քանոնի ու մատիտի օգնությամբ սպիտակ թղթի վրա պետք է նկարել ահա այսպիսի պատկեր:
-Եվ կտրել այն ինչպես պատկերված է նկարում:
-Այս ձևաչափով պետք է կտրել նաև կանաչ թղթից:
-Կտրված այս կանաչ թղթին պետք է սոսնձել գույնզգույն որևէ թուղթ:
-Սոսինձը մեզ անհրաժեշտ է նաև կանաչ թղթի սուր ծայրերն իրար սոսնձելիս: Նախ կսոսնձենք աջը:
-Ապա՝ ձախը:
-Ահա այսպես:
-Կանաչ այս փոքրիկ եռանկյանն էլ պետք է սոսնձել այն նույն գույնզգույն թղթիկից:
-Իսկ վերջնական տեսքի համար անհրաժեշտ է պատրաստել նաև աչուկներ և սրածայր ատամներ:
-Պատրա՜ստ է: Հիմա կարող ենք ամրացնել գրքի այն թերթին, որտեղ, որ կանգ ենք առել: Ատամիկներով հատվածը կմնա գրքի թերթի դիմացի կողմում, մյուս հատվածը՝ հետևի:
Իսկ հիմա շու՜տ փակիր գիրքը, որ էջանիշն էլ փակի իր աչուկներն ու անու՜շ քուն մտնի…Վաղը միասին կշարունակեք ընթերցանությունը:
Անի Ավագյան