ՀԵՔԻԱԹ 20. «ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՎՐՁԻՆԸ»


2 shares
Հեքիաթ Կախարդական Վրձինը

Հին ժամանակներում, երբ դեռ գոյություն ուներ կախարդանքը, մի հեռու երկրում ապրում էր մի չար կախարդ` իր մոտ պահելով չքնաղադեմ մի աղջկա: Նրա անունը Էլինա էր: Էլինան շատ էր սիրում նկարել, սակայն կախարդը արգելում էր նկարել և պահանջում էր իր համար աշխատել: Երբ կախարդը տնից դուրս էր գալիս, Էլինան անմիջապես մտնում էր իր սենյակ և սկսում նկարել: Էլինան ընկերացել էր մի շատախոս նապաստակի և բարի վիշապիկի հետ: Նրանք շատ էին օգնում Էլինային բոլոր հարցերում:

-Մի օր էլ ես կքայլեմ կանաչապատ դաշտերով, ծովի եզերքով և կհանդիպեմ իմ արքայազնին ,- երազում էր Էլինան:

-Կախարդը գալիս է ,- խուճապի է մատնվում նապաստակը:

Նրանք անմիջապես հավաքում են բոլոր ներկերը և դուրս գալիս սենյակից:

-Ինչպե՞ս անցավ Ձեր զբոսանքը, տիրուհի’:

-Դա քո գործը չէ: Թեյ բեր իմ սենյակ: Այդ ի՞նչ է, նորից նկարե՞լ ես, իսկ գործե՞րդ:

– Ներեցեք, տիրուհի,- պատասխանում է Էլինան ,- ես ամեն գործ արել եմ:

-Դու շատ անշնորհակալ ես, քեզ փոքրուց պահում, կերակրում եմ, իսկ դու՞:

Անցնում են օրեր: Մի անգամ Էլինան խոհանոցում գործ անելիս պատահական մի արձանիկի է կպչում, և նրա առջև բացվում է գաղտնի մի դուռ: Նապաստակն ու վիշապիկը վախեցած իրար են նայում: Էլինան իր հետաքրքրությունից դրդված իր ընկերների հետ ներս է մտնում:

– Այստեղ վաղուց ոչ ոք չի եղել ,- նկատում է Էլինան:

-Այս ի՞նչ նկարներ են, այս ի՞նչ տուփ է ,- շատախոսում է նապաստակը:

Էլինան բացում է այդ տուփը, որի մեջ մի կախարդական վրձին կար, վրան գրված` «Սիրով մեր փոքրիկ Էլինային` հայրիկից և մայրիկից»: Նա հասկանում է, որ վրձինը պատկանում է իրեն: Դուրս գալու պահին նկատում են, որ սենյակից մի թունել է բացվում: Էլինան իր ընկերների օգնությամբ հասնում է թունելի ծայրը: Այնտեղ բացվում է մի գեղեցիկ տեսարան. արքայազնը իր շքախմբով դուրս էր եկել որսի: Նա նկատում է Էլինային և սիրահարվում: Էլինան այնքան էր տարվել արքայազնով, որ մոռացել էր կախարդի մասին: Սակայն նրա ընկերները հիշեցնում են, որ պիտի տուն վերադառնան: Նրանք անմիջապես վերադառնում են և լսում, թե ինչպես է կախարդը բղավում տնով մեկ: Նա տեսնում է, որ Էլինան մտել է այդ սենյակ ու պատժում է խեղճ աղջկան` փակում է իր սենյակում:

Էլինան հանում է իր կախարդական վրձինը, սկսում նկարել պատի վրա ու տեսնում կախարդական վրձնի հրաշքը: Նա ուզում էր շոշափել նկարը, բայց ձեռքը մտնում է նկարի մեջ: Էլինան իր ընկերների հետ մտնում է նկարի մեջ և հայտնվում արքայազնի թագավորությունում: Արքայազնը, տեսնելով նրան, մոտենում է և հարցնում, թե որտեղ է եղել այսքան ժամանակ, որ իրեն շատ է փնտրել:

-Ինձ մի չար կախարդ իր մոտ է պահում և թույլ չի տալիս դուրս գամ իմ տնից ,- պատասխանում է Էլինան:

– Ես քեզ պարահանդեսի եմ հրավիրում, իմ թանկագի’ն Էլինա:

– Կաշխատեմ գալ:

Էլինան վրձնի օգնությամբ վերադառնում է իր սենյակ և երազում պարահանդես գնալու մասին: Վրձինը կպչում է իր շորին և մի այնպիսի գեղեցիկ զգեստ է դառնում Էլինայի մաշված շորը, որ նա որոշում է անպայման ընդունել արքայազնի հրավերը: Վրձնի օգնությամբ Էլինան և իր ընկերները հայտնվում են թագավորությունում: Իրենց հեռանալուց հետո վրձնի օգնությամբ փակում են և այլևս չեն վերադառնում չար կախարդի տունը: Կախարդը կատաղությունից քանդում է իր պալատը և ինքը մնում քարերի տակ: Էլինան և արքայազնը ամուսնանում են, ապրում երկար ու երջանիկ:

Կարինե Պոստոլակյան

8 տարեկան

Լոռու մարզի Վանաձորի N8 միջնակարգ դպրոց


Like it? Share with your friends!

2 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։