ՔԱՂՑԱԾ ՄՆԱՑԵՔ. ՄՆԱՑԵՔ ԽԵՆԹ- ՍԹԻՎ ՋՈԲՍԻ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԵԼՈՒՅԹԸ


25 shares

Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսը 2005 թվականին ելույթ ունեցավ  Սթենֆորդի շրջանավարտների համար և պատմեց նրանց իր կյանքի կարևորագույն դասերի մասին, երեք պատմություն, որոնք անգանահտելի ազդեցություն էին ունեցել այս հզոր անհատի ձևավորման վրա: Ներկայացնում ենք Սթիվ Ջոբսի հուզի ու իմաստուն խորհուրդները, որոնք օգտակար կարող են լինել բոլորիս:

Advertisements

… Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել աշխարհի լավագույն համալսարաններից մեկի դիպլոմների հանձնման արարողությանը: Ես երբեք որևէ համալսարան չեմ ավարտել: Եվ թերևս հիմա մոտ եմ գտնվում դիպլոմներ հանձնելու արարողությանը առավել, քան երբևէ: Այսօր ես ցանկանում եմ երեք պատմություն պատմել իմ կյանքից: Ոչ մի առանձնահատուկ բան, պարզապես երեք պատմություն:

Առաջին պատմությունը կետերի միացման մասին է

Ես կիսատ թողեցի Ռիդ քոլեջն ընդամենը մեկ կիսամյակ սովորելուց հետո, բայց «հյուրի» կարգավիճակով այնտեղ մնացի ևս 18 ամիս: Ինչո՞ւ թողեցի ուսումս: Ամեն ինչ սկսվել էր դեռ իմ ծննդից առաջ:

Իմ կենսաբանական մայրը երիտասարդ, չամուսնացած ուսանող էր, ով որոշեց հանձնել ինձ որդեգրման այլ ընտանիքի: Նա պնդեց, որ ինձ որդեգրեին բարձրագույն կրթությամբ մարդիկ, այդ պատճառով ինձ վիճակված էր որդեգրվել մի իրավաբանի և նրա կնոջ կողմից: Ճիշտ է, նրանք որոշել էին, որ աղջիկ են ուզում ուզում որդեգրել, բայց իմ ապագա ծնողներին գիշերով զանգահարեցին և ասացին. «Մեզ մոտ չնախատեսված տղա է ծնվել: Ցանկանո՞ւմ եք նրան որդեգրել»: Եվ նրանք պատասխանեցին՝ «Իհարկե»: Ավելի ուշ իմ կենսաբանական մայրը պարզեց, որ իմ խնամակալ մայրը երբեք համալսարանում չի սովորել, իսկ հայրս նույնիսկ ավագ դպրոցը չի ավարտել: Նա չհամաձայնվեց ստորագրել վերջնական որդեգրման թղթերը ու տեղի տվեց միայն մի քանի ամիս անց, երբ իմ խնամակալ ծնողները խոստացան, որ ես անպայման բարձրագույն կրթություն կստանամ:

Եվ 17 տարի անց ես իսկապես ընդունվեցի համալսարան: Բայց միամտորեն ընտրել էի Ստենդֆորդի նման թարկարժեք քոլեջ, և իմ աշխատավոր ծնողների բոլոր խայողություններն ուղղվեցին իմ ուսման ծախսերը հոգալուն: Վեց ամիս անց ես հասկացա, որ հետագա ուսումս այդտեղ անիմաստ է:

Ես չգիտեի, թե ինչ եմ ցանկանում անել իմ կյանքում և չէի կարող պատկերացնել, թե ինչպես է համալսարանն օգնելու ինձ դա պարզել:

Ես պարզապես ծախսում էի ծնողներիս փողերը, որ նրանք հավաքել էին ողջ կյանքի ընթացքում: Այդ պատճառով որոշեցի թողնել ուսումս և հուսալ, որ ամեն բան լավ կլինի: Սկզբում մի քիչ վախեցած էի, բայց հետ նայելով՝ հասկանում եմ, որ դա իմ կյանքի լավագույն որոշումներից մեկն էր: Այդ պահից սկսած ես դադարեցի մասնակցել ինձ անհետաքրքիր թվացող պարտադիր դասերին, բայց կարող էի շարունակել հաճախել այն դասերին, որոնք ինձ հետաքրքրում էին:

