ՀԵՔԻԱԹ 17. «ԱՂՋԻԿՆ ՈՒ ԿԱՆԱՉ ՄԱՐԴՈՒԿԸ»

1 min


այլմոլորակայինԼինում է չի լինում, մի աղջիկ է լինում: Նրա անունը Մերի է լինում: Մերին շատ էր սիրում բնագիտության դասերը և բնագիտության ուսուցչուհուն, քանի որ ուսուցչուհին շատ հետաքրքիր բաներ էր պատմում տիեզերքի և մոլորակների մասին:

Իսկ Մերիին դա շատ էր դուր գալիս, և նա բազմաթիվ հարցեր էր տալիս ուսուցչուհուն: Այդ հետաքրքրությունից շատ ոգևորված ` բնագիտության ուսուցչուհին մի օր մի շատ հետաքրքիր գիրք է նվիրում Մերիին տիեզերքի մասին, որը Մերին շատ արագ, համարյա մեկ օրում, կարդում է : Ու ահա, թե ինչ է պատահում դրանից հետո:

Մի օր , երբ նա հերթապահում էր դասարանում և մենակ էր, դեռ բնագիտության դասի տպավորության տակ, ընկավ մտքերի մեջ. «Իսկ եթե ուրիշ մոլորակում կյանք կա… »: Եվ հանկարծ ` հրա՜շք… Մի կուրացնող լույս ծագեց, հետո այն դանդաղ մարեց, և աղջկա աչքերի առջև հայտնվեց թռչող ափսե: Ափսեից դուրս եկավ մի այլմոլորակային: Նա կանաչ էր, ուներ երեք աչք և նման էր փոքրիկ մարդուկի: Մերին աչքերին չհավատաց, տրորեց աչքերը, բայց մարդուկը ոնց կար, տենց կար` դա իրականություն էր: Մերին մոտեցավ և բարևեց.

-Բարև, ո՞վ ես դու, – զարմացած հարցրեց նա:

Մարդուկը տարօրինակ ձևով նայեց,և աղջիկը կրկնեց.

-Привет, hello…

Մարդուկը անհասկացողի պես, չռված աչքերով, նայում էր աղջկան, որը սկսեց նրա հետ թվերով խոսել.

-1, 2, 3, 6, 4, 7 …

Տարօրինակ մարդը պատասխանեց.

-Ինչե՞ր ես խոսում, ես հայերեն հասկանում եմ:

Մերին շատ զարմացավ, որովհետև նրան թվում էր, թե մարդուկը իրեն կամ չի՛ լսում, կամ էլ չի՛ հասկանում:

– Ուրեմն դու ուրիշ մոլորոկի՞ց ես,-ոգևորվեց Մերին:

-Այո՛, ես…,-կիսաշրջված սկսեց պատասխանել մարդուկը:

-Դու Մարսի՞ց ես,- համարյա ճչալով ընդհատեց նրան Մերին:

-Այո՛, ես Մարսից եմ,- մաքուր հայերենով պատասխանեց կանաչ մարդուկը:

Մերին անհամբեր հարցրեց.

-Իսկ այնտեղ կյանք կա՞.

– Այո՛, բայց միայն ինձ համար,- աչքերը պտտացնելով այս ու այն կողմ պատասխանեց մարդուկը:

-Բայց ինչու ՞, մի թե՞ դու շնչում ես, իսկ ես՝ ոչ,- բարկացավ Մերին:

-Ո՛չ , ո՛չ , պարզապես մեր ապրելու տեղը ուրիշ է, մեր ապրելու ձևը ուրիշ է, և մենք աչքերով ենք շնչում, ականջներով տեսնում, բայց խոսում ենք, ինչպես դուք` բերանով,- շտապեց հանգստացնել Մերիին մարդուկը:

Աղջիկը մի փոքր չհավատաց, բայց մարդուկը կողքով էր կանգնած և աչքերն էլ դուրս ցցած: «Ուրեմն այս ամենը ճիշտ է», – մտածեց Մերին: Զարմացած աղջիկը հարցրեց. թե նախկինում նա եղե՞լ է Երկիր մոլորակում:

-Ո՛չ , ես այստեղ առաջին անգամ եմ,- պատասխանեց մարդուկը:

-Իսկ ես այստեղ արդեն տասը տարի եմ ապրում,- հպարտորեն ասաց Մերին:

-Դու արդեն տա՞սը տարեկան ես,- զարմացավ մարդուկը.

-Այո՛,-ուրախ պատասխանեց Մերին ու մոտեցավ մարդուկին:

-Իսկ ես …

-Մերի՛ ,ութն անց է երեսուն րոպե, վե՛ր կաց, դու ուշանում ես դասից,- հանկարծ բարձր լսվեց մայիրկի ձայնը:

«Ահա սա իմ մայրիկն է: Ուրեմն այս ամենը շատ գեղեցիկ մի երազ էր …ափսո՜ս … ու մայրիկս ընդհատեց այն ինչ-որ մաթեմատիկայի ինչ-որ ստուգողականի համար, բայց ոչինչ, հաջորդ գիշեր կշարունակվի»,- մտածեց Մերին և շտապեց հագնվել, որովհետև մաթեմատիկայից բացի նա բնագիտության դաս էլ ուներ այդ օրը:
Իսկ այդ օրը Մերիի հետ կատարվածի մասին ես կպատվեմ ձեզ հաջորդ հեքիատում:

Մերի Ասլամազյան

10 տարեկան

ք.Երևան, Ռուբեն Միրոյանի
անվ. 77 դպրոց


Մոծակ