ՁՄԵՌ ՊԱՊԻԿԸ ԵՎ ՆՐԱ ԱԶԳԱԿԻՑՆԵՐԸ


39 shares
Սանտա Կլաուս

Գիտե՞ս՝ Ձմեռ պապիկ լինելը բոլորովին էլ հեշտ չէ: Պետք է լինել աշխարհի ամենալավ ու բարի պապիկը և թույլ չտալ, որ որևէ երեխա տխրի Ամանորի գիշերը: Պետք է ճիշտ ժամանակին նվերները հասցնել աշխարհի բոլոր երեխաներին, ու ոչ մի դեպքում չշփոթել դրանք:

Ձմեռ պապիկն ապրում է հեռու-հեռու՜ Ֆինլանդիայում՝ Ռովանիեմի քաղաքից 8 կմ հյուսիս՝ ճիշտ հյուսիսային բևեռի կենտրոնում՝ խորհրդավոր լեռան՝ Կորանտուտուրիի մոտ՝ սքանչելի, հեքիաթային Լապլանդիայում: Ձմեռ պապիկի հետ այստեղ են բնակվում նաև էլֆերն ու եղնիկները, հենց նրանք էլ օգնում են Ձմեռ պապիկին նախապատրաստվել Ամանորին: Իսկ թզուկներն ամեն տարի իրենց արհեստանոցներում նոր նվերներ են պատրաստում երեխաների համար:

Լապլանդիայում են գտնվում նաև Ձմեռ պապիկի գրասենյակն ու գլխավոր փոստը: Ասում են՝ խորհրդավոր լեռն իր ձևով նման է ականջի: Երբ ինչ-ինչ պատճառներով մեր նամակները ուշ են հասնում Ձմեռ պապիկին, այդ լեռն օգնում է նրան աշխարհի բոլոր ծայրերից լսել երեխաների ցանկությունները. չէ՞ որ բոլորն են սպասում Ձմեռ պապիկին, միայն թե տարբեր կերպ են պատկերացնում նրան ու տարբեր անուններով կոչում:

Դեդ Մորոզ

Ռուսաստանում Ձմեռ պապիկին՝ իրենց Ձեդ Մառոզին, պատկերացնում են, խիստ, բայց և շատ բարի պապիկի տեսքով: Նա բարձրահասակ է, երկար-երկար մորուքով: Վերարկուն հասնում է մինչև ոտքերի ծայրը, իսկ ձեռնափայտն ուղիղ է: Ձեդ Մառոզը միշտ գալիս է իր թոռնիկի՝ Ձյունանուշիկի հետ, երեք ձիերին լծված սայլակով:

Հոլանդիայում, Գերմանիայում ու Բելգիայում համոզված են, որ Ձմեռ պապիկը՝ Սինտեր Կլաասը, ճամփորդում է շոգեքարշով կամ նավակով:

Սինտեր Կլաաս

ԱՄՆ-ում և Կանադայում Ձմեռ պապիկին կոչում են Սանտա Կլաուս: Նա չափազանց ուրախ, բարի ու թմբլիկ պապիկ է, հագնում է կարմիր կոստյում, տաբատ ու ճտքավոր կոշիկներ: Քթին փոքրիկ ակնոց կա, ձեռնափայտն էլ կեռիկաձև է: Թռչում է երկնքով՝ եղնիկներին լծված սահնակով, իսկ բնակարաններ մտնում է ծխնելույզով: Նվերները դնում է բուխարու մոտ կախված գուլպաների մեջ, իսկ մեծ նվերները՝ տոնածառի տակ:

Իտալացիները Ձմեռ պապիկին կոչում են Բաբո Նատալե: Նա կաթի ու քաղցրավենիքի սիրահար է, թողնում է իր սահնակը տան կտուրին, ծխնելույզով մտնում է ներս, թողնում նվերներն ու օգտվում հյուրասիրությունից: Նրան ուղեկցում է Վհուկ Բեֆանան՝ իր թռչող ավելի վրա նստած:

Բաբբո Նատալե

Յոլուպուկին Ֆինլանդիայի Ձմեռ պապիկն է: Նա կարծես Սանտա Կլաուսի երկվորյակ եղբայրը լինի: Միայն թե երբեմն իր եղջերուներին այծիկներով է փոխարինում:

Յոլուպուկի

Ավստրալիայի Ձմեռ պապիկն էլ է Սանտա Կլաուսը, պարզպես նա լողազգեստով ու մորթե գլխարկով է գալիս: Ի՜նչ տարօրինակ Ձմեռ պապիկ է:

Սանտա Կլաուս

Ի՜նչ անուններով ասես, որ չեն կոչում Ձմեռ պապիկին: Եվ պատկերացնո՞ւմ եք. նրան հարկավոր են այս բոլոր անուններով անձնագրեր:

Ֆրանսիա Ձմեռ պապիկը մուտք է գործում Պեղ Նոել անունով:

Շվեդիա՝ Կրիսե Կրինգլ,

Նորվեգիա- Նիսսե,

Ռումինիա՝ Մոշ Ջերիլե,

Չինաստան՝ Շան-Դան Լաոժեն

Ճապոնիա՝ Հոտեյոշո,

Ուզբեկստան՝ Կոր Բոբո,

Չիլի՝ Վյեջո Պասկուերո և այլն, և այլն:

Բայց մենք հո լավ գիտենք՝ Ձմեռ պապիկը մեկն է ու անկրկնելի՝ ամենաբարին ու ամենակարողը, և նրա գալուստին այնքա՜ն քիչ մնաց: Մեկ, երկու, երեք, չորս…

Ու՜ֆֆ, երանի Նոր տարին վազել կարողանար…

Անահիտ Ալեքսանյան


Like it? Share with your friends!

39 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։