մանկական կաթնամթերք

ԼԻՔԸ ԲԱՆ, ՈՐ ՉԳԻՏԵՆՔ ԿԱԹԻ ՄԱՍԻՆ

1 min


Եթե դու էլ ինձ պես առավոտյան կաթ խմել չես սիրում ու փորձում ես հազար ու մի պատճառաբանություն գտնել, երբ մայրիկը կաթով լի բաժակով մոտենում է քեզ, ապա այս էջը հենց քեզ համար է: Ճանաչենք մեր «թշնամուն», գուցե նա այնքան էլ վատը չէ, և նրան խմելն էլ այնքան սարսափելի չէ, որքան կարող է թվալ: Դե ուրեմն սկսենք: Գիտեի՞ք, որ…

Կաթի  85-95 %-ը կազմում է ջուրը: Մնացած մասը իրենց մեջ բաժանում են վիտամինները, սպիտակուցները, ածխաջրերը և ճարպերը:

Կովը կաթ տալ չի կարող, քանի դեռ հորթուկ չի ունեցել:

10 լիտր կաթից կարելի է ստանալ 1 կգ պանիր: Ամեն օր կովը տալիս է 90 բաժակ կաթ, այսինքն՝ մոտավորապես 200.000 կաթ իր ողջ կյանքի ընթացքում:

Տարիներ առաջ ագարակատերերը կովերին շատ դժվարությամբ էին կթում՝ ընդամենը 6 կով 1 ժամում, իսկ երբ 1894 թվականին ստեղծվեցին կթող սարքավորումներ, այդ գործընթացը շատ հեշտացավ: Այսօր նրանք կարող են կթել ավելի քան 100 կով 1 ժամում:

Իսկ 1964 թվականից սկսած կաթը սկսեց վաճառվել թղթե տուփերի մեջ փաթեթավորված:

Ուղտի կաթը, կովի կաթի հետ համեմատած, ավելի հեշտ է յուրացվում մարդու օրգանիզմի կողմից և ավելի շատ C վիտամին է պարունակում, նաև ավելի ուշ է թթվում: Այս կաթը անապատային երկրների հիմնական սնունդն է:

Սակայն մայրական կաթին իր բաղադրությամբ ամենից նման համարվում է այծի կաթը, այնպես որ հենց այդ կաթն է խորհուրդ տրվում փոքրիկ երեխաներին:

Մարդիկ ոչ միշտ են կարողացել կաթ խմել: Շատ ու շատ տարիներ առաջ մարդկային օրգանիզմը չէր կարող ընդունել կենդանական կաթ, և միայն տարիների ու դարերի ընթացքում մարդկանց մոտ առաջացավ մի ֆերմենտ՝ լակտոզան, որը թույլ տվեց կաթ օգտագործել: Եվ որքան էլ տարօրինակ թվա,  Ամերիկայի, Ավստրալիայի, Արևելյան Աֆրիկայի բնիկ ժողովուրդների և չինացիների մոտ այդ ֆերմենտն այդպես էլ չառաջացավ և նրանք մինչև այսօր էլ կաթ չեն կարողանում խմել: Կաթ խմելու ունակությունը այսօր էլ կորցնում են նաև շատ մարդիկ, երբ ծերանում են:

Կենդանական կաթ մարդիկ սկսել են օգտագործել 8000 տարի առաջ, երբ կովը և մյուս կաթնատու կենդանիները դարձել են ընտանի:

Դեռ հին ժամանակներից մարդիկ գուշակել են կաթի օգտակար հատկությունների մասին, և թագուհիներն ու արքայական տիկինները նույնիսկ կաթնային լոգանքներ են ընդունել իրենց մաշկի գեղեցկության համար:

Կաթը նաև ավելի արդյունավետ է դարձնում այն մարդկանց ջանքերը, ովքեր փորձում են նիհարել. դա ապացուցել են գիտնականները:

Եվ ի զուր չեն բժիշկները խորհուրդ տալիս կաթ խմել ամեն օր: Այն հարստացնում է օրգանիզմը  կալցիումով, ֆոսֆորով, A, B2, B12, B3, D վիտամիններով և օգնում է խուսափել բազմաթիվ հիվանդություններից:

Կաթի օգնությամբ դուրս է գալիս նաև  հագուստի վրայի թանաքի թարմ հետքը:

Ասում են, թե կաթն ավելի արագ է թթվում ամպամած եղանակին: Դրան մարդիկ հավատում էին դարեր առաջ, սակայն, որքան էլ զարմանալի է, գիտնականներն ապացուցեցին, որ իրականում էլ հենց այդպես է, իսկ մեղավորը էլեկտամագնիսական ազդակներն են:

Շատերը կարծում են, թե կատուները անչափ շատ են կաթ սիրում: Իրականում դա շատ մեծ սխալմունք է: Կաթը խիստ վնասակար է փիսիկների համար, անգամ շատ փոքր հասակում:

Եվ ինչպես մեր կյանքում կարևոր տեղ զբաղեցնող ամեն կարևոր բան, կաթն էլ իր միջազգային օրն ունի: Այո, այո, հունիսի 1-ին շատ երկրներում նշվում է Կաթի միջազգային օրը: Որոշ երկրներ տարբեր ամսաթվերի են այն նշում, օրինակ՝  Ավստրալիայում այն տոնում են սեպտեմբերի 26-ին, Մալազիայում՝ հունիսի 11ին, Ֆինլանդիայում էլ՝ հունիսի 3-ին:

Իսկ վերջում պատասխանիր ահա այս հարցերին. 

Ի՞նչ գույն ունի հյուսիսային արջը:

Ի՞նչ գույնի է աղավնին:

Ի՞նչ գույն ունի մածունը:

Ի՞նչ գույնի է ձյունը:

Ի՞նչ է խմում կովը:

Ծիծաղեցի՞ր… Դե ուրեմն այդ բարձր տրամադրությամբ էլ շտապիր խոհանոց… Հավանաբար մի բաժակ թարմ կաթը այնտեղ հենց քեզ է սպասում…

Անահիտ Ալեքսանյան


Mocak