Առջևում ծննդյան տոնե՞ր կան, ուրեմն ճիշտ ժամանակին եմ եկել։ Ես կօգնեմ քեզ իսկական ընկերոջ պես։ Ճիշտ է, ես չգիտեմ, թե դու ինչ նվեր ես պատրաստել, բայց շնորհավորական բացիկի մի լավ տարբերակ գիտեմ. ուզու՞մ ես քեզ էլ սովորեցնեմ։
Բացիկի պատրաստման համար մեզ պետք են գունավոր թղթեր, A3 չափի ստվարաթուղթ, մկրատ, սոսինձ, կպչուն ժապավեն և թելեր։ Բացիկի այս օրինակն իսկապես մեծ է, հետևաբար՝ աշխատանքն էլ շատ: Եթե ավելի փոքր բացիկ ես ուզում պատրաստել, կարող ես փուչիկների քանակն ավելի քիչ են անել, իսկ թղթերը կտրատել ավելի փոքր:
Վերցնում ենք ստվարաթուղթն ու մեջտեղից ծալում ենք այնպես, որ այն բաժանվի երկու հավասար մասերի։
Անցնում ենք փուչիկների պատրաստմանը․ գունավոր թղթերից կտրում ենք փոքրիկ եռանկյունիներ և տարբեր չափերի շրջանակներ (4-7 սմ)։ Եռանկյունին սոսնձում ենք շրջանակին ու վրան կպչուն ժապավենով ամրացնում մեր փուչիկի թելը։
Այս բացիկի համար հարկավոր է պատրաստել 35 փուչիկ։ Ցանկության դեպքում կարող ես փուչիկներից յուրաքանչյուրի վրա մաղթանքներ գրել։
Այ հիմա ժամանակն է մտածելու շնորհավորանքի մասին։ Որոշիր շնորհավորական տեքստն ու կտրիր փոքրիկ դրոշներ՝ տառերի քանակով։ Ես ընտրել եմ Happy Birthday-ը ու ըստ դրա ինձ պետք եկավ 13 դրոշ։ Դրանց վրա շնորհավորանքը գրելուց հետո սոսնձիր այն թելին։ Բացիկի վրա ֆիքսիր շնորհավորանքի տեղը, բայց դեռ մի փակցրու։
Նորից վերադառնանք մեր գունավոր փուչիկներին։ Առաջին 20 փուչիկները կարող ես սոսնձել բացիկին (հետևիր, որ թելերը չխճճվեն)։ Որպեսզի մնացած փուչիկներն էլ կենդանի տեսք ունենան հարկավոր է նրանց ծավալ հաղորդել։ Դրա համար պետք են 7սմ երկ․ և 2սմ լայն․ ունեցող փոքրիկ թղթիկներ, որոնք սոսնձում ենք փուչիկներին (ինչպես պատկերված է նկարում), փուչիկներն էլ իրենց հերթին հարկավոր է սոսնձել բացիկին։
Մնում է միայն շնորհավորական դրոշներով թելն ամրացնել բացիկի երկու կողմերում (չմոռանաս կտրել թելի ավելորդ մասը)։
Ահա և վերջ, օդում սավառնող փուչիկներով ծննդյան բացիկը պատրաստ է․ բարդ չէր, չէ՞:
Պատրաստեց՝
Տիգրանուհի Թասլակյանը