Բայց ամեն ինչ այնքան էլ ռոմանտիկ չէր: Հանրակացարանում սենյակ չունեի, այդ պատճառով քնում էի ընկերներիս սենյակում` հատակին, 5 ցենտով հանձնում էի Կոլայի շշերը, որպեսզի ուտելիք գնեի, և ամեն կիրակի երեկոյան ոտքով անցնում էի 7 մղոն կրիշնայականների տաճարում՝ շաբաթական գոնե մեկ անգամ նորմալ սնվելու: Ինձ դա դուր էր գալիս:

Եվ շատ բաներ, որոնց մեջ ես ներգրավվեցի՝ իմ հետաքրքրասիրության և ինտուիցայի շնորհիվ, հետագայում ինձ համար անգնահատելի փորձ դարձան:

Ահա մի օրինակ:

Ռիդ համալսարանն այն ժամանակ առաջարկում էր վայելչագրության թերևս լավագույն դասընթացը ողջ երկրում: Համալսարանի ամբողջ տարածքում յուրաքանչյուր պաստառ կամ արկղի պիտակ գրված էր գեղագրական ձեռագրով: Երբ ես թողեցի նորմալ ուսումը, անմիջապես սկսեցի հաճախել վայելչագրության դասերին, որպեսզի սովորեմ, թե ինչպես են դա անում: Ես իմացա serif եւ san serif տառատեսակների մասին, իմացա, թե ինչպես գտնել լավագույն միջտառային տարածությունները և թե ինչն է տեքստը գեղեցիկ ձևավորում: Դա ինչ-որ հիասքանչ մի բան էր՝ պատմական ու գեղագիտական շնչով, որը չէր կարելի բացատրել գիտական տերմիններով ու մեթոդներով: Ես հիանում էի այդ ամենով:

Ես չէի էլ կարող ենթադրել, որ դա մի օր կարող է գործնական կիրառություն գտնել իմ կյանքում: Սակայն տասը տարի անց, երբ մենք նախագծում ենք առաջին Makintosh համակարգիչը, այդ ամենը ինձ պետք եկավ: Մենք մշակեցին տառատեսակներ Mac-ի համար: Այն դարձավ առաջին համակարգիչը գեղեցիկ տառատեսակով:

Եվ եթե ես չհաճախեի վայելչագրության դասընթացներին, Mac-ը գուցե և երբեք չունենար բազմաթիվ գեղեցիկ ու համաչափ տառատեսակներ: Իսկ քանի որ Windows-ը պարզապես պատճենեց Mac-ի հնարավորությունները, ապա հավանաբար, ոչ մի համակարգիչ էլ չէր ունենա այս առանձնահատկությունը: Անշուշտ, երբ ես դեռ համալսարանում էի, չէր կարող նայել այդքան հեռուն և միացնել իրար այդ կետերը, բայց, տասը տարի անց ամեն ինչ պարզ դարձավ:

Կրկնեմ՝ առաջ նայելով դուք չեք կարող բոլոր կետերը միացնել, դուք դրանք կարող եք միացնել՝ միայն հետ նայելով: Այդ պատճառով դուք պետք է վստահեք այդ կետերին և հավատաք, որ ապագայում դրանք ինչ-որ մի կերպ կմիանան իրար: Դուք պետք է հավատաք ինչ-որ բանի՝ ձեր բնավորությանը, ճակատագրին, կյանքին, կարմային: Այսպիսի մոտեցումը երբեք ինձ հուսախաբ չի արել, և իմ կյանքի շատ ձեռքբերումներով ես պարտական եմ դրան:

Երկրորդ պատմությունը սիրո եւ կորստի մասին է

Իմ բախտը բերեց. ես բավանակին վաղ գտա այն, ինչով սիրում էի զբաղվել: Ես ու Վոզնյակը ստեղծեցինք Apple-ը ծնողներիս ավտոտնակում, երբ ես դեռ 20 տարեկան էի: Մենք տքնաջան աշխատում էինք, և տասը տարի անց ավտոտնակի 2 հոգանոց թիմից Apple–ը դարձավ 2 միլիարդ դոլարանոց և 4000 աշխատակից ունեցող ընկերություն:

