ՅՈԹ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ
Հայը դարերով սիրով է պահել
Յոթ թանկ սրբություն`
Գիրքը, Մասիսը, շինարար ոգին,
Հավատը, լեզուն.
Սուրբ անուններ են եղել դարերով
Հայ ընտանիքը,
Եվ ամենից վեր, ամենից լուսե`
Մայր հայրենիքը:
Սուրեն Մուրադյան
ԹՈՂ ՀԱՎԵՐԺ ԱՊՐԻ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
Թող հավերժ ապրի մեր ժողովուրդը,
Հազար տարիներ ու հազար դարեր.
Ապրի,ինչքան շատ ապրել է,տևել,-
Հազար տարիներ ու հազար դարեր.
Ապրի,ինչքան շատ զոհեր է տվել,-
Հազար տարիներ ու հազար դարեր.
Ապրի,ինչքան հայ դեռ պիտի ծնվի,-
Հազար տարիներ ու հազար դարեր.
Ինչքան եղել է քաջ ու անձնվեր,-
Հազար տարիներ ու հազար դարեր.
Ինչքան տենչ ունի և տենչի թևեր,-
Հազար տարիներ ու հազար դարեր…
Թող այնքան ապրի մեր ժողովուրդը,
Քանի ապրում է մեր հողագունդը:
Գևորգ Էմին
ԼՈՒՅՍԻՑ
Չէ, դու չես հյուսվել
Արյուն ու մսից,
Հյուսվել ես,ազգ իմ,
Պարզապես լույսից:
Ինչ հույս ունես,որ
Չի հուսահատվում,
Ինչ կամք ու կորով,
Որ չի վհատվում:
Բնությունն անգամ
Բզկտում է քեզ,
Դու կրկնվում ես,
Նորեն գտնում քեզ:
Չէ,դու չես հյուսվել
Արյուն ու մսից,
Հյուսվել ես,ազգ իմ,
Պարզապես լույսից:
Հայը ծնկում է իր հողի առաջ,
Ոչ թե իր հողը գերողի առաջ:
Ծնկում վիրավոր դրոշի առաջ,
Նահատակների իր հուշի առաջ:
Հայը ծնկում է Իր խաչի առաջ,
Հավերժող ազգի արարչի առաջ:
Վրեժ Վարդունի
ՀԱՅԱՍՏԱՆ
Իմ մրգածինս, իմ մրգաստանս`
Քարեր ու խաղող
Իրարու շաղախ:
Մրգոտ մատները աչքերին տարած,
Խաժ ողկույզներով
Քարերին փարած,
Թուխ թարթիչները ժպտալով թարթող
Իմ զարթնող որդիս`
Իմ ՀԱՅԱՍՏԱՆՍ:
Մարո Մարգարյան
ԱԽՐ ԵՍ ԻՆՉՊԵՍ ՎԵՐ ԿԵՆԱՄ ԳՆԱՄ
Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ
Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա,
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած` ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա…
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:
Համո Սահյան
ՈՒՐ ՈՐ ՆԱՅՈՒՄ ԵՄ
Ուր որ նայում եմ, քարե բարձունք է,
Քարե արցունք է, քարե ժպիտ,
Քարե սարսուռ, է ու քարե սունկ է,
Քարե ծաղկունքի քնքշանք է բիրտ։
Քարերի վրա քարե վագրեր են,
Ուր-որ է պիտի պատռեն իրար։
Քարե երգեր են, քարե վանքեր են,
Քարե հավքեր են քիվերն ի վար։
Քարե մրրիկ է ու քարե բուք է,
Քարե բողոք է ու քարե բերդ,
Քարե շեփոր է, քարե թմբուկ է,
Քարե թափոր է, քարերի երթ…
Քարե ընդվզում, քարե տանջանք է,
Քարե ավար է, առևանգում…
Քարե զարմանք է ու զարհուրանք է,
Քարե թռիչք է, քարե անկում։
Քարե ամպրոպ է ու ծիածան է,
Քարե լծկան է ու քարե մաճ.
