Շտապում ենք ուրախացնել և մի փոքր էլ տխրեցնել Հարրի Փոթերի երկրպագուներին: Ձեր սիրելի հերոսի ու նրա ընկերների հերթական արկածները արդեն կարող եք տեսնել նոր ֆիլմում` «Հարրի Փոթերը և մահվան պարգևները. Մաս 2»: Սակայն այս նոր ֆիլմը, ցավոք, նաև ազդարարում է Հարրի Փոթերի մասին ֆիլմաշարի ավարտը: Երբ ֆիլմի ռեժիսոր Դևիդ Յեյցը որոշեց Ջոան Ռոուլինգի վերջին գիրքը բաժանել երկու մասի և նկարահանել երկու ֆիլմ, Հարրի Փոթերի երկրպագուները սկսեցին բողոքել:
Բայց փոխարենը ռեժիսորը նրանց պարգևեց ֆիլմաշարի հրաշալի վերջաբան՝ նկարահանված 3D տարբերակով: Ֆիլմի համաշխարհային նորամուտը տեղի է ունեցել հուլիսի 7-ին` Անգիայում: Այն չափազանց ջերմ ընդունելություն է գտել ողջ աշխարհում: Եվ երկրպագուները, և ֆիլմի դերասանները չեն կարողանում պատկերացնել, որ սա լինելու է վերջին ֆիլմը և փորձում են Հարրի Փոթեր գրքերի հեղինակ Ջոան Ռոուլինգին ամեն կերպ համոզել շարունակել այս ֆանտաստիկ հեքիաթը:
Օրեր առաջ տեղի ունեցավ ֆիլմի նաև հայաստանյան նորամուտը: Այնպես որ, կարող եք շտապել ձեր վերջին հանդիպմանը Հարրի Փոթերի հետ: Մաղթում եմ ձեզ հաճելի դիտում:
Տիգրանուհի Թասլակյան