Գլուխ 7-րդ
ՎԵՐԱԴԱՐՁ ԱՀՐԻՄԱՆԻ ՄԻՋԱՆՑՔ
Անահիտը զգուշությամբ նայեց շուրջը:
-Ի՞նչ եք փնտրում,- հարցրեց Մհերը:
-Ինձ թվում է՝ Ահրիմանի լրտեսներն ամենուր են, նա հավանաբար կանխատեսել է մեր քայլերը և կփորձի խանգարել ձեզ նախքան միջանցքին հասնելը:
-Բայց նա մեզ չի ճանաչում, չէ՞,- վախեցած հարցրեց Հայկը:
-Ինձ նա չի կարող տեսնել, ձեզ հավանաբար չի ճանաչում, բայց ահա Առոնի հագուստը ակնհայտորեն ցույց է տալիս, թե նա որտեղից է և ուր է գնում:
Եվ իսկապես, եթե դուք Երևանի փողոցներից մեկում նման հագուստով մարդու հանդիպեք, կհասկանաք, թե ինչու էր Անահիտն այդքան անհանգստանում: Առոնը ոսկեգույն շրջազգեստով էր և մեջքին գցած սպիտակ կարճ թիկնոցով, որը նրա միայն մեկ ուսն էր ծածկում: Իրականում դա այն շրջազգեստներից չէր, որը աղջիկներն են կրում, պարզապես այնտեղ, որտեղ ապրում էր Առոնը, ընդունված էր, որ բանբերները այդպիսի զգեստով լինեն:
-Բա հիմա ի՞նչ անենք,- ինքն իրեն զննելով՝ ասաց Առոնը:
Հայկը ուշադիր նայեց Առոնին դիմացից, ապա մեջքից և ասաց.
-Ինձ թվում է՝ եղբորս հագուստից մի բան կարող ենք քեզ համար գտնել, մեր տունը այնքան էլ հեռու չէ այստեղից:
-Լավ միտք է,- ասաց Անահիտը և առաջին անգամ ժպտաց Հայկին:
Արդեն փորձված տարբերակով՝ աստվածուհու կախարդական թիկնոցի օգնությամբ, մեր պատմության հերոսները հայտնվեցին Հայկի բնակարանում, որտեղ բարեբախտաբար ոչ ոք չկար: Հայկը տաբատ և շապիկ բերեց եղբոր սենյակից: Թեև Առոնի համար սկզբում շատ անհարմար էր այդ հագուստը, բայց և այնպես նա ոչինչ չասաց, որովհետև շատ դաստիարակված էր և հասկանում էր, որ ավելի հարմար տարբերակ պարզապես չկա: Առոնի մասին դուք դեռ շատ բան չգիտեք, նա դեռ իր կարևոր դերը կունենա այս պատմության մեջ, բայց եկեք ժամանակից առաջ չընկնենք:
Անահիտը որոշեց, որ այդտեղից արդեն տղաները առանց իրեն պետք է շարունակեն ճանապարհը.
