Պատկերացրու, որ մի օր արթնանում ես և հասկանում, որ քո լեզվով ոչ մի գիրք չկա։ Դպրոցում չեն կարող քեզ մայրենի լեզվով սովորեցնել, իսկ հեքիաթներն ու պատմությունները գրված են ուրիշ լեզուներով։ Դժվար կլինե՞ր։ Հենց այսպիսի խնդրի առաջ էին կանգնած հայերը շուրջ 1600 տարի առաջ։
Այդ ժամանակ Մեսրոպ Մաշտոցը որոշեց ստեղծել հայոց այբուբենը և փոխեց մեր ժողովրդի պատմությունը։
Մեսրոպ Մաշտոցը ծնվել է մոտ 362 թվականին։ Նա շատ կրթված երիտասարդ էր և գիտեր մի քանի լեզու՝ հունարեն, պարսկերեն, ասորերեն և այլն։ Սկզբում աշխատել է պալատական արքունիքում որպես գրագիր, իսկ հետո դարձել է ուսուցիչ և հոգևորական։
Շրջելով Հայաստանի տարբեր վայրերով՝ նա տեսնում էր, որ մարդիկ ցանկանում են լսել ու կարդալ իրենց մայրենի լեզվով, բայց դրա համար անհրաժեշտ էր ունենալ սեփական գիրը։
Այդ ժամանակ եկեղեցական գրքերն ու դասերը հիմնականում գրված էին հունարեն կամ ասորերեն։ Շատ մարդիկ չէին հասկանում այդ լեզուները։ Մեսրոպ Մաշտոցը մտածեց․ մարդիկ պետք է կարդան և սովորեն հայերեն, երեխաները պետք է կրթվեն իրենց մայրենի լեզվով։ Միայն այդպես հայ ժողովուրդը կկարողանա պահպանել իր լեզուն, մշակույթն ու ինքնությունը։
Վռամշապուհ թագավորի և Սահակ Պարթև կաթողիկոսի հովանավորությամբ նա մեկնեց տարբեր երկրներ, որոնք ունեին գիր ու գրականություն, եղավ նրանց հռչակավոր գրադարանններում, հանդիպեց իմաստուն գիտնականների հետ։ Այս փորձն ու գիտելիքնեը կուտակելով՝ նա ձեռնամուծ եղավ ամենամեծ գործին՝ հայոց այբուբենի ստեղծմանը։
405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայերենը ճշգրիտ արտահայտող 36 տառերը։ Ավելի ուշ հայոց այբուբենին ավելացան նաև «օ», «և», «ֆ» տառերը, և այսօր մենք օգտագործում ենք 39 տառ։
Առաջին նախադասությունը, որ գրվեց նորաստեղծ այբուբենով, եղել է.
«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։
Այս խոսքերը նշանակում են, որ մարդը պետք է ձգտի իմաստության և գիտելիքի։
Մաշտոցը նաև բացեց բազմաթիվ դպրոցներ, սովորեցրեց երեխաներին կարդալ և գրել, պատրաստեց ուսուցիչներ և իր աշակերտների հետ թարգմանեց բազմաթիվ գրքեր հայերեն։
Նրա շնորհիվ Հայաստանում սկսեցին ստեղծվել գրադարաններ, գրվել գրքեր և զարգանալ գիտությունն ու գրականությունը։
Մեսրոպ Մաշտոցին անվանում են հայերի առաջին ուսուցիչը։ Նրա և Սահակ Պարթևի աշխատանքի շնորհիվ Աստվածաշունչը թարգմանվեց հայերեն։
Ըստ պատմական աղբյուրների և լայնորեն ընդունված գիտական տեսակետի՝ Մաշտոցը մասնակցել է նաև վրացական և աղվանական գրերի ստեղծմանը։
Նրա հիմնած դպրոցները դարձան գիտելիքի կենտրոններ, որտեղ սովորում էին ոչ միայն գրել ու կարդալ, այլև պատմություն, երաժշտություն և այլ գիտություններ։
Եթե չլիներ Մեսրոպ Մաշտոցը, գուցե այսօր մենք չունենայինք այն հարուստ հայ գրականությունը, որով հպարտանում ենք։ Նրա ստեղծած այբուբենը օգնել է, որ հայերենը պահպանվի դարերի ընթացքում։
Այսօր նրա անունով են կոչվում դպրոցներ, փողոցներ և մշակութային կենտրոններ։ Երևանում նրա անունն է կրում նաև հայտնի Մաշտոցի պողոտան, իսկ Օշական գյուղում գտնվում է նրա շիրիմը։
