Մենք բոլորս գալիս ենք մանկությունից ու մեր երազնանքերն էլ մանկությունից ենք բերում մեզ հետ: Դրանց համար պայքարելը որքան հաճելի է, այնքան էլ դժվար է: Բայց երբեք չի կարելի մոռանալ. մանկության երազանքի առաջ դու միշտ պատասխանատու ես… Ահա քեզ մի փոքրիկ երազանքի պատմություն…
Խիստ ու ավանդապահ ընտանիքում էր ծնվել Ուոլտ Դիսնեյը, երեխաներին անընդհատ դաժան ծեծի ենթարկող հայրը նկարիչներին մակաբույծներ ու անբաններ էր համարում, և Ուոլտը չէր էլ կարող համարձակվել բարձրաձայն խոսել իր երազանքի մասին: Տանը թուղթ ու մատիտ անգամ չկար, և Ուոլտը ածուխով նկարում էր անձեռոցիկների ու պատերի վրա ու երազում, որ մի օր իսկական կոմիքսներ կնկարի:
Դիսնեյը աշխատում էր գրեթե 5 տարեկանից, փողոցներում ու գնացքներում թերթ էր վաճառում, կաթ ու զովացուցիչ հյութեր: Շուտով հարևանները նկատեցին նաև նրա նկարները, և Դիսնեյը մի քանի ցենտով սկսեց վաճառել նաև դրանք: 40 տարի հետո այդ նկարները վաճառվելու էին աուկցիոններում: Բայց մինչ այդ Դիսնեյին շատ հիասթափություններ, վերելքներ ու անկումներ էին սպասվում:
17-ամյա Դիսնեյը նոր էր աշխատանքի ընդունվել Կանզասի թերթերից մեկում որպես ծաղրանկարիչ, երբ նրան հեռացրին` նկարելու ակնհայտ անընդունակության համար: Մեկ ուրիշն անմիջապես կհուսահատվեր, բայց ոչ Դիսնեյը: Առհասարակ նրան դժվար էր կոտրել: «Երբ գործերը վատ են ընթանում, ես ավելի վճռական եմ դառնում: Այնպես որ կյանքի հարվածները ինձ միայն օգուտ են տալիս»,-ասում էր նա: Իսկ այդ հարվածները բոլորովին էլ քիչ չէին: Ամենապատասխանատու պահին միշտ ընդհատում էին մուլտֆիլմերի ֆինանսավորումը, գողացվում էին մտքերը, մուլտհերոսների օգտագործման իրավունքը հայտվում էր ուրիշի ձեռքում:
Բայց այս ամենից հուսահատվելու փոխարեն Դիսնեյը պարտքով գումար վերցրեց, ձեռք բերեց կինոխցիկ ու հորեղբոր ավտոտնակում ստեղծեց իր առաջին ստուդիան: Նրա առաջին պատվիրատուն մի ատամնաբույժ էր: Դիսնեյը սիրով ընդունեց պատվերը և որպես վարձատրություն խնդրեց վերցնել իր կոշիկները կոշկակարի կրպակից. հանդիպման գալու համար նա կոշիկ չուներ: Դրանք Դիսնեյի կյանքի ամենամռայլ օրերն էին:
Հաջողությունը, ճիշտ է, նրան անմիջապես չայցելեց: Անգամ Հոլիվուդում, ուր նա մեկնեց նոր կյանք սկսելու, նրան բոլորովին էլ գրկաբաց չընդունեցին: Դիսնեյն ամեն ինչի հասավ աշխատասիրության շնորհիվ, անքուն գիշերներ ստուդիայում, պայքար ու էլի պայքար հանուն երազանքի: Մեր ամենասիրելի մուլտֆիլմերը ստեղծվել են հենց այդ պայքարի գնով:
Եվ միայն Միկի Մկնիկն էր, որ անմիջապես հաջողություն ունեցավ: Դիսնեյը, որ ողջ կյանքում սարսափում էր մկներից, ստեղծեց զվարճալի մկնիկի կերպարը: Այսօր Միկին ավելի քան 80 տարեկան է, բայց ամենասիրելի մուլտհերոսն է մինչև այժմ: «Ես շատ կանանց եմ հանդիպել, բայց Միկիին միշտ էլ նրանց բոլորից շատ եմ սիրել», – ասում էր Դիսնեյը:
Միկի Մաուսը Ամերիկայում խորհրդանիշերից մեկն է, ամերիկացիներն այնպես են սիրում այս մկնիկին, որ սիրով նախագահ կընտրեին նրան: ԱՄՆ նախագահի բոլոր ընտրությունների ժամանակ բազմաթիվ քվեաթերթիկների վրա ջննջված են լինում բոլոր թեկնածուների անունները և գրված է լինում Միկի Մաուս: Ընտրությունների ժամանակ Միկին հավաքում է ձայների 1%-ը: Միկին նաև ահռելի հարստության տեր է: Նրա տարեկան եկամուտը կազմում է 6 միլիարդ դոլար:
Ուոլտ Դիսնեյը հավատաց նաև իր մյուս երազանքին` ստեղծել այնպիսի զբոսայգի, որտեղ ամբողջ ընտանիքը կկարողանա միասին ուրախանալ: Դիսնեյլենդը հիմնադրվեց 1955թ.ին և Դիսնեյը, իր արխիվում ունենալով 526 մուլտֆիլմ, նկարչից վերածվեց նաև հաջողակ բիզնեսմենի:
1966թ. Դիսնեյի մահվանից հետո էլ նրա գործը շարունակեցին, և շատերը նույնիսկ մոռացան, որ Ուոլտ Դիսնեյը իրական մարդ է եղել, բայց մնաց այն հրաշքի զգացողությունը, որ ամեն անգամ ապրում են երեխաները և նույնիսկ մեծերը, երբ հեքիաթային հնչյունների ուղեկցությամբ էկրանի վրա հայտնվում է արքայական դղյակն ու գրվում է Ուոլտ Դիսնեյ:
Ուրախ ու վառ գույներով մուլտհերոսներն էլ անտարբեր չեն թողնում ոչ մի երեխայի, հնարավոր չէ շրջանցել Դիսնեյի մուլտհերոսներով հագուստները, պայուսակները, տետրերը և ամեն-ամեն ինչ: Իսկ վաղուց հայտնի է, երեխայի ընտրությունը նաև նրա ծնողների ընտրությունն է: Դիսնեյլենդ բառն էլ ասոցացվում է երջանիկ մանկության ու կախարդական աշխարհի հետ: Մեծ երազողի երազանքն այսօր յուրաքանչյուր երեխայի երազանքն է… Իսկ նրա կյանքի պատմությունը երևակայության, լավատեսության ու սեփական ուժերով հաջողության հասնելու լավագույն օրինակ…
Անահիտ Ալեքսանյան