ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 11-ՐԴ


1 share
Մհերը և Ահրիմանի դարպասները

Մհերը և Ահրիմանի դարպասներըԳլուխ 10-րդ

ԱՌԱՋԻՆ ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Ճանապարհը իր միաձևությամբ շփոթեցնում էր ուղևորներին: Նրանց ամեն անգամ թվում էր, թե շարժվում են շրջանաձև և անընդհատ հայտնվում են նույն տեղում:

-Ինձ թվում է՝ մենք այստեղ արդեն եղել ենք,- մտահոգ ասաց Առոնը:

-Ոչ, մենք հաստատ  առաջ ենք շարժվում,- ասաց Հրատը:

-Դու որտեղի՞ց գիտես,- նեղսրտեց Առոնը:

-Ես գիտեմ, որովհետև երեք հազարամյակ է բնակվում եմ այստեղ:

-Իսկ ո՞վ գիտի, գուցե դու Ահրիմանի լրտեսն ես,- ասաց Առոնը կասկածանքով նայելով արծվին:

-Ինչպե՞ս ես համարձակվում նման բան ասել,- բարկությունից թևերը լայն բացեց Հրատը,- ես Արադոտ թագավորության արքա Արմիի զավակ Սանգարիսի ազնիվ զինակիրն եմ:

Հրատը սա ասաց այնքան մռայլ և ահարկու, որ Առոնը ետ-ետ գնաց: Հայկին Առոնի կասկածամտությունը նույնպես դուր չեկավ և նա ասաց.

-Առոն, Հրատը օգնում է մեզ, նա արել է ավելին, քան դու, իսկ դու նախանձում ես:

Առոնը ոչինչ չասաց, նա գիտեր որ չի նախանձում և գիտեր, որ դեռ չի հասցրել որևէ օգուտ տալ տղաներին, բայց չէ որ նա այնքան էր ուզում օգնել և արդարացնել Արամազդի վստահությունը: Հայկը շարունակում էր նախատել Առոնին, Հրատը անվերջ կրկնում էր, որ ինքը ազնիվ զինակիր է և երբեք չի դավաճանել իր արքային: Մհերը փորձեց խաղաղեցնել նրանց, բայց ակամայից ինքն էլ դարձավ այդ վեճի մասնակիցը:

-Հայկ, դու ինքդ էլ չես արել ավելին, քան Առոնը,- ասաց Մհերը,- դու միայն խոսում ես, անընդհատ զրուցում ես Հրատի հետ, իսկ ամենածանր աշխատանքը անում եմ ես:

-Ես քեզ մենակ չթողեցի ամենադժվար պահին, քեզ հետ մտա այս միջանցք, իսկ դո՞ւ,- նեղացած ասաց Հայկը:

Առոնը լռում էր: Նա շատ դաստիարակված էր և բացի այդ, շատ անգամներ էր ներկա եղել աստվածների բանակցություններին և վեճերին ու գիտեր, որ վեճը կավարտվի այն ժամանակ, երբ ամենախելացին ու ամենադաստիարակվածը լռի: Մհերը, Հայկը և Հրատը որքան շարունակում էին խոսել, այնքան նրանց զրույցները դառնում էին թունավոր: Նրանք վիրավորում էին միմյանց, փորձում էին ապացուցել իրենց ճշմարտացիությունը: Որքան երկարում էր այդ վեճը, այնքան անվերջանալի էր թվում և այնքան շատ էին բորբոքվում զրուցակիցները: Վերջապես Առոնը հասկացավ, որ այստեղ մի բան այն չէ: Մհերը և Հայկը մտերիմ ընկերներ են, Հրատը երդվել է հավատարիմ ծառայել Սանգարիսին և հանուն նրա վտանգում է իր կյանքը, ուրեմն հնարավոր չէ, որ այսքան չարություն կուտակվեր նրանց մեջ միմյանց նկատմամբ: Առոնը հասկացավ, որ այս ամենը անում է Ահրիմանը:

-Լռեք բոլորդ,- բղավեց Առոնը, և նրա ձայնը արձագանքեց:

Մհերը, Հայկը և Հրատը զարմացած նայեցին Առոնին:

-Դուք չեք հասկանում, որ Ահրիմանը դիտավորյալ կռիվ է գցում մեր մեջ, նա փորձում է մեզ բաժանել իրարից, որպեսզի մենք թուլանանք, որքան շատ եք խոսում դուք, այնքան ավելի եք լցվում չարությամբ, որքան չարանում եք, այնքան ավելի է երկարում վեճը, և սա անվերջանալի է դառնում:

-Այդ ինչպե՞ս հասկացար,- ասաց Հայկը,- ինչպե՞ս եղավ, որ դու հասկացար, իսկ մենք ոչ, հը՞:

-Ես հասկացա, որովհետև չէի մասնակցում ձեր վեճին:

-Իսկ ինչու՞ չէիր մասնակցում, հը՞,- նորից կասկածանքով ասաց Հայկը:

-Որովհետև, Հայկ, ես գիտեմ, թե երբ է պետք լռել, և երբ է պետք խոսել, երբ ես լռեցի, Ահրիմանի մոգությունը չազդեց ինձ վրա:

-Ես քեզ չեմ հավատում,- գրեթե բղավելով՝ ասաց Մհերը:

-Մհեր, մի կում խմիր Նանե աստվածուհու թուրմից և ամեն ինչ կհասկանաս:

-Ինչու՞ պետք է ես քեզ լսեմ,- ասաց Մհերը:

-Չխմես Մհեր,- ավելացրեց Հայկը:

-Մհեր, պարզապես մի կում արա, դու ոչինչ չես կորցնի:

Մհերը նայեց Առոնի աչքերի մեջ, թեև նրա միտքը գտնվում էր Ահրիմանի ձեռքերում, բայց նա իր մեջ ուժ գտավ և մի կում խմեց ողջամտության թուրմից: Նրա խավարած աչքերը կրկին փայլեցին, նա այլևս չէր նայում Առոնին օտարականի նման:

-Հայկ, Հրատ դուք էլ խմեք,- ասաց նա:

-Ոչ մի դեպքում,- միաձայն ասացին Հայկը և Հրատը:

-Հայկ, ընկերս, ընդամենը մի կում արա:

Չգիտեմ, թե ինչպես, գուցե վաղեմի ընկերության շնորհիվ Մհերին հաջողվեց համոզել Հայկին խմել թուրմից: Հայկը նայեց Մհերին և կարծես երկար բաժանումից հետո վերագտավ նրան: Հրատին համոզելը, իհարկե, ամենաբարդն էր, որովհետև նա ամենահամառն էր, բայց վերջապես նա էլ մի փոքր խմեց և ուշքի գալով ասաց.

-Այս ի՞նչ մղձավանջ էր, ներիր ինձ, Առոն, ներեք ինձ բոլորդ, ես պետք է հասկանայի, թե ինչ է կատարվում, բայց չկարողացա:

-Եթե Առոնը չլիներ, մենք կմնայինք հավերժ այս միջանցքում,- ասաց Հայկը:

Առոնը այնքան ամաչեց, որ նույնիսկ մի փոքր կարմրեց: Բայց չհասցրեց որևէ բան ասել, հանկարծ Մհերը գոչեց.

– Երկու ժամ, մենք ընդամենը երկու ժամ ունենք, նույնիսկ ավելի քիչ:

-Այդ ինչպե՞ս,- զարմացավ Առոնը:

-Մենք քայլում ենք արդեն ավելի քան չորս ժամ, այնքան շատ դեպքեր եղան, մենք մոռացանք ամենաբարի հիշողությունների մասին և կորցրեցինք ժամանակի հաշիվը, Ահրիմանը կարողացավ խավարեցնել մեր միտքը, իսկ հիմա ողջամտության թուրմը ստիպեց վերհիշել ամեն ինչ:

-Մենք ունենք շատ քիչ ժամանակ, պետք է շտապենք,- ասաց Հրատը:

-Մենք չենք հասցնի,- հուսահատված ասաց Մհերը և նստեց պատի տակ:

Հայկը մոտեցավ Մհերին.

-Մհեր, մենք իրավունք չունենք հանձնվելու, մենք պետք է պայքարենք, մտածիր մայրիկիդ մասին, ինչ կլինի նրա հետ, եթե հիմա էլ դու այսպես անհետանաս: Մենք դեռ հնարավորություն ունենք առաջ գնալու:

Հայկը մեկնեց իր ձեռքը ընկերոջը, վեր բարձրացրեց նրան և ասաց.

– Եթե նույնիսկ միայն դու հասցնես դուրս գալ այստեղից, միևնույն է, պետք է գնաս:

– Այդ ինչպե՞ս,- հարցրեց Մհերը:

-Դու կնստես Հրատի մեջքին, թռչելով ավելի արագ կհասնեք, ես և Առոնը, որքան հնարավոր է, արագ կգանք ձեր ետևից, միգուցե մեր բախտը բերի և հանդիպենք իրար:

-Երբեք, Հայկ, ես ձեզ չեմ թողնի այստեղ:

-Հասկացիր, Մհեր, միայն մեր կյանքը չէ վտանգված, այլ բոլորինը, և դրա մեղավորը մենք ենք, դու պետք է առաջ գնաս և փորձես ուղղել մեր սխալը:

Առոնը մոտեցավ տղաներին և ասաց.

-Հայկը ճիշտ է, Մհեր, դուք առաջ անցեք, իսկ ես խոստանում եմ, որ հոգ կտանեմ ընկերոջդ մասին և ոչ մի դեպքում նրան մենակ չեմ թողնի:

Մհերին համոզելը դժվար էր, նա չէր ցանկանում թողնել Հայկին և Առոնին, բայց ժամանակ չկար, վերջապես Հրատը խոստացավ, որ առաջին հնարավորության դեպքում կվերադառնա Հայկի և Առոնի ետևից: Մհերը համաձայնեց:

Մհերը նստել էր Հրատի մեջքին, և նրանք սլանում էին լույսից էլ արագ: Առոնը և Հայկը գրեթե վազում էին, բայց իրենց ընկերներին էլ չէին կարող հասնել:

-Առոն, այդ ինչպե՞ս է, որ դու չես կարողանում մոգություն անել, կամ թռչել,- հարցրեց Հայկը:

-Ես դեռ սովորում եմ, երբ ժամանակը գա, Արամազդը ինձ թևեր կշնորհի, իսկ մոգությունը խաղալիք չէ, Հայկ, ինձ արգելվում է առայժմ կիրառել նման հնարքներ, մի անգամ փորձեցի ոչինչ դուրս չեկավ:

-Պարզ է,- հուսահատ ասաց Հայկը:

-Մի՛ հուսահատվիր ընկերս,- իրեն առույգ ձևացնելով՝ ասաց Առոնը,- շուտով Հրատը կգա մեր ետևից, և ամեն ինչ լավ կլինի, միայն թե մենք պետք է, որքան հնարավոր է, արագ քայլենք:

Նրանք շարունակեցին իրենց ճանապարհը՝ չիմանալով, որ Մհերը և Հրատը արդեն հասել են առյուծի ապաստարանին:

Շարունակելի…

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 1-ԻՆ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 2-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 3-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 4-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 5-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 6-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 7-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 8-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 9-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 10-ՐԴ

Անի Մաղաքյան


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։