ԻՍԿ ԴՈՒՔ ՎԻՆԻ ԹՈՒԽԻՆ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԻ ՉԵ՞Ք ՆՄԱՆԵՑՆՈՒՄ


Երբ Ֆյոդոր Խիտրուկն ու նրա թիմը սկսեցին աշխատել Վինի Թուխի մասին պատմող ռուսական մուլտի վրա, նրանք դիմեցին բավական արկածախնդիր քայլի: «Մեր բյուջեն շատ սուղ էր, մենք հեղինակային իրավունքները չգնեցինք, չվճարեցինք գրքի թարգմանչին: Եվ հետո էլ մեր մուլտֆիլմը չէիք կարող ցույց տալ ողջ աշխարհին: Անգամ վախենում էինք, որ կարող էին արգելել մեր աշխատանքի ցուցադրումը: Բայց դա տեղի չունեցավ, մեր մուլտը երևի շատ էր սիրվել»,- պատմում է մուլտֆիլմի մուլտիպլիկատոր Վլադիմիր Զույկովը:

Հենց այս մուլտիպլիկատորն էլ փորձեց նոր շունչ հաղորդել գրքի հերոսներին: Վինի Թուխին նա փորձեց նկարել իր մանկության խաղալիք արջուկի նմանությամբ: Բայց արջուկը ստացվեց շատ կլոր, փրչոտ ու անհավասար մեծության աչքերով:  Ռեժիսորին այդ տարբերակը դուր չեկավ, և նրանք միասին սկսեցին նկարել նոր տարբերակներ:

Ֆյոդոր Խիտրուկը
Ֆյոդոր Խիտրուկը

Եվ բոլորովին պատահաբար գտնվեց լուծումը: Սկզբում որոշվել էր նկարել կերպարը, ապա գտնել այն դերասանին, ով կհնչյունավորեր նրան: Բայց Վինի Թուխի ճիշտ պատկերն այդպես էլ չէր գտնվում: Եվ հանկարծ Ֆյոդոր Խիտրուկը հիշեց, որ իր արևմտյան գործընկերները մեկ անգամ չէ, որ գտել են հնչյունավորող դերասանին և նոր միայն նկարել մուլտհերոսին՝ նմանեցնելով հենց դերասանին:

Երբ ստուդիա եկավ դերասան Եվգենի Լեոնովը և կանգնեց բարձրախոսի մոտ, թեքեց գլուխն ու խորամանկորեն ժպտաց, բոլորը միանգամից բացականչեցին. «Ահա և Վինի Թուխը»: Փաստորեն Եվգենի Լեոնովը Վինի Թուխին ոչ միայն իր ձայնը նվիրեց, այլև օգնեց գտնել իր կերպարը:

Որպեսզի Վինի Թուխի ձայնն ավելի արտահայտիչ ստացվեր, այն մի փոքր արագացնում էին: Լեոնովը շատ էր անհանգստանում. արդյոք ստացվո՞ւմ է իր մոտ Վինիին լավ հնչյունավորել, թե ոչ: Ասում են, ժամանակ առ ժամանակ նա նույն Վինիի ձայնով փնթփնթում էր. «Վերջ, ես գնացի: Այսպես լավ չէ»: Եվ ստեղծագործական ողջ թիմը սկսում էր նրան համոզել, որ ամեն ինչ հրաշալի է: Շատերը Լեոնովին արդեն կոչում էին «Մեր բարի Վինի Թուխը»:

Ի դեպ, նկատե՞լ եք՝ Վինի Թուխը մուլտֆիլմում այնքան էլ ճիշտ չի քայլում, աջ թաթը շարժվում է աջ ոտքի հետ: Դա էլ արդեն անիմատորների սխալն է: Պատահաբար է ստացվել նաև Վինիի ծուռ ականջը (դե նա այդ ականջի վրա էր քնում):

Վինիի ընկերը՝ Դնչիկը, նույնպես հեշտ ճանապարհ չի անցել: Սկզբում մուլտիպլիկատորները նրան նկարել էին թմբլիկ, կուշտ կերած խոզուկի պես: Սակայն հետո սցենարիստի պնդմամբ ստացվեց ահա այս Դնչիկը՝ նուրբ, փխրուն ու փոքրիկ:

Եվ թեկուզ շատ երկրներում կարծում էին, որ Վինի Թուխին Ռուսաստանում երևի դարձրել են իրենց գաղափարերի կրողը ու քաղաքականացրել, մենք հո լավ գիտենք, թե որքան բարի ու անմեղ հերոս է Վինին: Իրականում նա գրեթե ազգային հերոս դարձավ Ռուսաստանում: Դե իսկ Եվգենի Լեոնովի անունն այդպես էլ մնաց՝ Վինի Թուխ: Անգամ հենց ինքը իրեն այդպես էր անվանում ու բոլորովին չէր բարկանում, երբ իր ետևից բոլորը կանչում էին այդպես՝ Վինի Թու՜խը

Անահիտ Ալեքսանյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։