-Եթե Ահրիմանի լրտեսները հետևում են մեզ, ապա հիմա կորցրել են մեր հետքը և ավելի լավ է առանց ինձ գնաք, որպեսզի նրանցից ոչ մեկը չզգա իմ ներկայությունը և մենք ընդհանուր գործը չձախողենք,- բացատրեց աստվածուհին:
Հայկը և Մհերը մի քիչ տխրեցին, որ Անահիտը էլ չի ուղեկցելու իրենց, բայց Առոնի ներկայությունը նրանց վստահություն էր ներշնչում:
Շուտով նրանք օպերայի շենքի մուտքի մոտ էին: Պահակը սուրճ էր խմում իր փոքրիկ պահակակետում: Մհերը հասկանում էր, որ կարող է իրենց բախտը չբերի այնպես, ինչպես առաջին անգամն էր, բայց ամեն ինչ այլ կերպ դասավորվեց: Երբ մեր հերոսները մտախոհ կանգնած էին, մուտքին մոտեցան դպրոցականների մի խումբ իրենց ուսուցչի հետ: Ես չգիտեմ, թե ինչու էին նրանք այդ ժամին այդտեղ, բայց Մհերին, Հայկին և Առոնին նրանք շատ օգնեցին: Ուսուցչուհին մոտեցավ պահակին և նրա հետ ինչ-որ բան սկսեց քննարկել: Երևում էր, որ պահակը այնքան էլ գոհ չէր կատարվածից: Մի քանի վայրկյան անց երեխաները աղմուկով ներս մտան և շրջապատեցին ծեր պահակին և իրենց ուսուցչուհուն: Դա միակ հնարավորությունն էր: Մհերը ձեռքով նշան արեց իր ուղեկիցներին և նրանք աննկատ մոտեցան այն նույն տեղին, որտեղ դուռն էր: Հայկը բացեց դուռը, հետո մոտեցավ հնգանկյուն աստղի նշանին և սեղմեց այն: Պատը բացվեց առջևում սառնություն շնչող միանցքն էր: Ահրիմանի միջանցքի երկու կողմերում վառվում էին փայտե ջահեր: Կրակը մի քիչ մեղմացնում էր օդի խոնավությունն ու սառնությունը:
-Թշնամին պատրաստվում է,- ասաց Առոնը:
-Գոնե ճանապարհը մութ չի լինի,-ասաց Մհերը և վճռականությամբ առաջ գնաց: Հետագայում նա շատ անգամներ հիշեց այդ առաջին քայլը և նույնքան անգամ զարմացավ, թե որտեղից իր մեջ այդքան քաջություն գտնվեց ամենավճռական պահին:
Հայկը հետևեց ընկերոջը, թեև այնքան էլ վստահ չէր իր քայլերում:
Ճանապարհը խավար լուսավորվում էր և առջևում ամեն ինչ կարմիր էր թվում:
-Ինչքա՞ն ժամանակ է, որ առաջ ենք գնում,- հարցրեց Հայկը:
-Երևի երկու կամ երեք ժամ,- անվստահությամբ պատասխանեց Մհերը:
Նրանք չգիտեին, որ քայլում են ընդամենը տաս րոպե: Դե որտեղի՞ց իմանային, եթե Ահրիմանի ու նրա միջանցքի մասին առաջին անգամ էին լսում: Բարեբախտաբար Առոնը շատ էր կարդացել Ահրիմանի մասին «Աստվածային քրոնիկներում» (բազմահատորյա գրքեր են, որտեղ գրված են աստվածների պատմությունը բոլոր ժամանակների սկզբից մինչ հիմա) և լավ գիտեր, որ Ահրիմանը կարողանում է տիրել մահկանացուների մտքին և ստիպել մտածել այն, ինչ ինքն է ուզում:
Առոնը այս ամենը բացատրեց տղաներին և ասաց.
-Մենք պետք է զգոն լինենք, դուք պետք է թույլ չտաք, որ նա խավարեցնի ձեր միտքը, փորձեք միշտ մտքում պահել ձեր ամենասիրելի իրը, կամ մարդուն, կամ մի երջանիկ օր: Միայն երջանիկ ու սիրառատ հիշողությունը կարող է ձեզ պաշտպանել Ահրիմանի մոգությունից:
Հայկը անմիջապես հիշեց Մարիին, հիշեց նրա ժպիտն ու այն միակ օրը, երբ Մարին դասի ժամանակ նստել էր իր կողքին, և ողջ դասաժամին ինքը կարողացել էր զգալ աղջկա մազերից եկող հատապտուղների բույրը: Մհերը հիշեց իր հորը, այն վերջին օրը, երբ տեսել էր նրան, երբ հայրը գրկել էր, համբուրել, իսկ հետո առանձնացել իր սենյակում:
Շուտով երևացին երկաթե բարձր պարիսպներ:
-Ահա և Ահրիմանի պարիսպները,-ասաց Առոնը,- դուք սա եք բացել, պատրաստ եղեք փորձությունների և ամենաանսպասելի արկածների, որովհետև այս պարիսպներից այն կողմ է ապրում խավարի տիրակալը:
Տղաները ոչինչ չասացին, նրանց միտքը չափազանց լարված էր, որևէ արձագանք տալու համար:
Շարունակելի…
ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 1-ԻՆ
ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 2-ՐԴ
ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 3-ՐԴ
ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 4-ՐԴ
ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 5-ՐԴ
ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 6-ՐԴ