Պատրա՞ստ ես գուշակել հետաքրքիր հանելուկներ վայրի կենդանիների մասին։ Այստեղ քեզ սպասում են կոկորդիլոսի, կենգուրուի, կապիկի, կրիայի, թութակի, առյուծի, ընձուղտի և այլ վայրի կենդանիների մասին հանելուկներ։
Ատամներն են սուր ու շատ,
Պոչն էլ երկար ու շատ հաստ
Ջրում լողում, ափին պառկում,
Արևի տակ անշարժանում։
Կոկորդիլոս
Պոչս երկար՝ ինձ հենարան,
Փորիս վրա ունեմ գրպան,
Փոքրիկս՝ իմ գրպանում,
Շատ հեռուն եմ ես ցատկում։
Կենգուրու
Ծառից ծառ է թռչկոտում,
Պոչով ճյուղից ցած կախվում,
Զվարճալի ձայներ հանում
Ու բանան նա շատ է սիրում։
Կապիկ
Իր տունը միշտ շալակած,
Դանդաղ քայլում է առաջ,
Եթե հանկարծ վտանգ տեսնի,
Գլուխ ու ոտք ներս կքաշի։
Կրիա
Թռչուն է՝ փոքրիկ ու ժիր,
Բառերն ասում է անգիր։
Փետուրներով գույնզգույն,
Մարդկանց գերում է իսկույն։
Թութակ
Ոսկե բաշ ունի
Փարթամ ու շքեղ,
Արքան է կենդանիների,
Հզոր և ուժեղ:
Առյուծ
Երկար վզով, բարձրահասակ,
Լեզու ունեմ ես կապուտակ,
Տերևներ եմ պոկում, ուտում,
Կանգնած տեղս մուշ-մուշ քնում:
Ընձուղտ
Զոլավոր մի կատու,
Մեծ ու ահարկու,
Մռնչյունը թե լսես,
Լավ կլինի՝ թաքնվես։
Վագր
Իմ նախշերով զոլավոր
Եզակի եմ, անսովոր,
Բարեկամն եմ ձիերի,
Բայց ազատ եմ ու վայրի:
Զեբր
Կա մի հսկա կենդանի,
Եվ խելացի, և բարի։
Ականջներով ճանճեր է քշում,
Քթով ջուր է հավաքում։
Փիղ
Գալարվում է սարն ի վեր,
Չունի ոտքեր ու թևեր։
Փաթաթվում է ծառի ճյուղին,
Գիտի փոխել իր կաշին։
Օձ