ՀՈՊՈՊ


1 share

Հավանաբար ձեզնից շատերն են հանդիպել Հոպոպին, որն առանձնապես չի խուսափում մարդու ներկայությունից, նրա սովորություններն այնքան յուրահատուկ են, որ անհնարին է Հոպոպին շփոթել մեկ ուրիշ թռչնի հետ: Հոպոպի ձայնը նրա այցեքարտն է` հենց իր խուլ, «ուպ-ուպ-ուպ»  ձայնի  շնորհիվ շատ ժողովուրդների մոտ նա ստացել է իր անվանումը՝ հոպոպ: Այդ ձայնը հոպոպը գարնանը և ամռանը կրկնում է րոպեում 30 անգամ:

Հոպոպը գրեթե տատրակի մեծության, վառ գույնի թռչուն է, երկար, նեղ կտուցով և փուփուլանման կատարով, որը երբեմն բացվում է հովհարի պես։ Հոպոպը կշռում է ընդամենը 68-72 գր, և ունի շիկակարմրավուն գույն՝ սև և սպիտակ շերտերով։

Հոպոպ

Հոպոպը ցերեկային կենսակերպ է վարում, արթնանում է արևի առաջին իսկ շողերից և քուն է մտնում միայն ուշ երեկոյան: Իսկ օրվա ընթացքում սնվում է տարբեր միջատներով և նրանց թրթուրներով, որոնց գտնում է գետնի վրա: Հոպոպը սնվում է հիմնականում վնասատու միջատներով, որոնք փչացնում են գյուղացիների տնտեսությունը՝ այդպիսով օգնելով մարդկանց:

Հոպոպը զգույշ է, սակայն երկչոտ չէ։ Նա շատ ժամանակ է անց կացնում հողի վրա և բավական արագ է տեղաշարժվում, իսկ անսպասելի վտանգի դեպքում, երբ փրկվելու հնարավորությունը աննշան է, հպվում է գետնին, տարածում է պոչն ու թևերը և թեթևակիորեն բարձրացնում կտուցը: Հոպոպի թռիչքը նման է թիթեռի թռիչքին, բայց և գիշատիչներին շատ հազվադեպ է հաջողվում որսալ նրան օդում:

Հոպոպ

Հոպոպը նախընտրում է բնակվել մարգագետիններում կամ արոտավայրերում, սակայն նրան կարելի է հանդիպել նաև այգիներում, պուրակներում և բնակելի տարածքների մոտ: Իսկ իր բույնը կառուցում է ծառերի փչակներում, պատերի ճեղքերում կամ քարակույտերում:

Երբ հոպոպը ձագուկներ է ունենում, նրա մարմինը արտադրում է հատուկ յուղանման հեղուկ, որն ունի սուր, տհաճ հոտ: Հոպոպի բնի շրջակայքում միշտ առկա է այդ տհաճ հոտը, և այն զգալով՝ թշնամիները երբեք չեն մոտենում նրա բնին: Այդպես հոպոպը պաշտպանում է իր ձագերին:

Հոպոպը վերադառնում է Հայաստան մարտ- ապրիլ ամիսներին և հաճախ վերադառնում են հենց իրենց հին բույնը: Արու հոպոպները հաճախ են կռվում միմյանց հետ տարածքի համար, այդ պատճառով էլ երկու զույգի նույն տարածքում շատ հազվադեպ կարելի է հանդիպել:

Ի դեպ, Հին Եգիպտոսում Հոպոպը համարվել է Սուրբ թռչուն, պատկերված է եղել բուրգերի ու տաճարների պատերին և հիշատակվել է անգամ Աստվածաշնչի ու Ղուրանի մեջ:

Իսկ այս տարի հասարակական քվեարկության արդյունքում Հոպոպը ճանաչվեց նաև 2014 թվականը խորհրդանշող թռչնատեսակը Հայաստանում:

Այստեղ կարող ես կարդալ Հովհաննես Թումանյանի «Անիծած հարսը» լեգենդը՝ հոպոպ դարձող աղջկա մասին:


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։