Ես գիտեմ, որ էլ չես համբերում և ուզում ես, որքան հնարավոր է, շուտ զարդարել տոնածառդ: Ուզում ես, որ այն ամենագեղեցիկն ու յուրահատուկը լինի, իսկ ամենից յուրահատուկը հենց քո ձեռքով պատրաստված տոնածառի խաղալիքները կլինեն, այնպես չէ՞:
Եթե համաձայն ես ինձ հետ, ուրեմն սկսիր ուշադիր շուրջդ նայել: Ի՞նչ անպետք իրեր կան տանը, որոնք կարող են դառնալ handmade խաղալիքներ: Առաջարկում եմ սկսել պլաստիկ շշերից և տուփերից: Ահա մի քանի ամանորյա գաղափար, որոնք կարելի է օգտագործել դրանց օգնությամբ: Առաջարկում եմ սկսել ձնեմարդ-խաղալիքից:
Ցանկալի է գտնել սպիտակ շիշ: Այդ դեպքում այն ներկելու անհրաժեշտություն չի լինի: Բավական կլինի միայն մարկերով նկարել աչքերը, քիթը, բերանը և կոճակները՝ փորիկի վրա: Իսկ շարֆին կարող են փոխարինել գունավոր թուղթը կամ գործվածքի մի կտոր: Եվ վերջապեստ ոնածառի ճյուղից ձնեմարդուն կախելու համար հարկավոր է մկրատի օգնությամբ անցք բացել խցանի վրա, և կախիչը ներսի կողմից ամուր հանգուցել:
Ահա և վերջ, ձնեմարդը պատրաստ է: Մեզ սպասում են մյուս խաղալիքները: Թափանցիկ շշերից կարող ենք պատրաստել ահա այսպիսի փաթիլներ: Հարկավոր է մկրատով զգուշորեն կտրել շշերի ներքևի հատվածը և եղունգների լաքի օգնությամբ գունավոր այն փաթիլի տեսքով:
Կապիչը անցկացնելու համար կրկին հարկավոր կլինի փոքրիկ անցք բացել :
Մեր տոնածառը նաև գունավոր զանգակները կզարդարեն, որոնց կարող ենք պատրաստել յոգուրտի տուփերից:
Կրկին օգնության կհասնեն եղունգների լաքերը, մկրատն ու կապիչները: Հարկավոր կլինեն նաև մեծ անցքերով հուլունքներ: Զարդարիր տուփերը տարբեր նախշերով, ապա դրանց գագաթին անցքեր բացիր և կապիչները անցկացրու անցքերի միջոց: Հուլունքը ամրացրու կապիչի ծայրին: Ահա և վերջ: Ուրախ և շատ յուրահատուկ տոնածառը պատրաստ է: Ամանորյա նոր գաղափարների սպասիր շատ շուտով: