ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՎԱՐՍԱՎԻՐԱՆՈՑ


4 shares
վարսավիրանոց

Երբ դեռ Ձեր երեխան շատ փոքրիկ էր, Դուք ինքներդ էիք զբաղվում նրա ճակատը մազափնջիկներից ազատելու գործով, սակայն անցավ մեկ-երկու տարի, և հասկացաք, որ նրա սանրվածքը այլևս մասնագիտական խնամք է պահանջում: Սակայն դեռ պարզ չէ` ինչպես երեխան կընդունի այն փաստը, որ ինքը պիտի «խելոք» նստի թիկնաթոռին այն ժամանակ, երբ ինչ-որ անծանոթ իր գլխավերևում մկրատ է պտտեցնում…

Որպեսզի փոքրիկը չսկսի համառել ու լաց լինել օտար միջավայրում, Դուք պետք է նախապես մանրամասն պատմեք նրան այն մասին, թե ինչ է լինելու վարսավիրանոցում, և ինչ կպահանջվի իրենից լավ արդյունք ստանալու համար:

Դուք կարող եք վարսավիրանոց բերել երեխայի սիրելի խաղալիքը, պատկերազարդ գիրք, որոնք կօգնեն «կրիտիկական» պահերին հանգստացնել նրան: Որպեսզի վարսավիրանոցում ավելի քիչ ժամանակ անցկացնեք, լվացեք երեխայի մազերը տանը, իսկ հետո մասնագետը միայն կխոնավեցնի դրանք: Եթե երեխային հարմար չէ թիկնաթոռը, կարող եք նստեցնել նրան ձեր ծնկներին. այդպես նա իրեն շատ ավելի ապահով կզգա:

Որոշ երեխաներ խուճապի են մատնվում` հատակին տեսնելով իրենց կտրված մազերը: Փոքրիկների մեջ ամբողջականության զգացումը դեռ շատ փխրուն է. նրանք դժվարությամբ են բաժանվում այն ամենի հետ, ինչ իրենց է պատկանում: Դրա համար երեխային պետք է անպայման նախապես բացատրել, որ մազերը միշտ աճում են, և ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է դրանք կտրել, որպեսզի իրենց ծանրությամբ ու առատությամբ մարդուն անհանգստություն չպատճառեն:

Մի մոռացեք փոքրիկին ասել նաև, որ վարսահարդարումից հետո նա շատ գեղեցիկ տեսք կունենա: Ձեր հիացական արտահայտությունները կուրախացնեն նրան, ինչպես նաև վարսահարդարին:

Սակայն եթե այդուհանդերձ վարսավիրանոց այցելելու օգտին արված համոզիչ փաստարկները հանդիպում են հուսահատ դիմադրության, ապա արժե վարսահարդարին տուն հրավիրել. իր միջավայրում երեխան ավելի հեշտությամբ կվստահի անծանոթին: Պատվով հաղթահարելով առաջին փորձությունը` փոքրիկը հաջորդ անգամ առավել բարյացկամ կվերաբերվի վարսավիրանոց այցելելու Ձեր առաջարկությանը:

Վարսահարդարման նկատմամբ երեխայի վախը հաղթահարելու մեկ միջոց ևս. թող նա Ձեր կողքին լինի, երբ հարդարում են հենց Ձեր վարսերը: Այդ ժամանակ փոքրիկը կտեսնի, որ վտանգավոր ոչինչ չկա: Ավելին` համակված մեծահասակներին նմանվելու փափագով` նա գուցե և ուրախանա, որ իր մազերը նույնպես կտրելու են:

Մեկ-երկու այցելություն վարսահարդարին, և Ձեր փոքրիկն արդեն ինքը կպահանջի գեղեցիկ սանրվածք, երբ դրա անհրաժեշտությունը զգա:

 Պատրաստեց Աննա Աբասյանը


Like it? Share with your friends!

4 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։