ԴԱԼԻԹԱ. ՄԵՐ ԴԵՍՊԱՆԸ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ

1 min


Դալիթա Մանկական ԵվրատեսիլՀաշված օրեր են մնացել մանկական երգի ամենամեծ տոնին և երևի թե այսօր չկա մի մարդ մեր երկրում, որ հետաքրքրված չլինի՝ ո՞վ, ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ ու ինչպե՞ս… Խոսքը, իհարկե, Մանկական Եվրատեսիլի մասին է, որն այս տարի հյուրընկալվելու է Հայաստանում: Իսկ Մանկական Եվրատեսիլի հետ կապված մեզ անհանգստացնող հարցերի պատասխանները փորձելու ենք գտնել այս մրցույթում մեր դեսպանի՝ Դալիթայի հետ միասին:
Այսօր դու հանդես ես գալիս որպես դեսպան Մանկական Եվրատեսիլում, գուցե ապագայում քեզ իսկապես որպես դեսպան տեսնե՞նք:

-Այո, ինչու ոչ: Դա նույնպես շատ լավ մասնագիտություն է:

Բայց մինչև այդ կարծում եմ մենք դեռ այնքան բան ունենք խոսելու երգի, պարի, մրցույթների ու մանկական աշխարհի մասին, որ դեսպանի մասնագիտությունը ստիպված կլինի մի քիչ սպասել: Սկսենք ամենասկզբից: Հայ հանդիսատեսը քեզ ճանաչեց որպես պարուհի: Արդյո՞ք պարը հիմա քեզ համար նույնքան կարևոր տեղ է զբաղեցնում:
-Ես փոքր տարիքից շատ եմ սիրել պարել: Հիմա էլ չեմ մոռացել պարի մասին: Շարունակում եմ պարել, և այն ինձ հետ միշտ կլինի նաև երգի ասպարեզում, որովհետև այստեղ էլ այն շատ կարևոր գործոն է:
Դալիթա, կպատմե՞ս, թե ինչպես որոշեցիր երգով զբաղվել: Եվ արդյո՞ք մեկը մյուսին չխանգարեցին:

-Ես երգել եմ վեց տարեկանից և հիմա սովորում եմ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում: Երբ մասնակցեցի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան մրցույթ-փառատոնին, ցանկացա շարունակել երգով զբաղվել: Բայց վստահ կարող եմ ասել, որ երգը և պարը իրար չեն խանգարում: Պարի ասպարեզում նույնպես ունեմ հաղթանակներ, Սայաթ Նովայի «Աննա» պարով օլիմպիադաներում զբաղեցրել եմ մրցանակային առաջին տեղը:

Դալիթա Մանկական ԵվրատեսիլՇատ հաճախ ծնողները երեխաներին հուշում են, թե որ մասնագիտությունը պետք է ընտրեն նրանք: Իսկ քո հայրիկն ու մայրիկը քեզ այդպիսի խորհուրդներ տալի՞ս են, և որքանով ես լսում նրանց, թե մի քիչ կամակո՞ր ես:

-Ճիշտն ասած՝ ես միշտ ցանկացել եմ բժշկուհի դառնալ, որովհետև մեր ընտանիքում էլ բժիշկներ կային: Բայց հիմա, երբ դպրոցում սկսեցինք անցել Մարդու անատոմիա առարկան, ես հասկացա, որ այն ինձ այդքան էլ չի «ձգում»: Հիմա ինձ պատկերացնում եմ միջազգային հարաբերությունների ոլորտում: Իսկ մայրիկին ու հայրիկին միշտ լսում եմ, բոլորովին կամակոր չեմ:

Նախորդ տարի նույնպես մասնակցության հայտ էիր ներկայացրել Մանկական Եվրատեսիլի նախընտրական փուլին: Հաղթող դարձավ Վլադիմիր Արզումանյանը, սակայն դա չխանգարեց ձեզ լավ ընկերներ մնալ, այնպես չէ՞:

