Խաչքարերը մեր լավագույն ճարտարապետական կառուցվածքներին համազոր ստեղծագործություններ են, որոնք պետք է արվեստի պատմության մեջ գտնեն իրենց արժանի տեղը՝ դուրս գալով մեծ ու լայն արվեստի ասպարեզ:
Ռաֆայել Իսրայելյան
Խաչքարը քարարվեստի ուրույն, զուտ հայկական դրսևորում է թե՛ ձևով և թե՛ բովանդակությամբ: Հայ մարդը իր քարաշատ երկրի պարզ, անշունչ քարը կարողացավ դարձնել գեղեցկության, հիշատակի, հավատի ու պաշտամունքի խորհրդանիշ:
Խաչքարը հայ միջնադարյան մշակույթի ամենատարածված արտահայտություններից է և հայ ժողովրդի ստեղծագործական ինքնատիպության ամենաբնորոշ վկայականը:
Խաչքարի ամենահիմնական առանձնահատկությունն իր ընդհանուր հորինվածքն է. տարբեր տրամաչափի քարե սալերի վրա քանդակված խաչ՝ զարդաքանդակներով շրջապատված: Ձևավորվելով 9-րդ դարից որպես պաշտամունքային երևույթ՝ խաչքարային արվեստն իր ծաղկմանն է հասել 12-13-րդ դարերում և գոյատևել է մինչև մեր օրերը:
Խաչքարերը սփռված են Հայկական լեռնաշխարհով մեկ՝ եկեղեցիների ու վանքերի շուրջ, գերեզմանոցներում, հին բնակատեղիներում, աղբյուրների և կամուրջների մոտ, նվիրական վայրերում և ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի այն վայրերում, որոնցում հայտնվել է հայը ճակատագրի բերումով:
Հայտնի են հատկապես Նորադուսի, Սաղմոսավանքի, Նորավանքի, Ջուղայի (Նախիջևան) խաչքարերը:
Կան նաև «Ամենափրկիչ» խաչքարեր, որոնք ժողովրդի համար սրբատեղի են, ուր նա գնում է իր նվիրական երազանքների կատարման, խաղաղության և երջանկության աղոթքներով ու մոմ վառում:
Խաչքարի հորինվածքի կենտրոնում խաչն է, որի շուրջ զարգանում է մնացած զարդաքանդակային հորինվածքը՝ դիտողին զարմացնելով և հիացնելով տրամաբանությամբ ու համաչափությամբ, պատկերների բազմազանությամբ ու աներևակայելի նրբագեղությամբ:
Խաչքարերի վրա սովորաբար փորագրվում էին հիշատակարան-վիմագրություններ, որոնցում նշվում էին խաչքարը կանգնեցնելու տարեթիվը, նպատակը, պատվիրատուի և վարպետի անունները:
«Հայ ժողովրդի կողմից քաղաքակիրթ աշխարհին անցած յուրօրինակ, չթարգմանվող բառերից է «խաչքարը»՝ քարի մշակման մի զարմանահրաշ բնագավառ, որը հին և միջնադարյան իրականության մեջ տարածված է եղել բացառապես պատմական Հայաստանի տարածքում և բոլոր այն վայրերում, ուր ոտք է դրել հայ մարդը»,- գրել է պատմաբան Բագրատ Ուլուբաբյանը:
Սեյրանուհի Գեղամյան