Քարե մագաղաթ, քարե մատյան է,
Քարե խորհուրդ է ու քարե խաչ։
Մեր բաժին աստված, քո սիրտն էլ քար էր,
Որ մեզ քարերը տվիր նվեր,
Բայց քո կյանքը կարճ, մերը երկար էր,
Ու երկարում է քարերն ի վեր։
Համո Սահյան
ՀԱՅԱՍՏԱՆ
Սա իմ երկիրն է- չափերով այնպիսին-
որ կարող եմ վերցնել հետս,
թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր,
Փոքրիկ՝ ինչպես նորածին զավակ
իսկ քարտեզի վրա
ընդամենը արցունքի մի կաթիլ…
Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ…
Հովհաննես Գրիգորյան
ԱՅՍՊԵՍ Է ԵՂԵԼ
Եվ Աստված ցանկացել է գրել
Ե Ր Ջ Ա Ն Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
քո տարածքի վրա ծայրեծայր,
բայց, ափսոս, բառն այդ շատ էր երկար
ու չտեղավորվեց քո փոքրիկ հողակտորի վրա…
Եվ Աստված ցանկացել է գրել
Խ Ա Ղ Ա Ղ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
բայց, ավաղ,
այդ բառն էլ դարձրյալ շատ երկար էր
ու կեսն անգամ չտեղավորվեց
քո փոքրիկ հողակտորի վրա…
Եվ ի՞նչ աներ Աստված,
որ լոկ ՑԱՎ-ն եկավ հարմար,
որ լոկ ՍՈՒԳ-ն եկավ հարմար,
որ լոկ ԼԱՑ-ն եկավ հարմար
քո փոքրիկ հողակտորի համար…
Հովհաննես Գրիգորյան
ՀԱՅԱՍՏԱՆ
Մարտիրոս Սարյանի հիշատակին
Սա այն երկիրն է, որ կորցրել ենք,
Սա այն երկիրն է, որ նորից գտանք:
Սա այն երկիրն է ուր բարձրյալը
Նախաստեղծ կավից արարում էր կյանք:
ճե՜փ-ճերմակ ամպեր կապույտ երկնքում…
Ուր որ է պիտի հրա՛շք կատարվի:
Հեռվում սքողված արարման ակունք,
-Արոր ու ակոս հերկած կտավին։
Ծաղկած տանիքին պար բռնած ծռեր,–
Հողն իրենով է Լույսը երիզել…
Կարմրաքար վանք ու թզենու ծառեր,
Հասունացել ու կաթում է թուզը:
Ձորի պռնկից կախված խաչքարեր,
Այրվող խնկի ծառ դեղին կտավին։
Բերդապարսպին՝ մեսրոպյան գրեր,
Բերդապարսպին՝ քանդակված տավիղ:
Սա այն երկիրն է, որ կորցրել ենք,
Երկիրն այն, որ մենք փնտրեցինք երկար:
Սա այն երկիրն է ուր մեր անցյալը
Հավերժից հառնում, դառնում է ներկա:
Արտաշես Ղազարյան
ՑՆՈՐՔ ՉԻ ԵՂԵԼ ՀԱՅՈՑ ՎԻՇՏԸ ՄԵԾ
Ցնորք չի եղել Հայոց վիշտը մեծ,
Ու թե հառաչեր մի հայ բանաստեղծ,
Թե չար դարերի հողմերով քշված
Լուսնի վրա էլ հայեր կան ցրված…
Ես կհավատամ այդ դառը խոսքին,
Ես կհավատամ, որ լուսինն անգամ
Ծանոթ է բոկոտն հայ թափառ ոտքին
Ու դրանից է նա թախծում այսքան:
Ա՜խ քո էլ բախտն է լուսնկան լալիս,
Դու էլ ես պանդուխտ, իմ ազիզ Մասիս,
Բայց քեզնից էլի կարոտս եմ առնում,
Երբ քեզ եմ նայում, մի լեռ եմ դառնում:
Մինչ հազար ծովեր դեռ այն կողմ ցրված
Որքա՜ն Մասիսներ դեռ ունեմ գերված,
Ես դարեր խաբված դարերով զարկված
Նոր եմ բռունցքվում լեռներում իմ լուրթ
Ես որդեկորույս, բայց հույսով փրկված
Ես մի Հայ, մի Հայր, մի Հայ ժողովուրդ…