-Այո, նա իմ շատ լավ ընկերն է և հիմա նույնիսկ ինձ խորհուրդներ է տալիս: Ես շատ ուրախ եմ, որ նա հաղթանակը բերեց Հայաստան և շատ ուրախ եմ, որ հենց ինձ է տրվել Հայաստանը ներկայացնելու պատիվը: Բացի այդ այն, որ մրցույթը պետք է տեղի ունենա  Հայաստանում, ինձ շատ ուժ է տալիս:

Դալիթան և նրա ուսուցչուհի Էմմա Ասատրյանը
Դալիթան և նրա ուսուցչուհի Էմմա Ասատրյանը
Ինչպե՞ս որոշեցիր մասնակցել մրցույթին այս տարի և հենց այս երգով:

-Երբ ես իմացա, որ այս տարի մրցույթը տեղի է ունենալու Հայաստանում, որոշեցի ուժերս փորձել ևս մեկ անգամ և մեր բոլոր հայրենակիցներին հրավիրել Հայաստան: Երգի հարցում ինձ օգնել է իմ շատ սիրելի ուսուցչուհի Էմմա Ասատրյանը, գործիքավորումը կատարել է Մարտին Միրզոյանը, երգում հնչող զուռնան նվագել է Վարդան Գրիգորյանը, բեմադրության հեղինակն է Վարդան Բադալյանը:

Ի՞նչ զգացիր, երբ նախընտրական փուլում պարզ դարձավ, որ դու պետք  է ներկայացնես Հայաստանը Մանկական Եվրատեսիլին:

-Շատ ուրախացա, ասես երազ լիներ, չէի հասկանում, թե ինչ է կատարվում շուրջս: Ու այդ ժամանակ ինձ տվեցին բարձրախոսը և ասացին, որ պետք է երգեմ: Շատ անսպասելի էր, բայց կարծես թե կարողացա:

Մենք լսել ենք Մանկական Եվրատեսիլի մասնակցող բոլոր երգերը, համոզված ենք՝ դու էլ, ո՞ր երգերն են քեզ դուր գալիս:

-Բոլորն էլ լավ են, բոլոր մասնակիցներն էլ շատ պատրաստված են: Սակայն եթե լինեի սովորական հեռուստադիտող, երևի կքվեարկեի Ռուսաստանի մասնակցի օգտին: Բայց երբ բոլոր մասնակիցները ժամանեն Հայաստան, ես ամեն ինչ կանեմ, որպեսզի ընկերանանք ու լավ ժամանակ անցկացնենք, և այնպես կանեմ, որ մյուս մասնակիցները միմիայն լավ տպավորություններով հեռանան Հայաստանից: Ես  էլ կփորձեմ իմ խմբի հետ շատ լավ ելույթ ունենալ ու պատվով ներկայացնել Հայաստանը, իսկ եթե հաղթեմ, ապա շատ կուրախանամ:

Դալիթա Մանկական ԵրատեսիլԻսկ ի՞նչ խորհուրդ կտաս երեխաներին, ովքեր քեզ պես մեծ երազանքներ ունեն: Ունես հաջողության  «բաղադրատոմս» կամ էլ նշանաբան, որով առաջնորդվում ես:

-Հավատքով ու աշխատասիրությամբ բոլորն էլ կարող են հասնել իրենց երազանքին: Ես էլ նրանց բոլորին հաջողություն եմ մաղթում իրենց ընտրած ճանապարհին:

Մենք վստահ ենք , որ ողջ Հայաստանը Դեկտեմբերի 2ին և 3-ին քո կողքին է լինելու և քեզ հետ միասին բոլորին «բարի գալուստ» է ասելու Հայաստան: Ունե՞ս որևէ բան ասելու քո երկրպագուների մեծ բանակին:

-Ես նրանց շատ շնորհակալ եմ, նրանք միշտ հետևում են ինձ հետ կապված բոլոր նորություններին և ինձ մեծ ուժ տալիս:

Անահիտ Ալեքսանյան

Mocak.am կայքի խմբագրակազմն էլ հաջողություն ու հաղթանակներ է մաղթում Դալիթային ոչ միայն Մանկական Եվրատեսիլում, այլև շատ այլ մեծ բեմերում: Հայաստանը քեզ հետ է, քո կողքին և կպայքարի հաղթանակի համար:

Մոծակ