Իմ 30-ամյակից մեկ տարի առաջ մենք թողարկեցինք մեր լավագույն ստեղծագործությունը` Macintosh-ը: Իսկ հետո ինձ հեռացրեցին: Ինչպե՞ս է կարելի հեռացվել մի ընկերությունից, որը դու ինքդ ես ստեղծել: Ահա թե ինչպես. երբ Apple-ը աճեց, մենք գործի ընդունեցինք մեկին, ով, ըստ իս, շատ տաղանդավոր անձ էր եւ կարող էր ղեկավարել ընկերությունն ինձ հետ միասին:

Առաջին տարիներին գործերը լավ էին գնում: Բայց հետո ապագայի նկատմամբ մեր պատկերացումները սկսեցին տարբերվել միմյանցից և ի վերջո, մենք վիճեցինք: Տնօրենների խորհուրդը պաշտպանեց նրա տեսակետը և այդպես 30 տարեկանում ինձ աշխատանքից ազատեցին, ընդ որում, հրապարակավ:

Ես կորցրի այն ամենը, ինչը իմ հասուն կյանքի ողջ ընթացքում ամենակարևոր բանն էր եղել ինձ համար: Ես ինձ դատարկված էի զգում: Մի քանի ամիս չգիտեի ինչ անել: Ես զգում էի, որ հուսախաբ եմ արել ձեռներեցների նախորդ սերնդին, որ գցել եմ փոխանցիկ փայտիկը, երբ այն ինձ էին տալիս: Ես հանդիպեցի Դեյվիդ Փաքարդի և Բոբ Նոյսի հետ և ներողություն խնդրեցի արածիս համար: Դա հրապարակային տապալում էր, և ես նույնիսկ մտածում էի փախչել որքան հնարավոր է հեռու Սիլիկոնյան հովտից: Բայց հետո ինչ-որ բան սկսեց փոխվել իմ մեջ:

Ես դեռ սիրում էի իմ գործը: Apple-ի դեպքերի նման զարգացումը չէր փոխել այդ սերը: Ինձ մերժել էին, բայց ես շարունակում էի սիրել: Այդպես ես որոշեցի ամեն ինչ սկսել նորից:

Այն ժամանակ չէի կարող պատկերացնել, որ Apple-ից հեռացվելը ամենալավ բանն էր, որ կարող էր ինձ հետ պատահել: Դա թույլ տվեց ինձ ազատագրվել և սկսել իմ կյանքի ամենաարդյունավետ փուլերից մեկը:

Հետագա 5 տարիների ընթացքում ես հիմնադրեցի NeXT եւ Pixar ընկերությունները, և սիրահարվեցի զարմանալի մի կնոջ, ով հետո դարձավ իմ կինը: Pixar-ը ստեղծեց աշխարհում առաջին համակարգչային անիմացված ֆիլմը՝ Toy Story-ն, եւ ներկայումս հանդիսանում է աշխարհի ամենահաջողակ անիմացիոն ստուդիաներից մեկը: Դեպքերի անհավանական շրջադարձի արդյունքում, Apple-ը գնեց NeXT-ը, ես վերադարձա Apple: NeXT-ում մեր կողմից ստեղծված տեխնոլոգիաները դարձան Apple-ի ներկա վերածննդի հիմքը: Իսկ ես ու Լորենը կազմեցինք մի հիանալի ընտանիք:

Ես վստահ եմ, որ այս ամենը չէր լինի, եթե ինձ Apple-ից չհեռացնեին: Դա դառնահամ դեղ էր, բայց հիվանդը դրա կարիքն ուներ: Կյանքը երբեմն հարվածում է ձեր գլխին. մի կորցրեք հավատը: Ես վստահ եմ, որ ինձ առաջ մղող ուժը սերն էր`գործի նկատմամբ: Դուք պետք է գտնեք այն, ինչ սիրում եք: Դա վերաբերում է թե աշխատանքին, թե մարդկային փոխհարաբերություններին:

Աշխատանքը միշտ էլ ձեր կյանքում շատ մեծ տեղ կզբաղեցնի, ուրեմն կյանքից գոհ լինելու միակ տարբերակը` սիրած գործով զվաղվելն է: Եթե դեռ չեք գտել այն, ինչ սիրում եք, շարունակեք փնտրել: Նույնը նաև սրտային հարցերում: Երբ գտնեք` ձեր սիրտը կհուշի, որ դա հենց այն է, ինչ պետք է ձեզ: Եվ ինչպես փոխհարաբերությունների դեպքում է, ձեր սերը աշխատանքի հանդեպ էլ ամեն տարի ավելի ու ավելի կամրանա:

Երբեք մի դադարեք փնտրել ու մի հանձնվեք:

Իմ երրորդ պատմությունը մահվան մասին է

Երբ 17 տարեկան էի, մի մեջբերում կարդացի, մոտավորապես այսպիսի. «Եթե դուք յուրաքանչյուր օրն ապրում եք այնպես, կարծես դա ձեր վերջին օրը լինի, մի օր դուք ճիշտ կլինեք»։ Այս տողերն այնպիսի տպավորություն թողեցին ինձ վրա, որ այդ օրվանից սկսած, արդեն 33 տարի շարունակ, ես ամեն օր նայում եմ հայելուն և հարցնում ինձ` «Եթե այսօր իմ վերջին օրը լիներ, կուզեի՞ անել այն, ինչը պատրաստվում եմ այսօր անել»: Եվ եթե մի քանի օր անընդմեջ պատասխանը «ոչ» է լինում, ես հասկանում եմ, որ ինչ-որ բան փոխելու ժամանակն է:

Միշտ հիշել այն մասին, որ մի օր մահանալու եմ: Այս միտքն ինձ օգնում է բարդ որոշումներ կայացնելիս, քանի որ մնացած ամեն ինչը` այլ մարդկանց սպասումները, գոռոզությունը, վախը սխալվելու և անհաջողության հանդեպ, այս ամենը նահանջում են մահվան առջև`թողնելով միայն այն, ինչն իսկապես կարևոր է:

Մահվան մասին հիշելը լավագույն միջոցն է խուսափելու այն մտքից, որ դուք կորցնելու ինչ-որ բան ունեք: Դուք արդեն մերկ եք մահվան առաջ, և պատճառ չունեք չհետևելու ձեր սրտի կանչին:

Մոտ մեկ տարի առաջ ինձ մոտ քաղցկեղ ախտորոշեցին: Առավոտյան ժամը 7:30-ին ինձ ցույց տվեցին պատկերը, որտեղ պարզ երևում էր ուռուցքը ենթաստամոքսային գեղձում: Ես նույնիսկ չգիտեի, թե ինչ է ենթաստամոքսային գեղձը: Բժիշկներն ասացին, որ քաղցկեղի այդ տեսակը չի բուժվում, և ինձ երեքից վեց ամիս է մնացել ապրելու: Բժիշկները խորհուրդ տվեցին գնալ տուն և գործերս կարգի բերել, ինչը բժիշկների լեզվով նշանակում է՝ պատրաստվեմ մահանալս: Դա նշանակում է՝ փորձել երեխաներիդ մի քանի ամսում պատմել այն ամենը, ինչ դու մտադիր էիր պատմել առաջիկա 10 տարվա ընթացքում: Դա նշանակում է՝ լուծել հնարավորինս շատ հարցեր, որպեսզի հետո ընտանիքիդ համար հնարավորինս հեշտ լինի:

Դա նշանակում է, որ պետք է հրաժեշտ տալ:

Այս ախտորոշումով ես ապրեցի ամբողջ օրը: Հետո երեկոյան ինձ բիոպսիա արեցին. էնդոսկոպը խցկեցին կոկորդս, անցան ստամոքսիս և աղիքներիս միջով, ասեղը խրեցին ենթաստամոքսային գեղձս և այդ ուռուցքից մի քանի բջիջ վերցրին: Ես գտնվում էի անզգայացման վիճակում, բայց իմ կինը, ով այդ պահին կողքիս էր, հետո պատմեց ինձ, որ, երբ բժիշկները մանրադիտակով դիտում էին այդ բջիջները, սկսեցին արտասվել՝ տեսնելով, որ ինձ մոտ ենթաստամոքսային գեղձի հազվադեպ քաղցկեղ էր, որը հնարավոր էր բուժել վիրահատության միջոցով: Ինձ վիրահատեցին, և հիմա ամեն ինչ կարգին է:

Այդ ժամանակ ես հանդիպեցի մահվանը շատ ավելի մոտ, քան երբևէ, և հուսով եմ, որ դա ամենամոտը կլինի մոտակա մի քանի տասնամյակների ընթացքում: Այժմ ես կարող եմ ասել սա ավելի մեծ վստահությամբ, քան այն ժամանակ, երբ մահն ինձ համար որոշակի հասկացություն չէր:

Ոչ ոք չի ցանկանում մահանալ: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր ցանկանում են հայտնվել դրախտում, չեն ցանկանում մահանալ, որպեսզի հայտնվեն այնտեղ: Բայց ամեն դեպքում մահը մեր բոլորի վերջին նպատակակետն է, ուր մենք կհասնենք: Նրանից ոչ ոք երբեք չի կարողացել խուսափել: Եվ այդպես էլ պետք է լիներ, քանի որ մահը, հավանաբար, կյանքի լավագույն հայտնագործությունն է: Այն վերածնում է կյանքը, թարմացնում այն: Այն մաքրում է հինը, որպեսզի ճանապարհ բացվի նորի համար: Հիմա նորը դուք եք, բայց ոչ շատ հեռու ինչ-որ մի օր դուք աստիճանաբար կդառնաք հին և կհեռանաք: Ներեցեք, բայց սա է ճշմարտությունը:

Ձեր ժամանակը սահմանափակ է, մի ծախսեք այն ուրիշների կյանքն ապրելու համար: Մի ընկեք կարծրատիպերի ծուղակը, մի ապրեք ուրիշի մտքերով: Մի թողեք, որ ուրիշների մտքերի աղմուկը խլացնի ձեր սեփական ներքին ձայնը:

Եվ ամենակարևորը, խիզախություն ունեցեք սեփական սրտին և մտքին հետևելու համար: Նրանք գիտեն, թե դուք ինչ պիտի անեք: Մնացած ամեն ինչը երկրորդական է:

Երբ ես երիտասարդ էի, կար մի զարմանահրաշ ամսագիր, որը կոչվում էր Ոողջ երկրագնդի տեղեկատու (The Whole Earth Catalog): Դա մեր սերնդի ավետարաններից մեկն էր: Այն գրել էր Ստյուարտ Բրենդ անունով մի երիտասարդ, ով ապրում էր այստեղից ոչ հեռու՝ Menlo Park-ում: Դա 60-ականների վերջին էր, նախքան անհատական համակարգիչներն ու համակարգչային հրատարակչությունները, ուստի պատրաստված էր տպագրական մեքենայի, մկրատի ու լուսախցիկի միջոցով:

Այն Google-ի թղթե տարբերակն էր՝ Google-ի ի հայտ գալուց 35 տարի առաջ՝ օգտակար գաղափարներով և տեղեկություններով:

Ստյուարտն իր թիմի հետ հրատարակեց The Whole Earth Catalog-ի մի քանի համար և, ի վերջո, թողարկեցին վերջին համարը: Դա 70-ականների կեսերին էր, երբ ես ձեր տարիքին էի: Շապիկի վերջին էջին վաղ առավոտյան ճանապարհի լուսանկար էր, այնպիսի ճանապարհի, որին դուք շատ եք եղել, եթե սիրում եք ճանապարհորդել: Նկարի տակ գրված էր. «Քաղցած մնացեք: Խենթ մնացեք»: Դա նրանց հրաժեշտի մաղթանքն էր:

Եվ ես ինձ միշտ դա եմ ցանկացել: Եվ հիմա, երբ դուք ավարտում եք համալսարանը, ես դա ձեզ եմ մաղթում:

Քաղցած մնացեք: Մնացեք խենթ։


Like it? Share with your friends!

25 shares

Մեկնաբանել

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։