ՇՈԿՈԼԱԴ …


Շոկոլադ

Պատկերացնու՞մ եք` աշխարհի ամենահամեղ բաներից մեկը՝ շոկոլադը, ճանաչում է ձեռք բերել ողջ աշխարհում ընդամենը 500  տարի առաջ: Եվ ինչպե՜ս էին դիմանում առանց շոկոլադի…

Հնում շոկոլադի գաղտնիքը գիտեին միայն մայաները, ովքեր էլ փոխանցեցին այն ացտեկներին (հին և շատ զարգացած ժողովուրդներ, որոնք բնակվել են Ամերիկա մայրցամաքում և այսօր գոյություն չունեն): Ացտեկները պինդ-պինդ պահում էին այդ գաղտնիքը: Նրանց լեզվում «շոկոլադ» բառը նշանակում էր «դառը ջուր»:

Շոկոլադ

Շոկոլադ նրանք պատրաստում էին կակաոյի ծառերի պտուղներից: Ացտեկները վստահ էին, որ կակաոյի ծառերը դրախտային ծառեր են, և շոկոլադն էլ իմաստություն և ուժ է պարգևում ուտողին: Սակայն նրանց պատրաստած շոկոլադը շատ տարբեր էր այն շոկոլադից, որ մենք ենք ուտում այսօր: Նրանք շոկոլադի մեջ ավելացնում էին կծու պղպեղ, եգիպտացորեն ու հալյուցինացիաներ առաջացնող սնկեր: Ի դեպ ացտեկները կակաոյի հատիկներն օգտագործում էին նաև որպես դրամական միավոր, որը բավական թանկ արժեր: Օրինակ՝ մեկ ստրուկն արժեր 100 կակաոյի հատիկ:

Շոկոլադ

Եվ ահա այսպես ացտեկները շարունակում էին ողջ աշխարհից թաքցնել շոկոլադի գաղտնիքը ու միայնակ վայելել շոկոլադե աշխարհը: Բայց տարիներ անց Քրիստափոր Կոլումբոսը, իսկ նրանից հետո էլ մյուս եվրոպացի ճանապարհորդները բացահայտեցին Ամերիկան ու նաև այն բոլոր հրաշքները, որ ստեղծել էին տեղի ժողովուրդները: Շոկոլադն էլ անմիջապես գրավեց նրանց ուշադրությունը և չնայած նրան, որ շատ թանկ արժեր, անմիջապես «ճանապարհ ընկավ» նրանց հետ դեպի Եվրոպա:

Իհարկե, սկզբում շոկոլադը հասանելի էր միայն արքաներին ու ազնվականներին, բայց տարիների ընթացքում այն դարձավ բոլորի ամենասիրելի քաղցրավենիքներից մեկը ու ամենատարածվածը: Այն կարելի էր տեսնել բոլոր երկրներում ու բոլորի ձեռքին: Նաև ստեղծվեցին շոկոլադի ամենատարբեր տեսակներ, ու մեկը մեկից լավը…Այսօր շոկոլադի ամենամեծ սիրահարներից են բրիտանացիները, միջին հաշվարկով ամեն բրիտանացի ուտում է 8 կգ շոկոլադ ամեն տարի, իսկ շվեցարացիները, ովքեր հայտնագործել են սպիտակ շոկոլադը, ուտում են 11 կգ մեկ տարվա ընթացքում:

Շոկոլադ

Պակաս շոկոլադասեր չենք նաև մենք, չէ՞ որ հենց Հայաստանում է սահմանվել աշխարհի ամենաքաղցր ռեկորդը: 2010թ. «Գրանդ Քենդ» ընկերությունում 40 մարդ չորս օրում պատրաստեցին 4 տոննա 410 կիլոգրամ կշռով շոկոլադե սալիկ։ Դա ամենամեծ շոկոլադե սալիկն էր աշխարհում: Այդ շոկոլադը մեկ մարդը կկարողանար ուտել 450 տարում, ուստի Գրանդ Քենդին հրավիրեց մեր բոլոր քաղաքացիներին` հանրապետության հրապարակում համտեսելու ռեկորդակիր շոկոլադը:

Իսկ ահա այս բոլոր զարմանալի իրերը դուք համտեսել չեք կարողանա, բայց նրանց նայելով՝ կարող եք մի լավ զվարճանալ: Շոկոլադե երևակայությունը ահա թե ինչեր կարող է ստեղծել:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։