ՍԵՊՏԵՄԲԵՐ
Երբ սեպտեմբեր եկավ
Մենք պայուսակ բռնեցինք,
Մանկապարտեզն ավարտած`
Դեպի դպրոց գնացինք:
Երգ ու ծիծաղ միացան
Զանգի անուշ ղողանջին,
Արևի պես մեզ ժպտաց
Մեր ուսուցիչն առաջին:
ԴՊՐՈՑԻ ՃԱՄՓԱՆ
Ձմեռվա բուքին,
Սառնամանիքին
Դպրոցի ճամփան
Դժվար է, երկար՝
Շատերի համար:
Զվարթ գարունքին,
Երգին ու ծաղկին
Դպրոցի ճամփան
Կարճ է, դուրալի
Կարծես ավելի:
Իսկ ով սեր ունի
Մեզ պես ուսումի,
Դպրոցի ճամփան
Միշտ կարճ է, սիրուն՝
Ձմեռ թե գարուն:
ՆՍՏԱՐԱՆԸ
Մի տարվա մեջ ծույլ Արան
Փոխեց քանի՜ նստարան:
_Առաջին շարքը տարեք,
Ու կստանամ ես …«երեք»:
Ծույլին դա էլ չփրկեց,
Նորից «երկուս» շալակեց:
Գերազանցիկ Հայկի մոտ
Ես չեմ լինի ալարկոտ…
Այսպես շրջեց ծույլ Արան
Նստարանից նստարան:
Այդքան էլ ծույլ աշակե՞րտ՝
Տարան առաջ, բերին հետ,
Դե, մի խոսքով՝ ուր տարան,
Գտավ «երկուսը»նրան:
Սուրեն Մուրադյան
ԴՊՐՈՑ ԵՄ ԳՆՈՒՄ
Վեց տարեկան եմ,
Դպրոց եմ գնում,
Դասի ժամանակ
Խելոք եմ մնում:
Դպրոցում ես նոր
Ընկերներ ունեմ`
Արամը, Կարոն,
Հասմիկն ու Նունեն:
Իսկ երբ դպրոցից
Ես գալիս եմ տուն,
Մաքուր լվացվում
Ճաշի եմ նստում:
Հետո մայրիկիս
Խնդրում եմ թույլ տա,
Որ տիկնիկիս հետ
Մի քիչ խաղամ:
Ապա տիկնիկիս
Խրատ եմ տալիս,
Որ խելոք մնա
Ինձ չխանգարի
Դաս պատրաստելիս:
Հովհաննես Վարդանյան
ՍԵՂԱՆՆԵՐԻ ՏՐՏՈՒՆՋԸ
Երեկո էր:
Պատահաբար
Մի դասարան մտա ես:
Սեղանները՝ լուռ ու դատարկ,
Բողոքեցին ինձ այսպես:
– Չե՜մ դիմանում,- մեկը ճչաց,
Ծանր է բեռս, հոգնեցի,
Ինչպե՜ս պահեմ ես ինձ վրա
Միանգամից երկու ձի:
Մեկն էլ նրա կողքի շարքից
Տխուր տնքաց ու ճռռաց.
– Աշոտիկը հենց նոր մեջքիս
Փիղ նկարեց ու գնաց:
– Դա դեռ ոչի՜՞նչ,-մյուսն ասաց
Ձեզ նախշել են գրիչով,
Իսկ ինձ վրա անկարգ Արան
Փոս է փորել սրիչով:
– Չարաճճի տղաներին
Չեմ հանդիպել պարզապես,
Բայց նայելով սեղաններին՝
Ճանաչում եմ նրանց ես:
Եվ թող լսի կույր սրիչին
Ընկեր դարձած ձեոքը չար.
«Անկարգները տարեվերջին
Կպատժվեն անպատճառ»:
ՌԵՏԻՆԸ
Ես Ռետինն եմ, ռետինը,
Լավ իմացեք իմ գինը…
Տանը լինի, դպրոցում,
Ճշտասեր եմ իմ գործում:
Հենց որ տեսնեմ սխալ բան,
Տեղնուտեղը կուլ կտամ:
Այ, հենց երեկ իմ տերը
Փռել էր իր թղթերը,
Նկարում էր ու գրում,
Իբր դաս էր սովորում:
Մեկ էլ ճչաց.
– Օգնեցե՜ք,
Սխալներից փրկեցե՜ք:
Վրա հասա և իսկույն
Մի այծ կերա կարմրագույն,
Մի քանի ուղտ՝ անսապատ,
Չորսոտանի տասը բադ,
Սխալ գրված հինգ-վեց բառ,
Կոտոշավոր երեք գայլ,
Հետո՝ բաներ այլևայլ:
Բայց մի գաղտնիք ասեմ ձեզ՝
Չեմ մեծանում մարդու պես:
Շատ ուտելը վատ է, վատ,
Բարակում եմ անընդհատ:
ՍԵՊՏԵՄԲԵՐ
Իմ լավ սեպտեմբեր, ես քեզ սիրեցի,
Աշուն տատիկի դու ոսկե վզնոց,
Քեզ հետ բերել ես ծով առատություն
Եվ հեքիաթային գույներ հուր ու բոց:
Արևից հյուսած վառ քողը դեմքիդ
Զարդարել ես մեր հողը բարեբեր,
Դաշտն Արարատյան առել ես ուսիդ,
Որպես լի զամբյուղ բերել մեզ նվեր:
Բերել ես, ահա, էլ դեղձ, էլ խաղող,
Բացել ես դուռը ճոխ ներկարանի,
Անտառ ու այգի քո պերճ վրձինով
Գույներ են հագել վառ ծիածանի:
Իմ լավ սեպտեմբեր, ես քեզ սիրեցի,
Աշուն տատիկի դու ոսկե վզնոց,
Չէ՞ որ այս առատ բարիքից բացի,
Կարոտած մոր պես կանչում ես դպրոց:
Պատվական Խաչատրյան